Մատչելիության հղումներ

Արտահերթ ընտրություններ պետք են, բայց ոչ հիմա. իրավապաշտպանները տարաբնույթ պատճառներ են մատնանշում


Խորհրդարանական ընտրություններ, արխիվ
Խորհրդարանական ընտրություններ, արխիվ

Իրավապաշտպաններից ոմանք համաձայն են վարչապետի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկի հետ, բայց ընդգծում են՝ այն չպետք է լինի հիմա և չպետք է անցկացնի Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը։ Իրավապաշտպաններ Նինա Կարապետյանցն ու Ավետիք Իշխանյանը պնդում են՝ մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն, իսկ հետպատերազմյան այս շրջանում արտահերթ ընտրություններ անցկացնելը ճիշտ չէ։

Ավետիք Իշխանյանն ընդգծում է՝ նման կապիտուլյացիայից հետո երկրի ղեկավարը պետք է հեռանար, իսկ քաղաքական ուժերը համախմբվելով պետք է ձևավորեին ժամանակավոր կառավարություն, թե ով կարող էր ղեկավարել այդ կառավարությունը, իրավապաշտպանը անուն չնշեց։ Ընդդիմադիր 17 ուժերի՝ ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Իշխանյանի քրոջ ամուսինն է, հետևաբար իրավապաշտպանը ձեռնպահ է մնում ընդդիմության առաջարկությունները քննարկելուց. «Ամբողջ ժողովուրդը պետք է դուրս գար` առանց հաշվի առնելու` նախկիններ են, թե ներկաներ են, և վռնդեր այս ղեկավարին: Եվ ավելին ասեմ` եթե ցուցարարների շարքերում չլինեին Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ցանկացած քաղաքական ուժի կողմնակիցներ, ապա հանրությունը կզարմանար` ինչո՞ւ նրանք չկան: Իսկ մեզ մետ լրիվ հակառակն է. իմ ասածը հետևյալն է` անկախ 17 կուսակցություններից, որոնց նկատմամբ ես առանձնապես մեծ համակրանք չունեմ, բայց ես համարում եմ, որ բոլոր, այդ թվում` խորհրդարանական իրենց կուսակցություն համարող քաղաքական-հասարակական գործիչները պետք է դեմ լինեին Նիկոլ Փաշինյանին, նրան հեռացնեին իշխանությունից, նույնիսկ նրա կողմնակիցները, և ընդհանուր մի քանի խորհրդակցությունների արդյունքում ստեղծեին ժամանակավոր կառավարությունը: Իսկ թե ով կլիներ այդ ժամանակ վարչապետը, ես դժվարանում եմ ասել, համենայն դեպս այդ ժամանակավոր կառավարության մեջ երեք ուժեղ դեմքեր պետք է լինեին` վարչապետ, արտաքին գործերի նախարար և պաշտպանության նախարար»:

Վարչապետ Փաշինյանը օրերս խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրեց խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ Այս մասին հայտարարելով ֆեյսբուքյան իր էջում՝ Փաշինյանը գրել էր՝ «պատրաստ է ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը, պատրաստ է նաև ժողովրդի վստահության վերահաստատման դեպքում շարունակել Հայաստանի Հանրապետության առաջնորդությունը»։

Ավետիք Իշխանյանն ասում է՝ Հայաստանին իսկապես պետք են արտահերթ ընտրություններ, բայց ոչ հիմա, այլ՝ միայն իրավիճակի կայունացումից հետո։ Ատելության այս մթնոլորտում ընտրությունները չեմ կարող ասել՝ ինչի կարող են հանգեցնել, իր մտահոգությունն է հայտնում Իշխանյանը։ Ավելին՝ վստահ է, որ Փաշինյանի անցկացրած ընտրությունները կուղեկցվեն ընտրախախտումներով, վարչական ռեսուրսի չարաշահմամբ, իսկ այս իշխանության օրոք ձևավորված Սահմանադրական դատարանի կազմն էլ կդակի ընտրության արդյունքները. «Այս ընտրությունները կլինեն, նորից եմ կրկնում, Հայաստանում ամենաանախադեպ կեղծիքներով լեցուն ընտրություններ: Նիկոլ Փաշինյանն իշխանությանը կառչած, բացարձակապես նա միտք չունի նույնիսկ Հայաստանի կործանման գնով իշխանությունը հանձնել: Ինչպես նախորդ իշխանություններին չէի վստահում ես ազատ, արդար ընտրություններ անցկացնելու համար, այնպես էլ ես բացարձակապես չեմ վստահում այսօրվա վարչապետի ադմինիստրացիային և իրեն անձամբ ազատ, արդար ընտրություններ անցկացնելու համար, որովհետև տեսնելով նրա 2.5 տարվա կառավարումը` ցույց տվեց ամեն ինչ, որ նա իրավական համակարգը դարձրել է իրեն ենթակա, հարձակումները Սահմանադրական դատարանի նկատմամբ և այլն: Եթե նա անցկացրեց եկող տարի ընտրությունները` լինելով վարչապետ, ես հիմիկվանից ասում եմ, համոզված եմ, կարող եմ ստորագրություն, որ Հայաստանի բոլոր ընտրությունների մեջ` սկսած 95 թվականից, սա կլինի ամենախայտառակ ընտրությունը»:

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, որ իրենք հեղափոխությունից հետո՝ 2018-ին, օրինական ընտրություններ են անցկացրել, Իշխանյանը հակադարձում է՝ 2018-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հուշագիր ստորագրած Փաշինյանը թույլ տվեց այդ ուժին գնալ ընտրությունների նրա իսկ մեթոդներով՝ ֆինանսական և վարչական ռեսուրսների կիրառմամբ։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ կարծում է՝ եթե արտահերթ ընտրություններն անցկացնի Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը, ապա նա հնարավորություն չի ունենա կեղծելու արդյունքները մի պարզ պատճառով՝ չունի յուրայիններ հանձնաժողովներում։ Իրավապաշտպանն ընդգծում է՝ վարչապետը արտահերթ ընտրությունների մասին կարող էր խոսել 44-օր ձգված պատերազմից անմիջապես հետո, երբ կրքերը դեռ այսքան լարված չէին։ Իսկ հիմա ընտրությունների ժամանակը չէ. «Այն, որ այս պահին հնարավոր չէ իրականացնել արտահերթ ընտրություններ, դա էլ հասկանալի, որովհետև ա) դա շատ մեծ ծախսեր է, և բ) նման քաոտիկ իրավիճակում, երբ անգամ չես հասկանում, թե որ սահմանն է, որ համայնքը որտեղ է քվեարկելու, հասկանալի է, որ դա ֆիզիկապես ի վիճակի չի լինելու: Բայց միևնույն ժամանակ նման գործողություն, իհարկե, անհրաժեշտ է: Հայաստանում իշխանությունը կարող է փոխվել բացառապես միայն օրինական ճանապարհով, ցանկացած հեղաշրջման փորձ պետք է տապալվի»:

Ըստ Կարապետյանցի` ընտրություններ կարող է կազմակերպեր ժամանակավոր կառավարությունը, բայց ոչ ընդդիմադիրների առաջարկած ձևաչափով. «Իմ պատկերացրած լավագույն լուծումը լինելու էր վերկուսակցական, այսինքն` ոչ մեկ կուսակցության շուրջ հավաքվեին, ոչ համախբվեին կուսակցությունները, որպես ալտերնատիվ տարբերակ առաջարկվեր պրոֆեսիոնալների խումբ»:

«Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, մինչդեռ, չի կիսում Իշխանյանի տեսակետը, թե Փաշինյանը կկեղծի ընտրությունները։ Ասում է՝ պարտությունից հետո ընտրությունները կարևոր են իշխանության քվեն ստուգելու համար։ Վարչապետի ներկայացրած առաջարկը նույնիսկ ուշացած համարելով՝ Բարսեղյանը կարծում է, որ ընտրությունների համար որոշակի նախապայմաններ են անհրաժեշտ՝ փոփոխություններ Ընտրական օրենսգրքում՝ չեղարկելով կայուն մեծամասնությունը, ռեյտինգային համակարգը, նաև դատաիրավական համակարգի բարեփոխումներ, ինչպես նաև կուսակցությունների վեթինգ. «Այդ ինչպե՞ս է եղել, որ տարիների ընթացքում մի կուսակցություն տիրապետել է ահռելի ռեսուրսները, որ բազմապատիկ ավելին է, քան մնացած բոլոր կուսակցությունների ռեսուրսները մեկտեղ վերցրած, բայց ինչպե՞ս եղավ, որ մի կուսակցությունը տիրում է Հայաստանի բոլոր քաղաքներում լավագույն շենքերի` որպես սեփական գրասենյակներ: Ո՞վ պիտի քննի, ո՞վ պիտի վերականգնի արդարությունը նաև այդ մասով: Եթե դատարաններ չունեն, ընտրական հանձնաժողովները լինելու են կամակատարներ, եթե ոստիկանությունն ընտրակաշառքը չի բացահայտելու, չի կանխարգելելու, չի խափանելու, ընտրությունը ո՞րն է»:

Հակադարձելով ընդդիմադիրների պնդումներին, թե մինչև ընտրություններն այլ կառավարություն պիտի ձևավորվի, Բարսեղյանը հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս պետք է նրանք աշխատեն Փաշինյանի քաղաքական ուժը ներկայացնող խորհրդարանի հետ, ինչպե՞ս պետք է իրենց օրենսդրական նախաձեռնությունները քննարկվեն խորհրդարանում. «Խորհրդարանական արտահերթ ընտրությունները թույլ կտան ունենալ հանրության կամքով ձևավորվող խորհրդարան և ըստ այդմ վարչապետ և կառավարություն»:

XS
SM
MD
LG