Մատչելիության հղումներ

ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն մերժել են Փաշինյանի առաջարկը. հանդիպումից հետո էլ պնդում են՝ նա պետք է հեռանա


Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները մերժում են վարչապետ Փաշինյանի առաջարկները և չեն պատրաստվում մասնակցել արտահերթ ընտրություններ անցկացնելու նրա սկսած գործընթացին։

Նիկոլ Փաշինյանն իր նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում հանդիպեց «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին։ Հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը վերահաստատեց՝ ԲՀԿ-ի օրակարգում միայն Փաշինյանի հրաժարականի հարցն է և եթե արտահերթ ընտրություններ, ապա պայմանով, որ Փաշինյանը չլինի վարչապետի պաշտոնում։

«Հանդիպումը երկար չէր կարող տևել, որովհետև իմ դիրքորոշումը, ինչ որ ես ասել եմ հրապարակային, նույնը ասացի վարչապետին, որ այսօր այս իրավիճակից երկիրը հանելու համար անհրաժեշտ է իր հրաժարականը, միակ ելքը դա է։ Խորհրդարանական ընտրությունների հարցը, ասել եմ՝ այդ դեպքում պետք է Դուք չլինեք ժամանակավոր պաշտոնակատար, երբ որ դա ընդունելի կլինի, մնացածի մասին կբանակցենք», - ասաց Ծառուկյանը։

ԲՀԿ-ն «Հայրենիքի փրկության շարժմանն» է միացել, որի վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։ Երեկ էլ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ դեմ են Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրություններ անցկացնելուն։ Շարժումը առաջարկում է, որ Փաշինյանը հրաժարական տա խորհրդարանը ընտրի ժամանակավոր վարչապետ և մեկ տարի անց միայն անցկացվեն արտահերթ ընտրություններ։ Ծառուկյանը պնդում է՝ օրակարգը չի փոխվել։

«Ես իմ տեսակետը, ինչ որ տեսել եմ, ինչ որ զգում եմ, ես դա եմ ասել», - նշեց ԲՀԿ ղեկավարը։


Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պահանջն էլ չփոխվեց վարչապետի հետ հանդիպումից հետո։ Խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ շարունակում են պահանջել Փաշինյանի հրաժարականը։

«Ինքը մնա իր պաշտոնում, և գնանք խորհրդարանական ընտրությունների, ինչին մենք ասել ենք, որ դեմ ենք և հիմա էլ մեր դիրքորոշումը վերահաստատեցինք։ Այսինքն` ես ներկայացրել եմ մեր մոտեցումը, վարչապետը ներկայացրել է իր մոտեցումը», - հանդիպումից հետո ասաց Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ է դեմ Փաշինյանի վարչապետությամբ ընտրություններ անցկացնելուն։ Իրենք առաջարկում են, որ Փաշինյանը հեռանա, Ազգային ժողովն ընտրի նոր վարչապետ և որոշ ժամանակ անց միայն նշանակվեն արտահերթ ընտրություններ։ «Լուսավոր»-ի վարչապետի թեկնածուն էլ Էդմոն Մարուքյանն է։ Թե՛ Փաշինյանը, թե՛ նրա հրաժարականը պահանջող ուժերը պնդել են սեփական օրակարգը, վարչապետը և խորհրդարանական խմբակցությունները փոխհամաձայնության չեն եկել։

«Առանց մեզ` առանց «Լուսավոր Հայաստանի», առանց «Բարգավաճ Հայաստանի», այս խորհրդարանը չի կարող ցրվել: Դա նշանակում է, որ վարչապետի հրաժարականի պահին ես կարող եմ առաջադրվել որպես թեկնածու, ընտրվել, և խորհրդարանը չի ցրվի: Հետևաբար այդ համաձայնությունը չկա, և խորհրդարանը չի ցրվի: Խորհրդարանը չի կարող ցրվել, քանի դեռ մենք և «Բարգավաճ Հայաստանը» դեմ ենք դրան», - նշեց Էդմոն Մարուքյանը, որ ճգնաժամը շարունակվում է:

Վարչապետ Փաշինյանը այսօր հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։

Սահմանադրությամբ արտահերթ ընտրություններ նշանակելու մեխանիզմը հետևյալն է՝ կառավարությունը հրաժարական է տալիս, Ազգային ժողովը երկու անգամ չի ընտրում նոր վարչապետ, որից հետո խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով։

Նիկոլ Փաշինյանը առաջարկում է նաև այլ տարբերակ՝ Սահմանադրությունը փոխել, Ազգային ժողովի ինքնալուծարման, արտահերթ ընտրությունների նշանակման լիազորության հնարավորություն ստեղծել առանց վարչապետի հրաժարականի։ Եթե սա իրագործվի, ապա ընտրությունների ժամանակ Փաշինյանը կշարունակի պաշտոնավարել մինչև նոր վարչապետի ընտրությունը։ Իսկ գործող տարբերակով կշարունակի որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Նրա հրաժարականը պահանջող ուժերը դեմ են երկու տարբերակին էլ և ընտրությունները հնարավոր են համարում առանց Փաշինյանի պաշտոնավարման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG