Մատչելիության հղումներ

Հրետակոծվել են Ստեփանակերտ, Շուշի և Մարտունի քաղաքները, նախնական տվյալներով տուժածներ չկան, հայտնում է ԼՂ ԱԻՊԾ-ն


Գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն, ադրբեջանական զինված ուժերն առանձնակի ակտիվություն են դրսևորել արևելյան, հարավ-արևելյան ու հարավային ուղղություններում:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) հաղորդմամբ՝ Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։ Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է «Գրադ» կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։ Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։ Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Խոշոր ավերածություններ չեն գրանցվել։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։

Հակառակորդի գրոհային խմբերի կողմից ձեռնարկված բազմակի գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից կասեցվել են, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Առավոտը 1-2 ուղղությամբ փորձել են հարձակում իրականացնել, երկու տեղերում էլ կորուստներ կրելով հետ են շպրտվել: Շուշիի հարակից անտառների, բնակավայրերի ու ճանապարհների, կապուղիների ուղղությամբ հակադիվերսիոն գործողությունները շարունակվում են այս պահին», - ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց` Ստեփանակերտում իրավիճակը գիշերը և առավոտյան համեմատաբար հանգիստ էր. «Շուշիի ուղղությամբ են կրակել, Ստեփանակերտի ուղղությամբ ամեն դեպքում լուրջ բաներ չի եղել, ես եղել եմ Ստեփանակերտում, պայթյուններ լսել եմ, բայց լուրջ բաներ չեն եղել»:

Արցախի պաշտպանության բանակի փոխանցմամբ՝ ժամը 10:30-ի սահմաններում, արևելյան հատվածում ադրբեջանական ուժերը զրահապատ մեքենաներով հարձակման փորձ են կատարել, բայց հայկական կողմն այն կասեցրել է, արդյունքում հակառակորդը մարտի դաշտում թողել է 1 վնասված զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա, իսկ մեծ քանակությամբ կենդանի ուժ հետ է շպրտվել:

Ժամը 12։00-ի սահմաններում էլ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտարարեց՝ կրկին կրակի տակ են խաղաղ բնակավայրերը, մասնավորապես հրետակոծում են Բերձոր և Շուշի քաղաքները՝ հարակից բնակավայրերով։ Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները դեռ ճշտվում են։

Ի դեպ, այսօր Շուշիում է եղել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նա i8 ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանդիպել է քաղաքի պաշտպանների հետ, «տեղում քննարկել ադրբեջանական բազմաքանակ ուժերի դեմ պայքարի ռազմավարությունը»:

«Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը», - գրել է Հարությունյանը։

Արցախի նախագահի հետ Շուշիում է եղել նաև Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, լուսանկարներում երևում է նաև Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որին Արայիկ Հարությունյանը հատուկ շնորհակալություն է հայտնել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին հայտարարում, թե հայկական զինված ուժերն առավոտյան պարբերաբար գնդակոծել են Գորանբոյի և Թարթառի շրջանների խաղաղ բնակավայրերը։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում հերքեց այս լուրերը՝ համարելով, որ դրանք հերթապահ հայտարարություններ են:

«Հերթապահ հայտարարություններ, որ առավոտը զարթնում ենք, եթե ժամը 9:30, 10-ին Ադրբեջանը նման հայտարարություն չի տալիս, մի քիչ տխրում ենք», - ասաց Հովհաննիսյանը:

XS
SM
MD
LG