Մատչելիության հղումներ

ԵՄ-ն հավանություն է տալու ամերիկա-գերմանական պատվաստանյութին


Pfizer/BioNTech պատվաստանյութով սրվակը, Քովենթրի, Մեծ Բրիտանիա, 8 դեկտեմբերի, 2020թ.

Եվրամիության կառույցներից մեկը՝ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունն այսօր պետք է ժողով գումարի և կարծիք հայտնի Եվրամիության տարածքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կիրառելու վերաբերյալ:

Եվրամիությունն ընտրել է ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների համատեղ ջանքերով ստեղծված պատվաստանյութը, որն արդեն սկսում են կիրառել Ամերիկայի Միացայալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում:

Եվրոպական օրենսդրության համաձայն, Դեղամիջոցների եվրոպական գործակալությունն ապակենտրոն հաստատություն է և իր տեսակետն է հայտնում, սակայն վերջնական պաշտոնական վճիռը կայացնում է Եվրամիության գործադիր մարմինը՝ Եվրոպական հանձնաժողովը:

Ենթադրվում է, որ թե՛ գործակալությունը և թե՛ հանձնաժողովը հավանություն կտան Pfizer-ի և BioNTech-ի համատեղ արտադրանքին:

Գերմանիան արդեն հայտնել է, որ հենց որոշումը մտնի ուժի մեջ, երկրում անմիջապես կմեկնարկի պատվաստման զանգվածային արշավը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեռ Լայենն ասել է, միության տարածքում պատվաստանյութը կսկսեն տրամադել մինչև տարեվերջ:

Եվրոպական երկրներում մշակել են հատուկ կարգ, ըստ որի, պատվաստանյութը կստանան նախ բուժհիմնարկների աշխատողներն, ապա առավել խոցելի համարվող խումբը՝ ծերանոցներում ապրողները:

Հետագայում դեղը կստանան խոցելի այլ խմբերը, մասնավորապես, թոշակառուներն ու տարեցները, հետո ոստիկանները, հրշեջները, արտակարգ ծառայությունների և կրթօջախների աշխատակիցները, իշխանության տարբեր աստիճանի պաշտոնյաները, բանակը:

Երիտասարդներին և երեխաներին հերթը կհասնի ամենավերջում, քանի որ նրանք, որպես կանոն, շատ հեշտ են տանում վարակը:

Եվրամիության երկրներն այս ընացքում կլինեն մշտական կապի մեջ և տեղեկություններ կփոխանակեն պատվաստումների մասին:

Եվրոպայում այս շրջանում գրանցվել է կորոնավիրուսի տարածման կտրուկ աճ: Միության տարածքում նորից խստացնում են կարանտինը:

Առողջապահական կառույցները բնակիչներին կոչ են անում առավել զգոն լինել հատկապես տոների ընթացքում և հնարավորինս սահմանափակել շփումները:

Բացի այդ, բժիշկները զօրուգիշեր հորդորում են հետևել վարակից պաշտպանվելու կանոններին` նշելով դրանցից գլխավոր երեքը՝ պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակները և ախտահանել ձեռքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG