Մատչելիության հղումներ

Շարունակվում է վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքը


Ազգային ժողովի մոտ շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը:

Այսօր խորհրդարան մտան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները մտան խորհրդարանի շենք՝ սկսելու արտահերթ նիստ գումարելու գործընթաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը քննարկելու համար:

Դրանից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էր հայտարարություն տարածել, որ նախաձեռնում են ստորագրահավաք՝ արտահերթ նիստ հրավիրելու համար: ԼՀԿ-ն հայտարարել էր, որ իրենց օրակարգում լինելու է ստեղծված իրավիճակից ելքերը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված հայտարարության իրավաչափությունն Արցախի հրադադարի հետ կապված:

Հանրահավաքը սկսվել է կեսօրից, սկզբում ցուցարարները հավաքվել էին Ազատության հրապարակում, ավելի ուշ երթով շարժվեցին կառավարության շենք, այնտեղ վարչապետի հրաժարականի իրենց պահանջը հնչեցրին, որից հետո երթով շարժվեցին Բաղրամյան պողոտա:

Փողոցը մի քանի ժամ է՝ փակ է, այնտեղ ոստիկանական մեծ ուժեր են կուտակված:

17 կուսակցությունները, որոնք հրավիրել են հանրահավաք և ստեղծված իրավիճակից ելք են առաջացնում ներկայացրին այն քայլերը, որով նրանք պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հանձնի իշխանությունը: Այսպես, քայլ առաջին` Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հրաժարական է տալիս, երկրորդ` ձևավորվում է հայրենիքի փրկության կոմիտե, երրորդ` Հայաստանը բանակցությունների սեղանին ներկայանում է նոր ազգային դեմքով, չորրորդ` «քայլ առ քայլ կառուցում ենք հզոր հայրենիք»:

Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել է, որ այս ցույցերն ամենօրյա են լինելու և շարունակվելու են այնքան ժամանակ մինչև վարչապետը հրաժարական տա:

Ցուցի սկզբում Ազատության հրապարակում ոստիկանները փորձեցին բերման ենթարկել քաղաքացիներին, որոնց թվում էին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, բայց ավելի ուշ նրանք ազատ են արձակվել և միացել ցույցին:

17 կուսակցությունների թվում են Հանրապետական, ՀՅԴ, ԲՀԿ և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունները:

Այսօր Ազգային անվտանգության ծառայություն են հրավիրվել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև Արթուր Վանեցյանը: ԱԱԾ-ն հրավեր էր ուղարկել նաև Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանին, ավելի ուշ հայտարարություն տարածեցին, որ Հայաստանի երրորդ նախագահի հրավերը հետաձգվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG