Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է, փաստաբանի պնդմամբ՝ ապօրինի


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 22-ը հոկտեմբերի, 2020թ.

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ ձերբակալվել է` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու կասկածանքով, Ֆեյսբուքում գրել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը:

Ըստ Սարգսյանի, Ծառուկյանի ձերբակալությունն ակնհայտ ապօրինի է: «ԱԱԾ [Ազգային անվտանգության ծառայության] աշխատակիցները ծանուցագիր են բերել, որով Գագիկ Ծառուկյանին կես ժամ հետո՝ ժամը 12։40-ին, որպես վկա հրավիրել են ԱԱԾ։ Այսինքն՝ նախատեսված հանրահավաքից 20 րոպե առաջ։ Գագիկ Ծառուկյանը ժամը 12։40-ին պատշաճ կերպով ներկայացել է ԱԱԾ, որտեղ մինչև ժամը 14։20-ը նրա մասնակցությամբ բացարձակապես որևէ քննչական և դատավարական գործողություն չի կատարվել։ Ժամը 14։20-ին ապօրինի կերպով ենթարկվել է անձնական խուզարկության, որից հետո որպես վկա հարցաքննվել է, որպիսի գործողությունները տևել են մոտ 30 րոպե։ Դրանից հետո նրա մասնակցությամբ մոտ 9 ժամ բացարձակապես որևէ գործողություն չի կատարվել և նա անհիմն կերպով գտնվել է ԱԱԾ-ում, քանի որ իրավապահները չէին կարողանում նրան ձերբակալելու որևէ հիմք գտնել», - գրում է փաստաբանը: Դրանից հետո որոշում է կայացվել ձերբակալել Ծառռուկյանին:

Երեմ Սարգսյանը պնդում է, որ Քրեական օրենսգրքի հոդվածը, որի սահմանած հանցանքում կասկածվում իր պաշտպանյալը, ոչ մեծ ծանրության հանցագործություն է և որպես պատիժ է նախատեսում 200-300 հազար դրամի չափով տուգանք կամ 15 օրից 2 ամիս ժամկետով կալանք, և որ այդ հանցագործության մեղադրանքով Գագիկ Ծառուկյանն օրենքով սահմանված կարգով չի կարող նույնիսկ կալանավորվել, քանի որ դրա համար որպես պատիժ նույնիսկ ազատազրկում նախատեսված չէ, ինչը կալանավորման համար պարտադիր պայման է։

Փաստաբանը փոխանցում է՝ որպես ձերբակալման հիմք քննիչը նշել է այն, որ Գագիկ Ծառուկյանը բռնվել է հանցանք կատարելուց անմիջապես հետո, ձերբակալման նպատակն էլ այն է, որ հանցանք կատարելուց հետո նրա փախուստը կանխվի:

Ամիսներ առաջ գլխավոր դատախազի առաջարկով խորհրդարանը զրկեց ընդդիմադիր խմբակցության առաջնորդին պատգամավորական անձեռնմխելիությունից այլ քրեական գործի շրջանակում: Ծառուկյանն այդ գործով մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք տալը կազմակերպելու համար: Նա մեղադրանքը չի ընդունում և այն որակում է որպես քաղաքական հետապնդում:

Փաստաբան Երեմ Սարգսյանը երեկվա ձերբակալության առնչությամբ պնդում է, որ Գագիկ Ծառուկյանն օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից, ուստի նա չէր կարող առանց Ազգային ժողովի համաձայնության զրկվել ազատությունից, բացառությամբ, եթե բռնվել է հենց հանցանք կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո։ «Գագիկ Ծառուկյանը ծանուցագիրը ստանալուց անմիջապես հետո վկայի կարգավիճակով ինքնակամ ներկայացել է ԱԱԾ, մոտ 11 ժամը սպասել է, որ ՀՔԾ քննիչը ներկայանա և իր մասնակցությամբ քննչական գործողություն կատարի։ Իսկ նույն քննիչը ներկայանալով պնդում է, թե իբրև Գագիկ Ծառուկյանը բռնվել է հանցանք կատարելուց անմիջապես հետո , ուստի իրավունք ունի ձերբակալել նրան։ Եվ դա այն դեպքում, որ քննիչին խնդրեցինք պարզաբանել, թե ըստ նրա որ ժամին է Գագիկ Ծառուկյանը կատարել այդ ենթադրյալ հանցագործությունը, որտեղ են նրան բռնել, որ նշում են, թե իբրև բռնվել է հանցանք կատարելուց անմիջապես հետո, մի՞թե Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում գտնված այդ 11 ժամերի ընթացքում է այդ հանցագործությունը կատարել», - գրում է փաստաբանը։

Ըստ Սարգսյանի, Հատուկ քննչական ծառայության քննիչը չի կարողացել պարզաբանել, թե որ ժամին է կատարվել այդ ենթադրյալ հանցագործությունը, նաև այն, թե ինչու է գտնում, որ ինքնակամ ներկայացած և 11 ժամ իրեն սպասած Գագիկ Ծառուկյանը կարող է դիմել փախուստի։

Փաստաբանի պնդմամբ՝ այս հոդվածով Ծառուկյանին չեն կարող կալանավորել, դրա համար անհրաժեշտ կլինի գլխավոր դատախազի միջնորդությունը ԱԺ-ին՝ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: Եվ որպեսզի Ծառուկյանը մնա անազատության մեջ, իրավապահները որոշել են ձերբակալելով մեկուսացնել նրան:

Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը ձերբակալման դեմ բողոք է ներկայացրել դատարան, ինչպես նաև դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին։

XS
SM
MD
LG