Մատչելիության հղումներ

Քրիսմասն ու Ամանորը՝ խիստ կարանտինի պայմաններում


Ամերիկացի առաջատար համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին ստանում է կորոնավիրուսի դեմ Moderna ընկերության արտադրած պատվաստանյութը
Ամերիկացի առաջատար համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին ստանում է կորոնավիրուսի դեմ Moderna ընկերության արտադրած պատվաստանյութը

Մոլորակի կառավարությունները կոշտ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի տարածումը զսպելու համար:

Այսօրվանից արևմտյան քրիստոնեական աշխարհը տոնում է Սուրբ Ծնունդը՝ Քրիսմասը, հրապարակներում զարդարված տոնածառներ են, խանութների մուտքերի մոտ ժպտացող Սանտա Կլաուսների մեծ մանեկեններն են, միշտ այդպես է եղել, բայց տարօրինակ, ճնշող մթնոլորտ է:

Առևտրի և ժամանցի կենտրոնները, ռեստորանները կիրակի օրվանից փակվում են, տոնական եռուզեռի փոխարեն կլինի պարետային ժամ, փողոցներում ու հրապարակներում հերթապահություն են իրականացնելու ոստիկանները: Իշխանությունները բնակիչներին հորդորում են նվազագույնի հասցնել այցելությունները և ընտանեկան հավաքները ոչ միայն Քրիսմասի, այլև Ամանորի ժամանակ:

Վիրուսը տարածվում է, Բրիտանիայում էլ հայտնաբերել են դրա փոփոխված տեսակը, մեկն էլ ի հայտ է եկել Հարավային Աֆրիկայում:

Ըստ գիտնականների, մուտանտ-վիրուսները կարող են Covid-19-ի համեմատությամբ շատ ավելի վտանգավոր լինել ոչ միայն տարածվելու արագության, այլև մահացության առումով: Եվրոպայում հարյուր միլիոնավոր մարդիկ են հայտնվել լոքդաունի պայմաններում:

Չեխիայում անցած օրում գրանցվել է կորոնավիրուսի 14 հազար 54 նոր դեպք, սա ամենաբարձր ցուցանիշն է նոյեմբերի սկզբից: Ընդհանուր հաշվով այդ երկրում վարակվել է ավելի քան 660 հազար 400 մարդ, մահացել է ավելի քան 10 հազար 770 հիվանդ:

Դեկտեմբերի 27-ից սկսած բաց կլինեն միայն պարենի խանութները, դեղատները և կենսական նշանակության ծառայությունները, բուժհիմնարկները գործելու են խիստ գրաֆիկով, շտապօգնությունն, իհարկե, կաշխատի, կիրականացվեն անհետաձգելի վիրահատությունները, մնացած գործողությունները միառժամանակ կհետաձգվեն:

Պացիենտներին և ազգականներին տեսակցելու համար այցերը հիվանդանոցներ և ծերանոցներ միառժամանակ կարգելվեն: Երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտյան 5-ը պարետային ժամ է:

Դեկտեմբերի 27-ից տանը և դրսում կարող է միասին հավաքվել մինչև վեց մարդ, այս պահին տանը կարող է հավաքվել տասը մարդ, իսկ դրսում՝ հիսուն: Մետրոն կաշխատի մինչև երեկոյան 10:15-ը:

Ամենուր մարդիկ պարտավոր են դիմակ կրել, բացառություն է արվում միայն մանկապարտեզների և հատուկ նշանակության դպրոցների համար: Մարդիկ նաև պարտավոր են պահպանել երկու մետր սոցիալական հեռավորություն: Կրթօջախներում արձակուրդները երկարաձգվել են:

Վարակի տարածման և արգելքների առումով մոտավորապես նմանօրինակ իրավիճակ է նաև եվրոպական մնացած երկրներում: Մի քանի պետություններ կայացրել են պարզ ու կոշտ որոշում` հայտարարելով, որ Բրիտանիայից ժամանող ուղևորը պետք է կորոնավիրուսի ստուգման ենթարկվի և միայն բացասական պատասխանի դեպքում կստանա պետական սահմանն անցնելու թույլտվություն:

Սակայն մուտանտ-վիրուսի հետագա տարածումն առավել քան հավանական է, քանի որ այն հայտնաբրվել է ևս մի քանի երկրներում:

Ամերիկայի առաջատար համաճարակաբան դոկտոր Էնթոնի Ֆաուչիի համոզմամբ, Բրիտանիայում գրանցված կորոնավիրուսի փոփոխված տարբերակն, ամենայն հավանականությամբ, արդեն կա Միացյալ Նահանգներում:

Մինչդեռ, աշխարհում սկսվել է պատվաստումների լայնածավալ արշավը: Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, ինչպեսև Եվրամիության տարածքում բնակիչներին տրամադրում են Pfizer-BioNTech ամերիկա-գերմանական ընկերությունների ստեղծած պատվաստանյութը:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 76 միլիոն 250 հազարը, մահացածների թիվը մոտենում է մեկ միլիոն 670 հազարին:

Ողբերգական վիճակագրությամբ առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակվել է մոտ 17 միլիոն մարդ, և մահացել է ավելի քան 322 հազար մարդ:

Այնուամենայնիվ գիտնականները հավատում են, որ պատվաստանյութերն արմատական փոփոխություն կապահովեն: Pfizer-BioNTech-ից զատ, կան նաև այլ տեսակի վակցինաներ՝ AstraZeneca-ն, Moderna-ն, չինական Sinovac-ը, ռուսական «Սպուտնիկը», և դեղագործական այլ ընկերություններ տասնյակ միլիոնավոր դոզաներ են առաքում:

Արդեն արտադրվող կամ առաջիկայում արտադրվելիք վակցինաները թույլ կտան 2021 թվականին խոսել կորոնավիրուսի դեմ պայքարում համաշխարհային հաղթանակի հնարավորության մասին:

XS
SM
MD
LG