Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է, փաստաբանի պնդմամբ՝ ապօրինի


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 22-ը հոկտեմբերի, 2020թ.
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 22-ը հոկտեմբերի, 2020թ.

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ ձերբակալվել է` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու կասկածանքով, Ֆեյսբուքում գրել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը:

Ըստ Սարգսյանի, Ծառուկյանի ձերբակալությունն ակնհայտ ապօրինի է: «ԱԱԾ [Ազգային անվտանգության ծառայության] աշխատակիցները ծանուցագիր են բերել, որով Գագիկ Ծառուկյանին կես ժամ հետո՝ ժամը 12։40-ին, որպես վկա հրավիրել են ԱԱԾ։ Այսինքն՝ նախատեսված հանրահավաքից 20 րոպե առաջ։ Գագիկ Ծառուկյանը ժամը 12։40-ին պատշաճ կերպով ներկայացել է ԱԱԾ, որտեղ մինչև ժամը 14։20-ը նրա մասնակցությամբ բացարձակապես որևէ քննչական և դատավարական գործողություն չի կատարվել։ Ժամը 14։20-ին ապօրինի կերպով ենթարկվել է անձնական խուզարկության, որից հետո որպես վկա հարցաքննվել է, որպիսի գործողությունները տևել են մոտ 30 րոպե։ Դրանից հետո նրա մասնակցությամբ մոտ 9 ժամ բացարձակապես որևէ գործողություն չի կատարվել և նա անհիմն կերպով գտնվել է ԱԱԾ-ում, քանի որ իրավապահները չէին կարողանում նրան ձերբակալելու որևէ հիմք գտնել», - գրում է փաստաբանը: Դրանից հետո որոշում է կայացվել ձերբակալել Ծառռուկյանին:

Երեմ Սարգսյանը պնդում է, որ Քրեական օրենսգրքի հոդվածը, որի սահմանած հանցանքում կասկածվում իր պաշտպանյալը, ոչ մեծ ծանրության հանցագործություն է և որպես պատիժ է նախատեսում 200-300 հազար դրամի չափով տուգանք կամ 15 օրից 2 ամիս ժամկետով կալանք, և որ այդ հանցագործության մեղադրանքով Գագիկ Ծառուկյանն օրենքով սահմանված կարգով չի կարող նույնիսկ կալանավորվել, քանի որ դրա համար որպես պատիժ նույնիսկ ազատազրկում նախատեսված չէ, ինչը կալանավորման համար պարտադիր պայման է։

Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը ձերբակալման դեմ բողոք է ներկայացրել դատարան, ինչպես նաև դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին։

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG