Մատչելիության հղումներ

Արտահերթ ընտրությունների հարցով խորհրդակցությունները շարունակվում են, փոխանցում է վարչապետի խոսնակը


«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 30 դեկտեմբերի, 2020թ.

2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով խորհրդակցությունները շարունակվում են, «Ազատությանը» փոխանցեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, ով վաղ է համարում երեկ խորհրդարանական ընդդիմության հետ վարչապետի ունեցած հանդիպումներին որևէ գնահատական տալը: «Թերևս մոտ ապագայում հնարավոր կլինի ավելի կոնկրետ զրուցել այս թեմայի շուրջ: Արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ են շարունակվելու քննարկումները», - ասաց նա:

Հարցադրմանը, թե այսինքն` չնայած երեկվա չստացված հանդիպումներին` արտահերթ ընտրությունները շարունակո՞ւմ են մնալ օրակարգում, խոսնակը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, որ երեկվա հանդիպումները չստացված են: Ամեն դեպքում քննարկումը ծավալվել է, շահագրգիռ կողմերը լսել են միմյանց, և այո, քննարկումներն այս փուլում դեռ շարունակվում են»:

Այսօր կառավարությունում վարչապետ Փաշինյանը հանդիպել է «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի հետ։ Հանդիպման ավարտին Բաբաջանյանն ասաց` իր տպավորությամբ վարչապետը հավատարիմ է արտահերթ ընտրություններ անցկացնելու իր հանձառությանը, իսկ իր ղեկավարած ուժն աջակցում է նրան այդ հարցում. «Ինձ համար տարօրինակ է քաղաքական այն ուժերի արձագանքը, ովքեր արտահերթ ընտրություններին դեմ են արտահայտվում և հրաժարական են պահանջում: Ի վերջո, մենք գիտենք, որ արտահերթ ընտրություններն այս ճգնաժամը հանգուցալուծող ամենաարդյունավետ գործիքն են, և չգնալ այդ ճանապարհով նշանակում է նոր ճգնաժամեր առաջացնել: Ցանկացած ընտրություն, այդ թվում նաև «Իմ քայլի» կամ «Քաղաքացիական պայմանագրի» այլ անդամի` վարչապետի պաշտոնում ընտրություն ես խորը համոզում ունեմ, որ չի հանգուցալուծելու քաղաքական ճգնաժամը, հակառակը` կարծում եմ, որ նոր ճգնաժամեր են առաջանալու»:

Գործող վարչախմբի հետ քաղաքական քննարկումներին իր մասնակցությունը բացառում է նախկին իշխող ուժը՝ Հանրապետականը, որն այժմ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» մաս է կազմում։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժն այսօր հայտարարել է, որ պետության վերականգնման անկյունաքարային քայլը գործող կառավարության անհապաղ հեռացումն են համարում։

Երեկ Փաշինյանին չհաջողվեց համաձայնության գալ նաև խորհրդարանական ընդդիմության հետ։ «Բարգավաճ Հայաստանից» Գագիկ Ծառուկյանը և «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանը հանդիպումներից հետո հայտարարեցին, որ մերժել են Փաշինյանի առաջարկը և շարունակում են պնդել՝ նա պետք է հեռանա։

ԲՀԿ-ն ևս «Հայրենիքի փրկության շարժմանն» է միացել, որի վարչապետի թեկնածուն Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն է։ Շարժումը դեմ է Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրություններ անցկացնելուն։ Առաջարկում է` նախ Փաշինյանը հրաժարական տա, հետ խորհրդարանը ընտրի ժամանակավոր վարչապետ, և մեկ տարի անց միայն անցկացվեն արտահերթ ընտրություններ։ Ծառուկյանը երեկ հանդիպումից հետո հայտարարեց իրենց օրակարգը չի փոխվել. «Ինչ որ ես ասել եմ հրապարակային, նույնն ասացի վարչապետին, որ այսօր այս իրավիճակից երկիրը հանելու համար անհրաժեշտ է իր հրաժարականը, միակ ելքը դա է»:

Ընդդիմադիրները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանն արդար ընտրություններ չի անցկացնի։ Բաբաջանյանից հետաքրքրվեցինք՝ ինքը նման մտահոգություններ ունի՞։ «Ճիշտն ասած` այդ մասին խոսեցինք վարչապետի հետ, և վարչապետը վկայաբերեց Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած իր զրույցը, որտեղ Գագիկ Ծառուկյանը կասկածի տակ չի դրել առհասարակ Նիկոլ Փաշինյանի` ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հանձնառությանը և նրա կարողություններին, հետևաբար այլ տեղ պետք է այդ պատճառը փնտրել: Ես ինքս էլ հեռու եմ այն մտքից, որ այս իրավիճակում իշխանությունները կգնան որևէ արկածախնդրության և կփորձեն որևէ կերպ խախտել ընտրությունները և ընտրությունների օրինականությունը»:

Խորհրդարանական մյուս ուժը` «Լուսավոր Հայաստանը» ևս փոխհամաձայնության չի եկել Փաշինյանի հետ, նրանք ևս պահանջում են, որ Փաշինյանը հեռանա վարչապետի պաշտոնից։ «Լուսավոր Հայաստանի» վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է, ով երեկվա հանդիպումից հետո ընդգծեց` խորհրդարանը չի կարող ցրվել, քանի դեռ ընդդիմադիր խմբակցությունները դեմ են դրան. «Ճգնաժամը շարունակվում է: Առանց մեզ` առանց «Լուսավոր Հայաստանի», առանց «Բարգավաճ Հայաստանի» այս խորհրդարանը չի կարող ցրվել: Եթե մենք չեղանք ցրման պրոցեսի մեջ, խորհրդարանը չի ցրվելու: Դա նշանակում է, որ որ վարչապետի հրաժարականի պահին ես կարող եմ առաջադրվել որպես թեկնածու, ընտրվել, և խորհրդարանը չի ցրվի: Հետևաբար այդ համաձայնությունը չկա, և խորհրդարանը չի ցրվի»:

Երեկվա հանդիպումից հետո ո՛չ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ո՛չ էլ վարչապետ Փաշինյանը հարցերի չպատասխանեցին։ Այսօր ևս մեզ չհաջողվեց կապ հաստատել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ` հասկանալու համար` երեկվա հանդիպումներից հետո իշխող ուժի օրակարգում արտահերթ ընտրությունների հարցը շարունակում է մնալ, թե ոչ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG