Մատչելիության հղումներ

Թրամփի երկրորդ իմփիչմենթի գործընթացը կարող է մեկնարկել արդեն վաղը


ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում իր աջակիցների հանրահավաքում, Վաշինգտոն, 6-ը հունվարի, 2021թ.
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում իր աջակիցների հանրահավաքում, Վաշինգտոն, 6-ը հունվարի, 2021թ.

Ամերիկյան աղբյուրների պնդմամբ՝ նախագահ Թրամփի դեմ նոր, թվով երկրորդ իմփիչմենթի գործընթաց սկսելու հարցը Ներկայացուցիչների տան անդամները քվեարկության կդնեն արդեն վաղը՝ հունվարի 13-ին։ Այս անգամ Թրամփին Միացյալ Նահանգների դեմ խռովություն հրահրելու մեղադրանք է առաջադրվելու։ Քաղաքական ընդդիմախոսների համոզմամբ՝ Թրամփն իր գործողություններով նպաստել է հունվարի 6-ին Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների ծավալմանը, որոնց հետևանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում` Կապիտոլիումի շենքը հսկող ոստիկաններից մեկը։

Դեմոկրատներն, ի դեպ, հույս ունեին, որ իմփիչմենթի գործընթացի նախաձեռնումից հնարավոր կլինի խուսափել։ Դա տեղի կունենար, եթե փոխնախագահ Մայք Փենսը համաձայներ ընդառաջել կոնգրեսականներին՝ ամերիկյան պատմության մեջ առաջին անգամ կյանքի կոչելով երկրի Սահմանադրության 25-րդ լրացումը։1967 թվականին ընդունված սահմանադրական այդ դրույթի համաձայն՝ Միացյալ Նահանգների փոխնախագահն ու կառավարության անդամները Կոնգրեսի պաշտոնական դիմումի հիման վրա կարող են վաղաժամ դադարեցնել նախագահի լիազորությունները՝ պատճառաբանելով նրա կողմից երկրի ղեկավարի պարտականությունների կատարման անկարողությունը։

Անցած գիշեր, այդուհանդերձ, պարզ դարձավ, որ ոչ փոխնախագահ Փենսը և ոչ էլ Կոնգրեսում ներկայացված հանրապետականները 25-րդ լրացման գործարկմանը կողմ չեն։

Լրացումը գործարկելու բանաձևի՝ շրջանառության մեջ դրվելուց հաշվված րոպեներ անց, Արևմտյան Վիրջինիան ներկայացնող կոնգրեսական Ալեքս Մալոնին հայտարարեց, որ պաշտոնապես ընդդիմանում է այդ նախաձեռնությանը։

Չնայած հանրապետականների դիմադրությանը, ըստ CNN-ի, Ներկայացուցիչների տանն այս հարցը քվեարկության կդրվի այսօր երեկոյան։

25-րդ լրացման գործարկմանը դեմ է փոխնախագահ Մայք Փենսը։ Reuters-ի տեղեկություններով՝ երկուշաբթի օրը Դոնալդ Թրամփն ու Մայք Փենսը առաջին դեմ առ դեմ հանդիպումն են անցկացրել հունվարի 6-ի անկարգություններից հետո, որի ընթացքում պայմանավորվել են շարունակել «բնականոն աշխատանքը»։Ավելի վաղ տեղեկություններ էին ի հատ եկել, որոնց համաձայն՝ Վաշինգտոնում տեղի ունեցած բախումներից հետո Թրամփի և նրա տեղակալի հարաբերությունները սրվել էին։ Բանն այն է, որ Կապիտոլիումի վրա հարձակման պահին Փենսն ու իր ընտանիքի անդամները Կոնգրեսի շենքում էին և այնտեղից շտապ կարգով տարհանվել էին անվտագության ուժերի կողմից։ Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրների տեղեկություններով, սակայն, նախագահ Թրամփը անգամ չէր զանգահարել Փենսին՝ ճշտելու նրա որպիսությունը:

Փենսի հետ հարաբերությունների կարգավորումը այս օրերին Թրամփի համար կարելի է բացառություն համարել։ Նրա թիմի անդամները շարունակում են լքել Սպիտակ տունը՝ չթաքցնելով վերջին իրադարձությունների առիթով իրենց դժգոհությունը։ Երկուշաբթի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ հրաժարական է ներկայացրել ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Չադ Վոլֆը։

Ավելի վաղ բողոքելով Կապիտոլիումի գրավման դեմ հրաժարականի դիմումներ էին ներկայացրել նաև ԱՄՆ տրանսպորտի և կրթության նախարարները։

Այսքանով Թրամփի առջև ծառացած խնդիրները չեն սահմանափակվում։ Դրանք ԱՄՆ 45-րդ նախագահին կարող են հետապնդել նաև Սպիտակ տունը լքելուց հետո, երբ նա, ըստ ամենայնի, կվերադառնա իր բիզնես կայսրության կառավարմանը։ Bloomberg-ի տեղեկություններով՝ գերմանական Deutsche Bank-ը և ամերիկյան Signature բանկը Կոնգրեսի շենքում տեղի ունեցած իրադարձություններից հետո որոշել են խզել բոլոր տեսակի կապերը Թրամփի և նրան պատկանող ընկերությունների հետ։ Signature-ը արդեն իսկ փակել է Թրամփի կողմից բանկում բացված երկու անձնական հաշվեհամարները, որոնց վրա, ըստ Bloomberg-ի, ավելի քան 5 միլիոն դոլար կար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG