Մատչելիության հղումներ

Ռուսաստանում պատրաստվում են վաղվա բողոքի ակցիաներին. աշակերտները ֆլեշ մոբ են անում


Լուսանկարը` սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերից
Լուսանկարը` սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերից

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը գրեթե ամեն օր հայտարարում է, թե Նավալնիի «Պուտինի պալատը» ֆիլմում ներկայացված տեղեկությունը սուտ է, որակով է սարքած, սակայն իրականության հետ որևէ կապ չունի: «Այդ ամենը որևէ կապ չունի Վլադիմիր Պուտինի հետ», - այսօր հերթական անգամ հայտարարել է Դմիտրի Պեսկովը: Մինչդեռ ենթադրաբար Պուտինին պատկանող շքեղ և անճաշակ պալատի մասին պատմող ֆիլմը դիտել է 59 միլիոնից ավելի ռուսաստանցի:

Ռուսաստանում բոլորը` և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունները պատրաստվում են վաղվա օրվան: Հունվարի 23-ին Ռուսաստանում պետք է անցնեն ձերբակալված ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի աջակիցների համառուսաստանյան բողոքի ակցիաները, Մոսկվայում ակցիայի սկիզբը նախատեսված է ցերեկը ժամը 2-ին Պուշկինսկայա հրապարակում։ Ընդ որում, իշխանություն-ընդդիմություն պայքարը տեղափոխվել է TikTok սոցիալական ցանց, որտեղ ամեն երրորդ տեսանյութն այս կամ այն ձևով առնչվում է վաղը կայանալիք բողոքի ցույցերին։

Ուշադրության կենտրոնում ռուսաստանցի դպրոցականներն են: Իշխանությունները կոչ են անում հնարավորինս անել` դպրոցականների մասնակցությունը ցույցերին բացառելու համար` օգտագործելով նույնիսկ ծնողական չաթերը, իսկ դպրոցականներն էլ կազմակերպել են ֆլեշ մոբ: Նրանք իրենց դասարանների պատերից հանում են Վլադիմիր Պուտինի լուսանկարը և փոխարենը տեղադրում Նավալնիի լուսանկարը, տեսագրությունը տեղադրում համացանցում։

Նավալնիի աջակիցներն էլ ասում են, թե երբեք կոչ չեն արել դպրոցականներին մասնակցել բողոքի ակցիաներին։ Վաղը կայանալիք բողոքի ակցիաները արտոնված չեն, իսկ չարտոնված ակցիաներին իրավապահները սովորաբար բիրտ ուժ են կիրառում։

Միևնույն ժամանակ ամերիկյան Bloomberg գործակալությունը պնդում է, որ Կրեմլը ցանկանում է 13,5 տարով ազատազրկել Ալեքսեյ Նավալնիին։

Ընդդիմադիր գործիչն այսօր «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանում է, հունվարի 17-ին Բեռլինից Մոսկվա ժամանելուն պես նրան ձերբակալել են և հաջորդ օրը ոստիկանության շենքում կայացած դատավարությանը դատապարտել 30 օրվա ազատազրկման: Փետրվարի 2-ին նախատեսված է նոր դատավարություն, մեղադրող կողմը պահանջելու է դատապարտել ընդդիմադիր առաջնորդին երեքուկես տարվա իրական ազատազրկման պայմանականի փոխարեն «Իվ Ռոշե»-ի գործով: Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Կրեմլում մտադիր են Նավալնիին դատապարտել ևս մեկ քրեական գործով` ավելացնելով ազատազրկման ժամկետը 10 տարով: Աղբյուրների խոսքով՝ նման կոշտ դիրքորոշումը կապված է իշխանությունների այն կարծիքի հետ, որ քաղաքական գործիչն աշխատում է արևմտյան կառավարությունների աջակցությամբ, ինչն ինքը` Նավալնին հերքում է: Բացի այդ, ինչպես պնդում են Bloomberg-ի աղբյուրները, Կրեմլում հույս ունեն, որ Նավալնիին աջակցող շարժումը կթուլանա, եթե նա հայտնվի ճաղերի հետևում, քանի որ այն «զգալի չափով կապված է ընդդիմադիրի անձի հետ»: Ի վերջո, ավելացնում են աղբյուրները, ռուսական իշխանություններն սկսել են ավելի շատ վախենալ բողոքի ակցիաներից Բելառուսում տեղի ունեցած իրադարձություններից հետո։

Նավալնիի համախոհները, սակայն, վստահ են, որ նրա ձերբակալությունը ընդհակառակը` կդառնա բողոքի ակտիվության կատալիզատոր:

Դեկտեմբերի վերջին քաղաքական գործիչը դարձավ նաև խարդախության մասին քրեական գործի ֆիգուրանտ: Հետաքննությունը ենթադրում է, որ Նավալնին ավելի քան 356 մլն ռուբլի է հափշտակել կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամից:

Արևմուտքն իր հերթին կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին անհապաղ առանց նախապայմանի ազատ թողնել Նավալնիին, Կրեմլն այս կոչերն անտեսում է:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրի հատուկ ծառայություններին հանձնարարել է վերլուծել առկա տեղեկատվությունը ամերիկյան ցանցերի կիբեռհարձակման, նախագահական ընտրությունների միջամտության փորձերի և Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին, որպեսզի պատասխանատվության ենթարկեն Ռուսաստանին դրանք ապացուցելու դեպքում, հինգշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

«Մենք աշխատում ենք Ռուսաստանի հետ ամերիկյան շահերն առաջ մղելու համար, մենք միաժամանակ աշխատում ենք նաև Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու արկածախնդիր և ոչ բարեկամական գործողությունների համար, և այդ նպատակով նախագահը նաև հանձնարարություն կտա հետախուզական ծառայություններին նախապատրաստել Solar Winds ընկերության դեմ կիբեռհարձկման, 2020 թվականի ընտրություններին ռուսական միջամտության, ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի դեմ քիմիական զենքի կիրառման և Աֆղանստանում ամերիկացի զինվորներին սպանելու համար վարձատրություն վճարելու կասկածների ամբողջական վերլուծություն»,- հայտարարել է Փսակին:

Հավելենք, որ հունվարի 25-ին Նավալնիի պատճառով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը կքննարկեն Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարները:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG