Մատչելիության հղումներ

ՌԴ ներքին գործերի փոխնախարարը վարչական պատասխանատվություն է սպառնացել հունվարի 23-ի հանրահավաքներին մասնակցելու կոչ անողներին


Ռուսաստան - Քաղաքացին դիտում է Պուտինի պալատի մասին Նավալնիի հրապարակած ֆիլմը, Մոսկվա, 21-ը հունվարի, 2021թ․
Ռուսաստան - Քաղաքացին դիտում է Պուտինի պալատի մասին Նավալնիի հրապարակած ֆիլմը, Մոսկվա, 21-ը հունվարի, 2021թ․

Ռուսաստանի ներքին գործերի առաջին փոխնախարար Ալեքսանդր Գառավոյը չի բացառել Բելառուսի և Ղրղզստանի իրավիճակի նման ապակայունացման փորձերի հնարավորությունը ՌԴ-ում և վարչական պատասխանատվություն է սպառնացել նրանց, ովքեր կոչ են անում դուրս գալ հունվարի 23-ի հանրահավաքներին, գրում է «Ինտերֆաքսը» և մեջբերում նրա խոսքերը: «Իրադարձությունների վերլուծությունը, այդ թվում` մերձավոր արտասահմանի երկրներում, թույլ է տալիս որոշակի լարվածություն կանխատեսել հասարակական-քաղաքական առումով, այդ թվում` Մոսկվայում, շատ են հայտնվում արտասահմանից հետաքրքրվողներ, քաղաքական կուսակցություններ, քվազի քաղաքական գործիչներ, որոնք իրենց գործունեության ընթացքում փորձում են իրավիճակը ճոճել կարևոր քաղաքական ցիկլի տարում», - ասել է ՆԳ փոխնախարարը:

Նրա խոսքով` Ռուսաստանում այս տարի հնարավոր է` փորձարկվի ապակայունացման բելառուսական և ղրղզական սցենարը: Այս սեպտեմբերին Ռուսաստանում պետք է կայանան խորհրդարանական ընտրություններ:

Իսկ երկրի գլխավոր դատախազությունը պահանջել է արգելափակել հունվարի 23-ի հանրահավաքներին մասնակցելու կոչերով կայքերը։ Այդ օրը, հիշեցնենք, Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները ծրագրում են համառուսաստանյան բողոքի ակցիաներ՝ քաղաքական գործչին կալանքից ազատելու պահանջով։

Ռուսաստանցի անչափահասները, ուսանողները ակտիվորեն քարոզում են ակցիաները ВКонтакте և TikTok սոցիալական ցանցերում: «Ռոսկոմնադզոր»-ը պահանջել է այդ սոցիալական ցանցերից հեռացնել համապատասխան կոչերը։

Մոսկվայի իշխանությունները, մասնավորապես, չեն արտոնել շաբաթ օրը ծրագրված բողոքի ակցիան քաղաքում, Նավալնիի կողմնակիցները, սակայն, ուզում են դուրս գալ փողոց։

Ռուսաստանում ներքաղաքական գործընթացները այսօր ընթանում Նավալնի-Պուտին հակամարտության տրամաբանությամբ։ Իրավիճակը սրվել է հատկապես այն բանից հետո, երբ հունվարի 19-ին Նավալնիի Youtube-ի իր ալիքում հրապարակվեց Պուտինի պալատի մասին սկանդալային ֆիլմը։ Այսօր՝ հրապարակումից երկու օր անց, այն դիտել է արդեն 40 միլիոնից ավելի մարդ, այսինքն՝ ամեն չորրորդ ռուսաստանցին։

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի անցկացրած հետաքննությունը պատմում է Սև ծովի ափին արդեն տասը տարուց ավելի կառուցվող՝ Վլադիմիր Պուտինի աներևակայելի շքեղ ու անճաշակ պալատի մասին, նշելով, թե ռուսաստանցիներից գողացած գումարով երկրի նախագահի ընկերներն իրենց շեֆի համար կառուցել և այսօր էլ շարունակում են վերակառուցել աշխարհի ամենամեծ դղյակը՝ մի ամբողջ քաղաք, որը տասնյակ անգամներ ավելի մեծ է, քան Մոնակոն։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, որ սա սուտ է, և որ Պուտինը նման դղյակ չունի։ Պեսկովը կոչ է արել ռուսաստանցիներին գումարներ չփոխանցել Նավալնիի ղեկավարած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին։

Հիշեցնենք՝ Նավալնին Մոսկվա է վերադարձել հունվարի 17-ին։ Մոսկվա ժամանելուն պես նրան ձերբակալել են «Շերեմետևո» օդանավակայանի անձնագրային կետում։ Հունվարի 18-ին մերձմոսկովյան Խիմկի քաղաքի ոստիկանության շենքում տեղի ունեցած դատավարությանը նրան դատապարտել են 30 օրվա ազատազրկման։ Փետրվարի 2-ին պետք է կայանա նոր դատավարություն Նավալնիի դեմ «Իվ Ռոշե»-ի գործով։ Մեղադրող կողմը պահանջում է է, որ ընդդիմադիր գործչին դատապարտեն իրական ազատազրկման՝ պայմանականի փոխարեն։

2020-ի օգոստոսին Նավալնին թունավորվել էր և անգիտակից վիճակում տեղափոխվել Բեռլին՝ բուժման։ Արևմուտքը հայտարարել էր, թե Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» տիպի արգելված նյարդապարալիտիկ նյութով։ Նավալնին իր թունավորման մեջ մեղադրում է Ռուսաստանի հատուկ ծառայություններին և անձամբ նախագահ Պուտինին։ Արևմուտքը պահանջում է Ռուսաստանի իշխանություններից առանց նախապայմանների անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին, իսկ ՌԴ իշխանություններն արդեն հայտարարել են, որ Նավալնիի ձերբակալությունը Ռուսաստանի ներքին գործն է։

Գերմանական «Շպիգել» ամսագիրը գրում է, որ Եվրախորհրդարանը պահանջելու է դադարեցնել «Հյուսիսային հոսք-2» նախագիծը ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության պատճառով։ Հայտարարության տեքստում, որը հայտնվել է պարբերականի տրամադրության տակ, ասվում է, որ եվրապատգամավորները մտադիր են պատժամիջոցներ պահանջել այն մարդկանց դեմ, որոնք պատասխանատվություն են կրում ընդդիմադիր քաղաքական գործչին ձերբակալելու համար։ Հնարավոր է, որ սառեցվեն նրանց ակտիվները, և արգելվի նրանց մուտքը Եվրամիություն։

Եվրախորհրդարանի բանաձևերը խորհրդատվական բնույթ են կրում և պարտադիր չեն կատարման համար։

Ավելի վաղ, հիշեցնենք, գազատարի շինարարությունը դադարեցվել էր, երբ գազատարի դեմ պատժամիջոցներ էր սահմանել Միացյալ Նահանգները, իսկ արտասահմանյան մի շարք ընկերություններ` խուսափելով ամերիկյան պատժամիջոցներից, հրաժարվել էին շարունակել շինարարական աշխատանքները։

XS
SM
MD
LG