Մատչելիության հղումներ

Երևանը սին և հիմնազուրկ է որակում Բաքվի պնդումները


Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում
Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում

Հայաստանի արտգործնախարարությունը սին և հիմնազուրկ է որակում Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի այցը Արցախ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտում է։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի մտցնում Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում կապերի մասով, պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցերին՝ հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Ամբողջովին սին և հիմնազուրկ են: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի մտցնում Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում կապերի մասով։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն ուղղված էր հրադադար հաստատելուն և Արցախ ռուս խաղաղապահներ տեղակայելուն, չի արձանագրում որևէ համաձայնություն Արցախի կարգավիճակի մասով: Եվ այդ տեսակետից այն բոլոր պնդումները, որ Արցախի կարգավիճակի մասով տեղի են ունեցել փոփոխություններ, իրականությանը չեն համապատասխանում։ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ գործընթացի արդյունքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների, ժողովուրդներին ինքնորոշման իրավունքի հիման վրա», - ասել է ԱԳՆ խոսնակը:

Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հունվարի 5-ից աշխատանքային այցով Արցախում է։ Այվազյանի այցի կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոք է հայտնել՝ այն որակելով սադրանք ու լարվածություն հրահրելու փորձ։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան այցն անօրինական է որակել և հայտարարել, որ այն հակասում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ստորագրած զինադադարի համաձայնագրին։

Հարցին, թե ինչպե՞ս է հայկական կողմը գնահատում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման ընթացքն Ադրբեջանի կողմից, Նաղդալյանը պատասխանել է․ - «Նոյեմբերի 9-ի հայտարարության արդյունքում դադարեցվեցին լայնածավալ ռազմական գործողությունները, և Արցախում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ: Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը խախտել է և շարունակում է խախտել եռակողմ հայտարարության մի շարք առանցքային դրույթներ»:

Հայաստանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակի փոխանցմամբ, եռակողմ հայտարարության առաջին կետի համաձայն կողմերը պետք է կանգ առնեն նոյեմբերի 10-ի դրությամբ իրենց կողմից զբաղեցրած դիրքերում և ավարտեն ռազմական գործողությունները: Մինչդեռ ադրբեջանական կողմը, ըստ խոսնակի, հրադադարի հաստատումից ավելի քան մեկ ամիս հետո ռազմական գործողություններ է իրականացրել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ՝ պատճառելով մարդկային կորուստներ և գերեվարել տեղում գտնվող հայ զինծառայողների: ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է հայտարարության այդ կոպիտ խախտմանը իր դեկտեմբերի 13-ի հայտարարությամբ:

Նաղդալյանը նաև նշել է, որ ադրբեջանական կողմը մինչ օրս ամբողջովին չի կատարում եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակում: Ինչի հետևանքով ազատ չեն արձակվում հայ ռազմագերիներն ու պատանդի կարգավիճակում հայտնված անձինք:

«Ավելին, ադրբեջանական կողմը քրեական գործեր է հարցում հայ ռազմագերիների հանդեպ և ամենաբարձր մակարդակով նրանց ներկայացնում է որպես ահաբեկիչներ՝ փորձելով խոչընդոտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական կատարումը», - ասել է ԱԳն խոսնակը՝ եզրափակելով՝ ադրբեջանական կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումների դադարեցումը անհրաժեշտ է եռակողմ հայտարարության լիարժեք իրականացման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG