Մատչելիության հղումներ

Գաղթի ճանապարհ. մինչև կիրակի հայկական Քարվաճառը պետք է հանձնվի Ադրբեջանին


Քարվաճառի ճանապարհը գաղթի ճանապարհի է նման․ բազմաթիվ բեռնատարներ են՝ բեռնված քարվաճառցիների գույքով։

«Բարի գալուստ Արցախ» ցուցանակին փարված արցախցիներ կան՝ եկել են հայրենիքին հրաժեշտ տալու։

Քարվաճառի շրջանը16 գյուղ ունի՝ 3 հազար 500 բնակիչ։ Բոլոր գյուղերում տները դատարկվում են, մարդիկ նույնիսկ տանիքներն են պոկում։

«Բա ի՞նչ անենք, գոնե մի բան տանենք, մի տեղ դոմիկ սարքենք, ապրենք, բա ի՞նչ անենք։ Սկզբից մինչև վերջ մենք ենք կառուցել, որ մարդավարի ապրենք։ 5 երեխա ունեմ՝ 5 ուսանող ունեմ, ուսման վարձ են ուզում՝ 700 հազար ամեն մեկին։ Դե արի տուր, քրտինքով ապրող մարդիկ ենք, անասուն ենք պահում, տարածքում մոտ 100 անասուն կա, սաղ տրաքացրել են», - «Ազատության» հետ զրույցում պատմեցին Քարվաճառի շրջանի նոր Խարխափուտ գյուղից Ղազարյանների ընտանիքի անդամները։

«Օգնեցինք հորեղբորս, որ սարքենք էս տունը, որ բնակվեն, իր համար դժվար ա, 5 երեխա ունի, բոլորն էլ ուսանող։ Մոտ մի տասը գլուխ անասուն ունենք, որոնցից ոչ մի հատն էլ չենք կարողացել հավաքել՝ հուշտ են եղած, գժված են էս կրակոցներից։ Հիմա ինչը կարանք տեղափոխենք՝ դուռ ա, պատուհան ա, անկողին ա, ունեցվածքը թեթև տանենք, որ մի տեղ հարմարացնենք ապրեն, մինչև տեսնենք՝ ի՞նչ է լինում էս մեր իրավիճակը։ Տղեն էլ առաջնագծի ծառայող ա, հիմա ծառայության մեջ ա», - ասաց Ղազարյաններին տեղափոխման հարցում օգնության եկած հարազատներից մեկը։

Նոր Վերին Շեն գյուղից Անահիտ Մեհրաբյանի ամուսինը վառարանի մոտ՝ գետնին քնած էր, ողջ գիշեր բեռներ է տեղափոխել։ 20 տարի առաջ նոր կյանք էին սկսել Նոր Վերին Շենում։

«48 ընտանիք ա, ամենամեծ գյուղը մերն ա եղել։ Ամեն ինչ կար, մարդիկ հարմարված ապրում էին։ Փուռ դրեցինք, խանութ դրեցինք, մի տարի չմնաց։ Էսօր իրիկուն, եթե մեքենան գա, գնում ենք արդեն, վերջ, ծանոթների տունը մնանք, մինչև տենանք՝ ո՞նց կլինի, չգիտեմ, շատ դժվար ա», - ասաց Անահիտ Մեհրաբյանը։

Մկրտիչ Հովհաննիսյանը Հայաստան տատին ու Զոհրաբ պապին երկու ժամ առաջ էր ճանապարհել։ Պատերազմի բոլոր օրերին Քարվաճառից չէին հեռացել, սպասում էին ավարտվի, ավարտվեց՝ գնացին։

«Գնացին տխուր՝ լացելով։ Ամեն ինչ ուզում էին հետները տանել, որովհետև իրենց ստեղծածն էր էս տարիների ընթացքում։ 25 տարի ապրել են էստեղ։ Վերջին վեշերն են, հավաքում ենք, դուրս գանք։ Խաղողն էլ չենք քաղել, էլ ի՞նչ քաղենք, էնքան բան ենք թողել, որ խաղողն էլ մարդու աչքին չի գալիս», - նշեց Մկրտիչ Հովհաննիսյանը։

Քնարավանի դպրոցում 70 աշակերտ էր սովորում, հիմա դպրոցի տանիքը քանդում են, դեռ չգիտեն, թե ինչ են անելու։

Քարվաճառի շրջանը 93-ի ապրիլին է ազատագրվել, հետո վերաբնակեցման ծրագրերով գյուղում տներն են ավելացել։ Մարդիկ այժմ չգիտեն ավելի քան 20 տարվա ստեղծածն ինչպես դուրս բերեն։

«Մեկ ա մենք Քելբաջար հանձնելու բան չունենք», - ասաց բնակիչներից մեկը։

Մայրուղու վրա կովեր են, հոտեր, որ հովիվները քշում են դեպի Վարդենիս։ «Շատ են, բեռնատարներով չենք կարող տանել, քշելով ենք տանում», - ասաց հովիվներից մեկը։

Ժամանակ շատ չկա, մինչև կիրակի հայկական Քարվաճառը պետք է հանձնվի Ադրբեջանին։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG