Մատչելիության հղումներ

Իմփիչմենթը վհուկների որսի շարունակությունն է, պնդում է Թրամփը


ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը Ալամոյում՝ Մեքսիկայի հետ սահմանին կառուցված պաշտպանական պատի մոտ, 12-ը հունվարի, 2021թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգություններից հետո առաջին անգամ հանրային միջոցառման է մասնակցել։ Երեքշաբթի երեկոյան Սպիտակ տան ղեկավարը ժամանել է Տեքսաս։ Թրամփն այցելել է Մեքսիկայի հետ սահմանին կառուցված պաշտպանական պատի հարևանությամբ գտնվող Ալամո քաղաք։ Այցի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահը չի շրջանցել ներքաղաքական թեմաները՝ մասնավորաբար նոր իմփիչմենթի գործընթացը, ինչպես նաև Սահմանադրության 25-րդ լրացման հիման վրա իր վաղաժամ պաշտոնանկության հեռանկարը։

«25-րդ լրացումն ինձ համար զրոյական ռիսկ է պարունակում, սակայն հետագայում այն կարող է բումերանգի պես հարվածել Բայդենին և նրա վարչակազմին։ Ինչ վերաբերում է այդ կեղծ իմփիչմենթին, ապա դա մեր երկրի պատմության ընթացքում արձանագրված ամենածավալուն և անողոք վհուկների որսի շարունակությունն է», - հայտարարում էր Թրամփը։

Նույն ժամերին, երբ Թրամփը Տեքսասում էր, փոխնախագահ Մայք Փենսը հրաժարվեց գործարկել Սահմանադրության 25-րդ լրացումը։

Դեմոկրատ կոնգրեսականների կողմից՝ խռովության հոդվածով նախաձեռնված իմփիչմենթի հարցը Ներկայացուցիչների տանը քվեարկության կդրվի այսօր երեկոյան։

XS
SM
MD
LG