Մատչելիության հղումներ

Կրեմլը անհիմն է համարում Ռուսաստանին իր դաշնակից Հայաստանին դավաճանելու մեջ մեղադրանքը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արխիվ

Կրեմլը համարում է, որ Հայաստանին դավաճանելու մեջ Ռուսաստանի հասցեին հնչող կշտամբանքները բոլորովին անհիմն են։

«Ղարաբաղում տեղի ունեցան շատ դրամատիկ փոփոխություններ։ Հայաստանը ստիպված է թողնել տարածքներ, որ տասնամյակներ շարունակ իր տարածքներն էր համարում, և Հայաստանն այդպես էր համարում նաև այն պատճառով, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն էր։ Ռուսաստանն այս պատերազմում էական աջակցություն Հայաստանին չէր ցուցաբերում և հայերից շատերի կարծիքով` դավաճանել է իր դաշնակից Հայաստանին։ Ի՞նչ են կարծում Կրեմլում այս կապակցությամբ»: Նման հարց է տվել այսօր “Russia today”-ի մեկնաբանը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարին։

Դմիտրի Պեսկովն էլ պատասխանել է, որ Ռուսաստանին իր դաշնակից Հայաստանին դավաճանելու մեջ մեղադրելը անհիմն է. «Ռուսաստանի նկատմամբ կշտամբանքները բացարձակապես անհիմն են։ Ռուսաստանը չի մոռանում ՀԱՊԿ-ի գծով իր պարտականությունների մասին: Եվ որևէ մեկի կողմից դաշնակցի տարածքում, Հայաստանի տարածքում հարձակման դեպքում Ռուսաստանը, բնականաբար, ամեն ինչ կանի իր դաշնակցին պաշտպանելու համար: Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահը։ Այդ պատճառով ցանկացած կշտամբանք անհիմն է և անարդար»։

Պեսովն այս հարցազրույցում նաև շեշտել է, որ Ռուսաստանն իրավունք չուներ զորքեր մտցնել Լեռնային Ղարաբաղի տարածք. «Մենք իրավունք ենք ստացել խաղաղապահներ մտցնել միայն այն բանից հետո, երբ դրան համաձայնություն են տվել հակամարտող կողմերը։ Միջազգային օրենքներն արգելում էին Մոսկվային պարզապես զորքեր մտցնել Լեռնային Ղարաբաղ»։

Պեսկովը նաև ասել է, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր համապատասխան բանաձևերին։ Ամեն դեպքում այս համաձայնագրից հետո էլ Մոսկվան, Պեսկովի պնդմամբ, և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համարում է բարեկամներ։

Ի դեպ, այս հարցազրույցում Կրեմլի խոսնակն ասում է, որ ռազմական գործողությունները սկսել է Բաքուն Անկարայի աջակցությամբ։ Իսկ Պեսկովի կողմից հիշատակվող միջազգային բազմաթիվ փաստաթղթերում, այդ թվում նաև նրանցում, որի տակ կան Ռուսաստանի երկու նախագահների ստորագրությունները, ներառյալ Պուտինի, նշված է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը, եթե չասենք հիմնական սկզբունքը, խնդիրը դիվանագիտական ճանապարհով կարգավորելն էր։

Պաշտոնական Մոսկվան այս մի քանի օրում արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ եթե կողմերն ընդունեին ԵԱՀԿ Մինսկի խմբի, առաջին հերթին Ռուսաստանի խնդրի կարգավորման վերաբերյալ առաջարկած բանաձևերը, հնարավոր կլիներ փրկել հազարավոր կյանքեր։

«Այդ բանաձևերը գոյություն են ունեցել, դրանք հայտնի են միջազգային բանակցային գործընթացի մասնակիցներին, բայց, ցավոք, նրանք չեն աշխատել այս կամ այն պատճառով: Եթե դրանք իրագործվեին նույնիսկ երկու տարի առաջ, ապա հավանաբար այդ արյունալի պատերազմը չէր լինի, և հազարավոր երիտասարդ հայեր ու ադրբեջանցիներ չէին զոհվի»:

Հիշեցնենք` պաշտոնական Մոսկվան ղարաբաղյան պատերազմի ընթացքում պարբերաբար հայտարարում էր ռազմական գործողություններին արդբեջանական կողմում ահաբեկիչների մասնակցության հետ կապված իր մտահոգությունների մասին: Այսօր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ այդ ահաբեկիչներն այսօր էլ այնտեղ են՝ Ղարաբաղում։

«Գրոհայինները, որոնց տեղափոխել էին Լեռնային Ղարաբաղ, չեն անհետացել: Ելնում ենք նրանից, որ այդ հարցը կլուծվի, ինչի համար պետք է ջանքեր գործադրեն բոլոր այն կողմերը, որոնք շահագրգռված են խաղաղությամբ այս տարածաշրջանում», - այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան:

Ռուսաստանցի փորձագետները շեշտում են, որ նոյեմբերի 10-ին կնքված փաստաթուղթը սոսկ հրադադարի մասին հայտարություն է, և ղարաբաղյան կարգավորման համաձայնագրի շուրջ աշխատանքներն, ըստ էության, նոր են սկսվելու, և Մոսկվան ստիպված կլինի այդ աշխատանքները համակարգել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրների՝ Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ։

Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Հայաստանում ընդդիմությունը շահարկում է ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի թեման, սակայն Մոսկվան վստահ է, որ այդ համաձայնագրի ամբողջականությունը կպահպանվի, և Հայաստանի իշխանությունները կկատարեն համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG