Մատչելիության հղումներ

Այվազյանը և համանախագահները քննարկել են հրադադարին հաջորդած զարգացումները, արցախահայության իրավունքների վերականգնման հարցեր


Լուսանկարը՝ ԱԳՆ լրատվականի

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հաստատված հրադադարին հաջորդած զարգացումները, արցախահայության իրավունքների վերականգնման և պաշտպանության հարցեր էին Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների՝ ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի, Հայաստանում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպման առանցքում։

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է հայկական կողմերի սկզբունքային դիրքորոշումը, որ արցախահայության իրավունքների ու շահերի հասցեագրումը պետք է տեղի ունենա նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ գործընթացի շրջանակներում: Որպես հայկական կողմի առաջնահերթություն՝ Այվազյանն ընդգծել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատումը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը և կրոնական ու մշակութային ժառանգության պահպանումը:

Նախարարը համանախագահների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել է Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները խախտելու վարքագծի վրա: Նախարարի խոսքով՝ վերջինի ակնհայտ դրսևորումն էին նախօրեին արցախա-ադրբեջանական շփման գծում սադրիչ գործողությունները, որոնք իրականացվել են համանախագահների`տարածաշրջան այցելելու օրերին:

Անդրադառնալով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից տարբեր մակարդակներով հնչեցվող հայտարարություններում շարունակաբար արտացոլվող ատելության և հայատյաց խոսքին` Այվազյանը շեշտել է, որ դրանցով ևս մեկ անգամ ապացուցվում է Ադրբեջանի անկարողությունը՝ կառուցողաբար ներգրավվելու խաղաղ գործընթացին և հրաժարվելու ուժի և ուժի սպառնալիքի դիրքերից հանդես գալու քաղաքականությունից:

Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցներին անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման հարցերի շրջանակին:

XS
SM
MD
LG