Մատչելիության հղումներ

Եվրամիությունն ակնկալում է, որ Մինսկի խումբը կշարունակի գործել և կսկսի բանակցությունները


ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Ջոզեպ Բորելը, 17-ը դեկտեմբերի, 2020թ., Բելգիա

Եվրամիությունն ակնկալում է, որ Մինսկի խումբը կշարունակի գործել և կսկսի բանակցությունները՝ ղարաբաղյան խնդրի տևական կարգավորումը գտնելու համար, երեկ հայտարարեց Միության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Ջոզեպ Բորելը Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից առաջ։ Արա Այվազյանը Բրյուսել էր մեկնել՝ մասնակցելու Եվրամիություն-Հայաստան համագործակցության խորհրդի հերթական նիստին։ «Հանդիպում ենք շատ բարդ՝ կորոնավիորւսի համաճարակի և հետպատերազմյան խնդիրների փուլում»,- հենց սկզբում արձանագրեց Եվրամիութան արտգործնախարարը` տեղեկացնելով՝ քննարկումների օրակարգում ևս հիմնական հարցերը սրանք են լինելու.

«Ռուսաստանի առաջնորդությամբ ձեռք բերված հրադադարը, անշուշտ, կանխել է մարդկային կորուստները, սակայն, անցած շաբաթ, դժբախտաբար, մենք երկու կողմից էլ հաղորդումներ ստացանք հրադադարի խախտման վերաբերյալ։ Զինադադադարի հաստատումը մնում է շտապ հրամայական։ Եթե Եվրամիությունը կարող է հաշտեցնող, վերակառուցող և խաղաղությունն ամրապնդող դեր ստանձնել` աջակցելով Մինսկի խմբի ջանքերին, մենք պատրաստ ենք դրան»։

Բորելը փաստեց, որ սրանք միայն խոսքեր չեն․ Բրյուսելն անցած օրերին արդեն իսկ նմանատիպ քայլ է ձեռնարկել՝ փորձելով եռակողմ հանդիպում կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի ու Եվրամիության արտգործնախարարների միջև։ «Պարզվեց, սակայն, դա հնարավոր չէ»,- երեկ հայտարարեց Եվրամիության արտգործնախարարը` չհստակեցնելով՝ երկու կողմերն են դեմ եղել, թե միայն մեկը, և ինչ հիմնավորմամբ։ Հայաստանի արտգործնախարարը նույնպես այս մասին չխոսեց, բայց օգտագործեց առիթը՝ Բաքվին ևս մեկ անգամ քննադատելու համար.

«Այս պատերազմով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարեց միջազգային իրավունքի նորմերը՝ գործի դնելով իր ուժը Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքի դեմ, միտումնավոր թիրախավորեց քաղաքացիական բնակչությանն ու կենսական նշանակություն ունեցող ենթակառոuցվածքները։ Ադրբեջանը նաև պարբերաբար իրագործեց զազրելի պատերազմական հանցագործություններ, և, տեղահանելով ոչ միայն Արցախի բնիկ ժողովրդին, այլև մեր հարուստ կրոնական ու մշակութային ժառանգությունը, ակնհայտորեն ի ցույց դրեց տարածաշրջանից հայերի հազարամյա ներկայությունը ջնջելու՝ իր ցեղասպանական նկրտումները»։

Ելույթ ունենալով Եվրահանձնաժողովի կենտրոնակայանում՝ Այվազյանը նաև քննադատեց Անկարային, որի նկատմամբ Եվրամիությունում առանց այդ էլ պատժամիջոցներ են քննարկում՝ Կիպրոսի ու Հունաստանի հետ տարաձայնությունների պատճառով։ «Թուրքիան բացահայտ պաշտպանում էր Ադրբեջանի ագրեսիան»,- հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը` հավելելով` այդ քայլերով Բաքուն ու Անկարան ոչ միայն Կովկասի կայունությունն էին սասանում, այլև նախադեպ ստեղծում Եվրամիության անմիջական հարևանությամբ և ցույց տալիս, որ հակամարտությունները կարող են կարգավորվել նաև ռազմական ճանապարհով. «Այս առումով, մենք կուզեինք լսել Եվրամիության մեր գործընկերների կարծիքները Ադրբեջանի վերջին ագրեսիայի և տարածաշրջանային կայունության վրա դրա ազդեցության մասին։ Ադրբեջանի ցինիկ և ագրեսիվ պահվածքն անընդունելի է և պետք է դատապարտվի, քանի որ նրանք կասկածի տակ են դնում հենց Արևելյան գործընկերության հիմնարար արժեքները»։

Դռնփակ հանդիպումից հետո արդեն Եվրամիության արտգործնախարարը հայտարարել է՝ Բրյուսելը պատրաստ է ստանձնել իր դերը ղարաբաղյան հակամարտության տևական կարգավորմանը աջակցելու հարցում։ «Մենք պատրաստ ենք օգտագործել հաշտեցման ու վերականգնման մեր գործիքները»,- ընդգծել է Ջոզեպ Բորելը։ Ավելին, Հայաստանի հետ հարաբերություններին նվիրված զեկույցում Եվրահանձնաժողովը փաստել է․ «Ռազմական գործողությունների դադարեցումը միայն առաջին քայլն է խնդիրը կարգավորելու ուղղությամբ։ Եվրամիությունը համարում է, որ ջանքերը պետք է վերականգնվեն հակամարտության բանակցված, համապարփակ և կայուն լուծումը գտնելու, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար։ Միությունը իր լիակատար աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ այս նպատակին հասնելու հարցում» ։

Զեկույցում Եվրահանձնաժողովը հորդորում է նաև երաշխավորել հնարավոր լավագույն պայմանները՝ Ղարաբաղից ու շրջակա տարածքներից տեղահանված բնակչության կայուն և արժանապատիվ վերադարձի համար, պահպանել ու վերականգնել տարածաշրջանի մշակութային ու կրոնական ժառանգությունը և հետաքննել մեղադրանքները կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։

Արձանագրելով, որ Հայաստանը գտնվում է դժվարին փուլում` Եվրոպական միությունը միաժամանակ ողջունել է այս պայմաննեում բարեփոխումների օրակարգն առաջ տանելու, ժողովրդավարությունն ամրապնդելու, Սահմանադրությունը բարեփոխելու, կոռուպցիայի դեմ պայքարը շարունակելու Հայաստանի հանձնառությունը։ Ի պատասխան` Բրյուսելը հայտարարել է, թե պատրաստ է էլ ավելի մեծացնել ֆինանսական օգնությունը՝ սոցիալ-տնտեսական ոլորտի վերականգնմանն ու ներքին բարեփոխումներին աջակցելու համար։ Հարևանության և ընդարձակման հարցերով Եվրամիության հանձնակատար Օլիվեր Վարհեյլին, մասնավորապես, հայտարարել է, թե Բրյուսելը պատրաստ է հավելյալ տասը միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին՝մարդասիրական խնդիրների լուծման համար։ Ի դեպ, կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո միայն այդ վարակի դեմ պայքարելու համար Միությունը 92 միլիոն եվրո է անհատույց տրամադրել Հայաստանին, որից 35 միլիոն եվրոն ուղղակի փոխանցվել է բյուջե այս տարվա նոյեմբերին։

Բարեփոխումների համար, ընդհանուր հաշվով, Հայաստանը անցած վեց տարում Եվրամիությունից ստացել է ավելի քան 300 միլիոն եվրո։ Ընդ որում, տարեկան կտրվածքով ամենամեծ հատկացումն արվել է 2020-ին՝ այս տարի մասնավորապես, Հայաստանը Բրյուսելից 65 միլիոն եվրոյի աջակցություն է ստացել՝ ժողովդավարության ամրապնդման, դատական համակարգի բարելավման ու կոռուպցիայի դեմ պայքարի համար։

XS
SM
MD
LG