Մատչելիության հղումներ

Ներկայացուցիչների տունը երկրորդ անգամ իմփիչմենթի ենթարկեց Թրամփին


ԱՄՆ - Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ազդարարում է նախագահի իմփիչմենթի հարցով քվեարկության մեկնարկը, Վաշինգտոն, 13-ը հունվարի, 2021թ․

Դոնալդ Թրամփը դարձավ միակ նախագահը Միացյալ Նահանգների պատմության մեջ, ում Ներկայացուցիչների տունը երկրորդ անգամ իմփիչմենթի ենթարկեց։

Երեկ ուշ երեկոյան, ժամեր տևած քննարկումներից հետո ամերիկյան օրենսդիր մարմնի ստորին պալատը քվեների 232 կողմ ՝ այդ թվում 10 հանրապետականներ, 197 դեմ հարաբերակցությամբ իմփիչմենթ հայտնեց երկրի 45-րդ նախագահին՝ նրան առաջադրելով Միացյալ Նահանգների դեմ խռովություն հրահրելու մեղադրանք։ Փաստաթղթում նշվում է, որ երկրի ղեկավարի գործողությունները տեղավորվում են «ծանր հանցագործություններ և արարքներ» սահմանադրական ձևակերպման մեջ։Դոնալդ Թրամփի նախագահության ավարտին մնացել է ընդամենը վեց օր։ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմող դեմոկրատները, ինչպես նաև Թրամփի որոշ կուսակիցներ պահանջում են նրան Սպիտակ տնից հեռացնել հենց հիմա։

Քաղաքական ընդդիմախոսների պնդմամբ՝ Թրամփն իր գործողություններով նպաստել է հունվարի 6-ին Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների ծավալմանը՝ Կոնգրեսի վրա հարձակմանը, որոնց հետևանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում` Կապիտոլիումի շենքը հսկող ոստիկաններից մեկը։ Ամբոխը Կապիտոլիումի բլուր էր ուղևորվել հեռացող նախագահի հրավիրած հանրահավաքից հետո, որի ընթացքում Դոնալդ Թրամփը հերթական անգամ առանց փաստարկներ բերելու հայտարարում էր, թե դեմոկրատները ընտրությունները «գողացել են»՝ իր կողմնակիցներին կոչ անելով գնալ Կոնգրես և քաջալերել Ջո Բայդենի հաղթանակը վիճարկող հանրապետականներին։

«Մենք գիտենք, որ նախագահը խռովության, մեր ընդհանուր երկրի դեմ զինված ապստամբության կոչ է հնչեցրել», - հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, պնդելով՝ նա պետք է հեռանա․ - «Նա ակնհայտ և ուղղակի սպառնալիք է ներկայացնում մեր երկրի համար»։ Դեմոկրատների առաջնորդը նաև հավելել է, որ Թրամփը «պատերազմ է մղում ժողովրդավարության դեմ», և խռովարարներն ու «ներքին ահաբեկիչները», որոնք հարձակվել են Կապիտոլիումի վրա, «ուղարկվել են նախագահի կողմից»։

«Նախագահը պետք է դատապարտվի Սենատի կողմից։ Դա սահմանադրական միջոց է, որը կապահովի մեր հանրապետության պաշտպանությունը այդ անձից, որն այդքան վճռական տրամադրված է քարուքանդ անել այն ամենը, ինչը մեզ համար թանկ է և միավորում է մեզ», - ասել է Փելոսին։

«Մենք քննարկում ենք այս պատմական միջոցը՝ գտնվելով անմիջապես հանցանքի վայրում, և այս քննարկումը չէր լինի, եթե չլիներ Միացյալ Նահանգների նախագահը։ Դա մեր երկրի դեմ լավ կազմակերպված հարձակում էր՝ հրահրված Դոնալդ Թրամփի կողմից։ Կապիտոլիումը ենթարկվել է հարձակման։ Մարդիկ են զոհվել հսկայական մի ստի պատճառով, որն ասում էր այդ նախագահը և բազմաթիվ այլոք դահլիճի այն կողմից։ Նախագահը այս երկրում պետական հեղաշրջման փորձ է հրահրել», - հայտարարել է Մասաչուսթից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ջիմ ՄըքԳովերնը հորդորելով պատասխանատվության ենթարկել Սպիտակ տան ղեկավարին իր գործողությունների համար։

Ինքը` Թրամփը, կտրականապես հերքում է այս մեղադրանքները: Երեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, թե «բոլորը» կարծում են, որ իր ելույթը, որով նա հրահրել է իր կողմնակիցներին, «միանգամայն տեղին էր»։

«Ինչ վերաբերում է այդ կեղծ իմփիչմենթին, ապա դա մեր երկրի պատմության ընթացքում արձանագրված ամենածավալուն և անողոք վհուկների որսի շարունակությունն է», - հայտարարում էր Թրամփը։

Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի ճակատագիրը այժմ Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում է որոշվելու։ Այստեղ Թրամփի կուսակից հանրապետականների առաջնորդ Միթչ ՄըքՔոնելը, ով անցած չորս տարիների ընթացքում նախագահի ամենահավատարիմ քաղաքական հենարանն էր օրենսդիր մարմնում, Կոնգրեսի վրա հարձակումից հետո, ըստ ամերիկյան մամուլի, կտրուկ փոխել է կարծիքը գործող նախագահի մասին և պատրաստ է աջակցել իմփիչմենթի գործընթացին։

Բացի հանրապետականների առաջնորդից Թրամփի անհապաղ հեռացմանը կողմ են արտահայտվել նաև մի խումբ այլ հանրապետական սենատորներ։ Բայց առայժմ հստակ չէ՝ կբավարարի՞ նրանց թիվը անհրաժեշտ երկու երրորդը, որպեսզի Դոնալդ Թրամփը դառնա ամերիկյան պատմության մեջ առաջին նախագահը, ով երկու անգամ իմփիչմենթի է ենթարկվել, ու նաև միակը, ով պաշտոնանկ է արվել իմփիչմենթի միջոցով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG