Մատչելիության հղումներ

Խորհրդարանը չի կարող ցրվել, քանի դեռ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն դեմ են դրան, շեշտում է Մարուքյանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հանդիպեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։ Վերջինս լրագրողների հետ զրույցում պնդեց, որ իրենց օրակարգը շարունակում է մնալ ուժի մեջ, իրենք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

ԼՀԿ-ի վարչապետի թեկնածուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է։ «Ինքը մնա իր պաշտոնում, և գնանք խորհրդարանական ընտրությունների, ինչին մենք ասել ենք, որ դեմ ենք և հիմա էլ մեր դիրքորոշումը վերահաստատեցինք։ Այսինքն` ես ներկայացրել եմ մեր մոտեցումը, վարչապետը ներկայացրել է իր մոտեցումը», - հանդիպումից հետո ասաց Մարուքյանը` հավելելով, որ ճգնաժամը շարունակվում է:

Խմբակցության ղեկավարը նշեց, որ այս խորհրդարանը չի կարող ցրվել, քանի դեռ «այդ ցրման պրոցեսում» իրենք և ԲՀԿ-ն չկան. «Առանց մեզ` առանց «Լուսավոր Հայաստանի», առանց «Բարգավաճ Հայաստանի» այս խորհրդարանը չի կարող ցրվել: Դա նշանակում է, որ վարչապետի հրաժարականի պահին ես կարող եմ առաջադրվել որպես թեկնածու, ընտրվել, և խորհրդարանը չի ցրվի: Հետևաբար այդ համաձայնությունը չկա, և խորհրդարանը չի ցրվի: Խորհրդարանը չի կարող ցրվել, քանի դեռ մենք և «Բարգավաճ Հայաստանը» դեմ ենք դրան»:

Հիշեցնենք, որ այսօր հանդիպում է կայացել նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG