Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ուժերը «սադրիչ գործողությունները շարունակել են այսօր». ԱԳՆ-ն դատապարտում է


Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են այսօր Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Վերջինս հիշեցնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում` օգտվելով այն փաստից, որ Արցախի տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ:

Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության՝ մարտական գործողությունների դադարեցման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների այս կոպտագույն խախտումը, ընդգծում, որ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում:

«Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր ավանդական գործելաոճին, տվյալ սադրանքը հրահրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցելության օրերին: Ըստ էության, համանախագահ երկրների ջանքերի դեմ ուղղված այս մարտահրավերն օրերս Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների կողմից հայ ժողովրդին ուղղված ռազմատենչ և անընդունելի հայտարարությունների շարունակությունն է: Նման գործելաոճը ևս մեկ անգամ ի ցույց է դնում թուրք-ադրբեջանական ծավալապաշտական քաղաքականությունը, ինչը շարունակում է խաթարել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը և հղի է ծավալմամբ հարակից տարածաշրջաններ», - հայտարարում է Արտգործնախարարությունը:

Արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտում է, որ պաշտոնական Բաքվի այս գործողություններն առավել հրամայական են դարձնում ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը, այդ թվում՝ Արցախի տարածքների դեօկուպացիան և արցախահայության վերադարձը իրենց բնակության վայրեր:

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ուժի կիրառմամբ իր միջազգային պարտավորությունների խախտման անպատժելիության փաստը և դրա հետևանքները՝ կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին աներկբա, հստակ և հասցեագրված արձագանքել ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտման, էթնիկ զտման և հայկական բնակավայրերի գրավմանն ուղղված այս գործողություններին», - նշում է ԱԳՆ-ն:

XS
SM
MD
LG