Մատչելիության հղումներ

Կապիտոլիումի վրա հարձակման կապակցությամբ առնվազն 25 գործ է հարուցվել ներքին ահաբեկչության հոդվածով


ԱՄՆ - Կոնգրեսի շենք ներխուժած Թրամփի կողմնակիցները, Վաշինգտոն, 6-ը հունվարի, 2021թ․

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների՝ Կապիտոլիումի վրա հարձակման գործի շրջանակում առնվազն 25 քրեական գործ է հարուցվել ներքին ահաբեկչության հոդվածով։ Այս մասին Թվիթերում հայտնել է կոնգրեսական Ջեյսոն Քրոուն՝ վկայակոչելով ԱՄՆ բանակի նախարար Ռայան ՄըքՔարթիի հետ հեռախոսազրույցը։

ՄըքՔարթին, Քրոուի խոսքերով, հաստատել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է երկփող հրաձգային զենք, «Մոլոտովի կոկտեյլներ», ինքնաշենք պայթուցիկ սարքեր և ձեռնաշղթաներ։

Երկրի ամենախիստ հսկողության տակ գտնվող պետական հաստատություններից մեկը՝ Կապիտոլիումի բլրում գտնվող Կոնգրեսի շենքը հարձակման է ենթարկվել հունվարի 6-ին, երբ պաշտոնից հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի ավելի քան 30 հազար կողմնակիցներ հավաքվեցին Վաշինգտոնի կենտրոնում՝ պնդելով, որ նոյեմբերի 3-ի նախագահական ընտրությունները կեղծվել են, և ընտրյալ նախագահ Ջո Բայդենը չի կարող ստանձնել երկրի ղեկավարի պարտականությունները։ Անկարգությունների հետևանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան։

Բախումները տեղի են ունեցել նույն ժամերին, երբ Կոնգրեսը պետք է պաշտոնապես հաստատեր Ընտրիչների կոլեգիայի կողմից Բայդենի ընտրության մասին կազմված արձանագրությունները։

Ընդդիմախոսները Թրամփին են մեղադրում են բռնության և անկարգություններ հրահրելու մեջ, պնդելով, որ հենց նրա գործողություններն են սադրել ամբոխին հարձակվելու Կապիտոլիումի վրա։

Հարցումների համաձայն՝ ամերիկացիների 57 տոկոսը կցանկանային անհապաղ հեռացնել Թրամփին Սպիտակ տնից։ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական մեծամասնությունն այսօր պատրաստվում է քվեարկության դնել մի բանաձև, որը փոխնախագահին կոչ է անում Սահմանադրության 25-րդ լրամշակումից օգտվելով անաշխատունակ ճանաչել նախագահին։

XS
SM
MD
LG