Մատչելիության հղումներ

«Փաշինյանի առաջարկած գործընթացներն իր քաղաքական կյանքը երկարաձգելու նպատակով են». ընդդիմադիրների արձագանքը


Վարչապետ Փաշինյանը հրաժարական չի տա, բայց պատրաստ է ընդդիմադիր ուժերի հետ քննարկել արտահերթ ընտրություններին հասնելու ճանապարհները։ Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում երեկ Փաշինյանը վերահաստատեց իր այս դիրքորոշումը։

Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք արտահերթ ընտրություններ անցկացնելը նշանակում է նորից տրոհել Հայաստանը։ Նա պետք է հեռանա մինչև ընտրությունները, Փաշինյանին արձագանքում է նրա հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Այս պահին ընտրություններ կամ մի ամիս հետո ընտրություններ, երկու ամսի հետո ընտրություններ, նշանակում է՝ նորից տրոհել Հայաստանը, որովհետև ընտրությունը նշանակում է պայքար, բոլոր կուսակցությունները պետք է սկսեն իրար հետ պայքարել, այս վիճակում իմաստ ունի՞, որ այդ պրոցեսի մեջ մտնենք։ Մինչև ուշքի չգանք, չի կարելի այդպիսի բան անել», - ասաց Վազգեն Մանուկյանը։

Գալիք տարում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին օրեր առաջ հայտարարել էր Փաշինյանն առանց հստակ ժամկետ նշելու։ Սահմանադրությամբ արտահերթ ընտրություններ նշանակելու մեխանիզմը հետևյալն է՝ կառավարությունը հրաժարական է տալիս, Ազգային ժողովը երկու անգամ չի ընտրում նոր վարչապետ, որից հետո խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով։

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է այլ տարբերակ՝ Սահմանադրությունը փոխել, Ազգային ժողովի ինքնալուծարման, արտահերթ ընտրությունների նշանակման լիազորության հնարավորություն ստեղծել առանց վարչապետի հրաժարականի։ Եթե սա իրագործվի, ապա ընտրությունների ժամանակ Փաշինյանը կշարունակի պաշտոնավարել մինչև նոր վարչապետի ընտրությունը։

Փաշինյանի օրոք ընտրությունը կվերածվի կռվի ու արյունահեղության, կարծում է Վազգեն Մանուկյանը։ «Մինչև արտահերթ ընտրությունները, ինքը պետք է գնա, ես չեմ էլ ուզում քննարկել այն տարբերակը, որ ինքը մնում է և արտահերթ ընտրություններ են, ոչ մի եթե-ներ, մինչև ինքը չգնա, ոչ մի ընտրություն Հայաստանում չի լինելու կամ ընտրությունը վերածվելու է Աստված գիտի՝ ինչ ընդհարումների Հայաստանի ներսում, կռիվ է լինելու մինչև վերջ, մի մասը կգնա, մի մասը չի գնա, ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու։ Դա է ուզո՞ւմ», - հայտարարեց նա։

Արտահերթ ընտրությունների վերաբերյալ Փաշինյանի առաջարկները քննարկման ենթակա չեն նաև Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության համար, շարունակում են պնդել՝ Փաշինյանը պետք է հեռանա։ Նրա առաջարկները ոչ մի աղերս չունեն Հայաստանը ծանր դրությունից դուրս բերելու հետ և իր իշխանությունը երկարաձգելու նպատակով են, ասում է ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Ընդամենը իրենց քաղաքական կյանքը երկարաձգելու համար ինչ-որ գործընթացներ են կազմակերպում, որ ժողովրդի աչքին թոզ շպրտեն, ասենք, տեսեք, գործ ենք անում։ Որևէ առնչություն չունի մեր պետության առջև կանգնած խնդիրները լուծելու հետ», - ընդգծեց Սիմոնյանը։

«Լուսավոր Հայաստան»-ն էլ փողոցում պայքարող «Հայրենիքի փրկության շարժման» պես կարծում է, որ պետք է Փաշինյանը հրաժարական տա, խորհրդարանը մեկ տարով նոր վարչապետ ընտրի և մեկ տարի անց երկրում իրավիճակը կայունանալուց հետո անցկացվեն արտահերթ ընտրություններ։ «Լուսավոր»-ի վարչապետի թեկնածուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է։ Տարոն Սիմոնյանն ասում է, եթե Փաշինյանի հետ պատրաստ են քննարկել միայն Հայաստանի անվտանգությանը վերաբերող հարցեր։ Արտահերթ ընտրությունների սցենարները, սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ են և քաղաքական խաղեր, ըստ պատգամավորի։

«Ի՞նչ քննարկման, որ քննարկմանը մասնակցենք, էլի ինքը ուզենա վերարտադրվի, մի՞թե էդքան թանկագին է այդ աթոռը, որ մարդիկ ուզում են դրա վրա կառչած մնան։ Ընտրություն պետք է լինի, այո, բայց դա պետք է լինի նորմալ միջավայրում։ Էս քաղաքացիական անհնազանդությունների, անընդմեջ ցույցերի, ոստիկանության իրենց պարտականությունները սխալ կատարելու պայմաններում ընտրություն ո՞նց եք կազմակերպելու», - հայտարարեց ԼՀԿ պատգամավորը։

Խորհրդարանական ընդդիմությունից «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում էլ են կարծում, որ Փաշինյանը իր իշխանության երկարաձգման ճանապարհների որոնումների մեջ է, և սահմանադրական փոփոխությամբ ընտրությունների գնալը հենց այս նպատակով է, պնդում է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Սա, այո, էդ փրկօղակն էր, որից հիմա ինքը ուզում է ձեռք գցել։ Տեսեք, սա այնպիսի հարց է, որ հիմա կոռեկտ չէ այս լսարանով դրա վերաբերյալ մեր կողմից վերջնական գնահատական հնչեցնելը», - նշեց Պետրոսյանը։

«Հայրենիքի փրկության շարժմանը» միացած ԲՀԿ-ում դեռ չունեն դիրքորոշում. Փաշինյանի հետ կքննարկե՞ն արտահերթ ընտրություններին հասնելու տարբերակները, թե՞ ոչ։ Նույն շարժմանը միացած Հայ հեղափոխական դաշնակցության գործադիր մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը պնդում է՝ իրենց օրակարգում միայն Նիկոլ Փաշինյանի հեռացումն է և շարունակելու են այդ պահանջով պայքարը։ Իսկ եթե չհեռանա ու նշանակի արտահերթ ընտրություններ, չեն մասնակցի։

Սահմանադրական փոփոխություններով Ազգային ժողովի ինքնալուծարման մեխանիզմ ստեղծելը դեռ գաղափար է։ Կյանքի կկոչվի, թե ոչ, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դժվարանում է ասել։

«Կարող եմ ասել, որ տարբեր երկրներում տեղի են ունեցել նման զարգացումներ, երբ խորհրդարանն ինքը սահմանափակել է իր ժամկետային լիազորությունները որպես այդպիսին, բայց քանի դեռ դա ընդամենը գաղափար է, ավելի լուրջ մեկնաբանություն դրա հետ կապված դժվար կլինի անել», - ասաց Վարդանյանը։

Արտահերթ ընտրությունների ուղիների վերաբերյալ քաղաքական ուժերին խորհրդակցությունների հրավիրող վարչապետը կարևորում է, որ այս որոշումը լինի փոխըմբռնման հասնելով, ոչ թե կառավարության կամ խորհրդարանական մեծամասնության միանձնյա որոշմամբ։

XS
SM
MD
LG