Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրներն արձագանքում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ վարչապետի մտադրությանը


2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտադրությանը 17 ընդդիմադիր ուժերը միավորող «Հայրենիքի փրկության շարժում»-ից կոշտ են արձագանքում։ Շարժումը համակարգող ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վերահաստատում է` նախ պետք է վարչապետը հեռանա, այնուհետ էլ ընտրություններ անցկացվեն։ Այդ մասին Սաղաթելյանը Ֆեյսբուքում է գրել։

«Այսօրվա մասին խոսել եմ դեկտեմբերի 5-ին։ Երկրի թիվ մեկ չարիքը, իրավիճակից դուրս գալու համար փորձելու է վարչական ռեսուրսներով կազմակերպել արտահերթ ընտրություններ։ Այս տարբերակն անընդունելի է. կա մեկ ճանապարհ՝ հեռացնել դավաճանին, որից հետո հայ ժողովրդին կընձեռնվի ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրություններ անցկացնելու հնարավորություն», - նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Սաղաթելյանն այսօր հրաժարվեց հավելյալ մեկնաբանություններից։ 17 ուժերից խորհրդարանական ԲՀԿ-ն էլ անարձագանք թողեց մեր հարցերը։ «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող քաղուժերը մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ դեմ են արտահերթին, կողմ՝ անցումային կառավարության ձևավորմանը՝ մեկ տարի ժամկետով։ Փողոցային պայքարի անցած ուժերի վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։

Երեկ վարչապետն իր Ֆեյսբուքի էջում գրել էր՝ ակնհայտ է, որ իր հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը չարժանացավ ժողովրդի աջակցությանը, չնայած այդ ուժերն ունեցել են ժողովրդական աջակցություն գեներացնելու բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ահռելի միջոցներ, ունեցել են հանրահավաքներ և բողոքի ակցիաներ կազմակերպելու լայն հնարավորություններ, նշել էր վարչապետը։

«Ու ոչ ոք չի կարող ասել, թե մենք բիրտ ուժի կիրառմամբ պահել ենք իշխանությունը։ Ընդհակառակը՝ մեզ մեղադրում են անհարկի մեղմության մեջ։ Այս ամենը, սակայն, որևէ կերպ չի փոխում ժողովրդի առաջ կանգնելու և ժողովրդի առաջ պատասխան տալու մեր քաղաքական թիմի ու իմ անձնական հանձնառությունը։ Ես կառչած չեմ վարչապետի աթոռից, բայց և՝ չեմ կարող անփույթ վերաբերմունք ունենալ ժողովրդի կողմից ինձ հանձնված իշխանության, վարչապետի պաշտոնի նկատմամբ», - նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինքը պատրաստ է ժողովրդի վստահության վերահաստատման դեպքում հետագայում էլ շարունակել պաշտոնավարումը, բայց միևնույն ժամանակ նկատել է՝ այդ հարցերի պատասխանը ստանալու միակ տարբերակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։

Իշխանական «Իմ քայլից» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, արձագանքելով ընդդիմադիր 17 կուսակցություններից հնչող հայտարարություններին, ասում է՝ քաղաքական աբսուրդ է, երբ ընդդիմությունը հրաժարվում է քննարկել արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։

«Այն փաստը, որ նրանք հրաժարվում են դա անել, վկայում է այն մասին, ինչի մասին մենք խոսել ենք վերջին մի քանի շաբաթների ընթացքում, որ այդ ուժերը, ինչպես նախկինում՝ իրենց իշխանության տարիներին, ժողովրդին չեն համարել որոշող սուբյեկտ, այնպես էլ հիմա չեն համարում: Եվ շատ լավ հասկանալով, որ իրենք չունեն հանրային աջակցություն, նրանք չեն պահանջում արտահերթ ընտրություններ կամ նույնիսկ չեն ուզում քննարկել արտահերթ ընտրությունների օրակարգը», - նշեց Ռուբինյանը:

Խորհրդարանական մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ իրենք բազմիցս ասել են, որ այս պահին կողմ են անցումային կառավարության ձևավորմանը, որի վարչապետի թեկնածուն հենց ինքը կլինի։ Թե ինչո՞ւ է «Լուսավորը» դեմ արտահերթ ընտրություններին, խմբակցության ղեկավարը ևս մեկ անգամ բացատրում է պատերազմից հետո ստեղծված իրավիճակով, հայտարարում է՝ ժողովուրդը հուսահատ է, պետական ինստիտուտները չեն գործում, իրավապահ մարմիններ գոյություն չունեն։

«Եթե մի հատ սպառնացող մարդ չեն կարողանում բռնել, հետևաբար, ընտրակաշառք բաժանողին էլ չեն կարողանալու բռնել: Հայաստանում այսօր զանգվածաբար փող է բաժանվելու, եթե լինեն ընտրություններ, այդ ընտրությունները կեղծվելու են: Հետևաբար, այդ ձևի ընտրությունների կազմակերպմանը մենք դեմ ենք, մենք դեմ ենք նաև իրանց առաջարկած Ընտրական օրենսգրքով ընտրությունների կազմակերպմանը, էդ 100 տոկոս համամասնական, էդ որ, ով ում ասես կարա փակ ցուցակով բերի խորհրդարան և ունենանք հաջորդ խայտառակ խորհրդարանը, որ այսօր կա, սրանից ավելի խայտառակը», - ասաց Մարուքյանը:

Իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն անլուրջ է համարում ոչ միայն «Լուսավոր Հայաստանից», այլև ընդդիմադիր 17 ուժերից հնչող տեսակետը, թե իշխանությունները չեն կարող պատշաճ ընտրություններ կազմակերպել։

Արտախորհրդարանական Հայ Ազգային կոնգրեսից առայժմ չեն արձագանքում վարչապետի առաջարկին, հարցը չեն քննարկել։ Սակայն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտնել էր, որ իրենք կողմ են վարչապետի հրաժարականին ու արտահերթ ընտրություններին։ Վերջին՝ 2018-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած, սակայն անցողիկ շեմը չհաղթահարած «Քաղաքացու որոշում» կուսակցությունում ևս առայժմ քննարկում չի եղել, սակայն ՔՈ-ի գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանն ասում է՝ ինքը կողմ չէ այս իրավիճակում արտահերթ ընտրությունների անցկացմանը, մինչև իրավիճակը չկայունանա։

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները էս էմոցիոնալ պահին, պարտված վիճակում, զինված մարդկանց, խմբերի պայմաններում, ռացիոնալ ընտրության չի բերելու, և հաջորդ խորհրդարանը չի արտահայտելու ժողովրդական տրամադրությունները: Ժողովրդական տրամադրությունները էլի դրսևորվելու են փողոցում», - ընդգծեց Սահակյանը:

Խորհրդարանի որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանը կողմ է արտահերթին: Նրա գլխավորած «Հանուն Հանրապետության» նորաստեղծ կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել. «Հանուն Հանրապետության» կուսակցությունը մասնակցելու է նախանշված բոլոր քաղաքական քննարկումներին և արտահերթ ընտրություններին։ Մեր նպաստն ենք բերելու համազգային համերաշխության մթնոլորտում պետության վերականգնման բոլոր գործընթացներին, ջանք չենք խնայելու հայոց պետականության ու ինքնիշխանության ամրապնդման սրբազան գործում»։

Վարչապետի հրաժարականի, անցումային կառավարության ու արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին պատերազմից հետո բազմիցս խոսել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։

XS
SM
MD
LG