Մատչելիության հղումներ

Վարչապետի հրաժարականը պահանջող ուժերի՝ իշխանության զավթման ծրագիրը, Նազարյանի համոզմամբ, անհնար է իրականություն դառնա


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերը հասկանում են, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով չեն կարողանալու դառնալ կառավարող ուժ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը։

Նազարյանի համոզմամբ, այդ ուժերը նման պահանջի միջոցով ընդամենը ձգտում են իրագործել իշխանության զավթման իրենց ծրագիրը, որն, ըստ Նազարյանի, անհնար է, որ իրականություն դառնա։

«Վարչապետի հրաժարականի պահանջը մենք ողջամիտ չենք համարում, անհնար է այդ պահանջն իրականացնել, բայց դրա փոխարեն մենք առաջարկում ենք արտահերթ ընտրություններ։ Արդեն բացատրությունը տվել ենք, թե ինչու են նրանք պահանջում հրաժարական և չեն պահանջում արտահերթ ընտրություններ։ Պատասխանը շատ պարզ է․ քանի որ հասկանում են, որ թափանցիկ, ազատ, արդար ընտրությունների միջոցով չեն կարողանալու դառնալ կառավարող ուժ, և այս հրաժարականի պահանջի միջոցով ընդամենը ձգտում են իրագործել իշխանության զավթման իրենց ծրագիրը, որը անհնար է, որ իրականություն լինի», - ասաց ԱԺ փոխնախագահը։

Վարչապետ Փաշինյանն օրերս խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերինհրավիրեց խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ «Պատրաստ եմ ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը, պատրաստ եմ նաև ժողովրդի վստահության վերահաստատման դեպքում շարունակել Հայաստանի Հանրապետության առաջնորդությունը», - ֆեյսբուքյան իր էջում գրել էր Փաշինյանը։

Թե ինչո՞ւ որոշեցին արտաերթ ընտրությունների շուրջ քննարկումներ հրավիրել, Նազարյանը պարզաբանում է․ - «Որովհետև հասկանում ենք, որ կան քաղաքացիներ, որոնք գուցե այլևս չեն ցանկանում, որ մենք լինենք կառավարող ուժ և միևնույն ժամանակ չեն ցանկանում միանալ այն խմբակին, որ մարդկանց վիրավորում է հրապարակներում։ Կարծում ենք, որ պարտավոր ենք նաև մարդկանց ընտրություն կատարելու հնարավորություն տալ, այդ իսկ պատճառով, մենք սկսում ենք քննարկումներ քաղաքական ուժերի խորհրդարանական և արտախորհրդարանական 2021 թվականին ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ»։

Անդրադառնալով ընտրությունների անցկացման հավանական ժամկետներին, ԱԺ փոխնախագահը նշեց․ - «Այո, վարչապետը չնշեց՝ 2021 թվականին կոնկրետ որ ամսին կլինեն ընտրությունները, բայց ես կարծում եմ, որ հենց այդ քննարկումների ժամանակ քաղաքական ուժերը պետք է գան համաձայնության՝ գտնելու այն ամենահարմար ժամանակաշրջանը, երբ որ լուծված կլինեն հարցերը գերիների հետ կապված՝ բոլոր գերիները վերադարձած կլինեն Հայաստան, անհետ կորածները կհայտնաբերվեն, սահմանների հետ կապված հարցերը կլուծվեն և մարդիկ հնարավորություն կունենան հանդարտ որոշում կայացնել, քաղաքական ուժերը լսելի կլինեն բոլորի համար և քաղաքացին արդեն իր ուժերը և դերը վերգտած քաղաքացու պատասխանատվությամբ որոշում կկայացնի իր և իր երեխայի ապագայի հետ կապված»։

Նշենք, որ 17 ընդդիմադիր ուժերը միավորող «Հայրենիքի փրկության շարժում»-ը կոշտ է արձագանքել Փաշինյանի մտադրությանը։ «Այս տարբերակն անընդունելի է. կա մեկ ճանապարհ՝ հեռացնել դավաճանին, որից հետո հայ ժողովրդին կընձեռնվի ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրություններ անցկացնելու հնարավորություն», - նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին դեմ է նաև ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ը։ «Հայաստանում այսօր զանգվածաբար փող է բաժանվելու, եթե լինեն ընտրություններ, այդ ընտրությունները կեղծվելու են: Հետևաբար, այդ ձևի ընտրությունների կազմակերպմանը մենք դեմ ենք», - հայտարարել է Էդմոն Մարուքյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

XS
SM
MD
LG