Մատչելիության հղումներ

Էնթոնի Բլինքենը՝ ԱՄՆ նոր պետքարտուղար


ԱՄՆ - Պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 19-ը հունվարի, 2021թ․

Միացյալ Նահանգների Սենատը հաստատեց Էնթոնի Բլինքենի թեկնածությունը երկրի պետքարտուղարի պաշտոնում։ Նախագահ Ջո Բայդենի երկարամյա խորհրդականը ստանձնում է Դոնալդ Թրամփի չորս տարվա նախագահությունից հետո աշխարհի հետ Ամերիկայի հարաբերությունները վերանայելու և խմբագրելու բարդ առաքելությունը:

Հունվարի 19-ին Սենատում իր թեկնածության հարցով լսումների ընթացքում Բլինքենը հավաստիացրել է՝ Բայդենի վարչակազմը լիովին պատրաստ է հակազդելու բռնապետական երկրների և նոր տեխնոլոգիաների սպառնալիքներին։ «Մենք գործ ունենք մի աշխարհի հետ, որը ոչ թե այնպիսին է, ինչպիսին կար, այլ այնպիսին, ինչպիսին կա՝ ազգայնականության աճ, ժողովրդավարության նահանջ, Չինաստանի, Ռուսաստանի և այլ ավտորիտար պետությունների մրցակցության խորացում, կայուն և բաց միջազգային համակարգին սպառնացող վտանգների խորացում, ինչպես նաև տեխնոլոգիական հեղափոխություն, որը վերափոխում է մեր կյանքի բոլոր ասպեկտները, և հատկապես՝ կիբերտարածությունում», - Սենատում հայտարարում էր Միացյալ Նահանգների դիվանագիտության ապագա ղեկավարը՝ խոստանալով նոր պաշտոնում աշխատել երկրի ազդեցությունն ու հեղինականությունը արտասահմանում ամրապնդելու ուղղությամբ։

58-ամյա Բլինքենը Ջո Բայդենի երկարամյա խորհրդականն է ազգային անվտանգության հարցերով։ Բարաք Օբամայի նախագահության օրոք նա նաև զբաղեցրել է Պետքարտուղարության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Փորձառու դիվանագետը Հարվարդի և Կոլումբիայի համալսարանների շրջանավարտ է, 2014 թվականին առանցքային դերակատարություն է ունեցել Սպիտակ տան արտաքին քաղաքականության, այդ թվում` Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը ամերիկյան արձագանքի հարցում: Նա նաև ակտիվ մասնակցություն է ունեցել «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ուսամա բեն Լադենի, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունների մշակմանը։ Բլինքենը պատասխանատու էր Պակիստանի, Աֆղանստանի, Իրանի միջուկային ծրագրի հարցերով ամերիկյան քաղաքականության համար։

Անցած շաբաթ Սենատում տեղի ունեցած լսումների ընթացքում սենատորները դիվանագետին հարցեր են ուղղել նաև ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Բլինքենը ի պատասխան հավաստիացրել է, որ պետքարտուղարի պաշտոնում նոր լիցք կհաղորդի Ղարաբաղի խնդրի հարատև կարգավորում գտնելու ԱՄՆ ջանքերին, նշելով, որ լուծումը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և բացառի նոր պատերազմի բռնկումը:

Դիվանագետը հայտարարել է նաև, որ Բայդենի վարչակազմը մտադիր է վերանայել Ադրբեջանին հատկացվող ամերիկյան անվտանգային աջակցությունը։

Ղարաբաղյան 44-օրյա արյունալի պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Ջո Բայդենը մի քանի անգամ հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով Թրամփի վարչակազմին Լեռնային Ղարաբաղի հարցում պասիվ քաղաքականության համար և հորդորելով կրակի դադարեցմանն ուղղված գործուն քայլեր ձեռնարկել։ Բայդենը պնդել էր, որ Թրամփը պետք է պահանջի Թուրքիայից հեռու մնալ հակամարտությունից և վերջ տալ վարձկաններ փոխադրելուն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG