Մատչելիության հղումներ

Ադրբեջանական զինուժը շարունակում է հարձակման փորձերը, դրանք կասեցվում են, հաղորդում է Արցախի ՊՆ-ը


Արցախի ՊԲ զինծառայողները մարտական դիրքում, հոկտեմբեր, 2020թ.

Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Ադրբեջանական ուժերը առանձնակի ակտիվություն են դրսևորել արևելյան, հարավ-արևելյան ու հարավային ուղղություններում, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը: «Հակառակորդի գրոհային խմբերի կողմից ձեռնարկված բազմակի գրոհները Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կասեցվել են: Թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ», - ասված է հաղորդագրությունում:

«Հակառակորդը երկու գրոհային խմբերի կազմով հարձակման փորձ է ձեռնարկել նաև հյուսիսային հատվածում, որոնք ժամանակին հավաստանշվել և ոչնչացվել են բանակային ստորաբաժանումների կողմից: Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակել են մնալ թշնամական ուժերի հրթիռահրետանային կրակի թիրախային գոտում:

Ներկա պահին թշնամական ուժերի հարձակման փորձերը նշված ուղղություններում շարունակվում են», - հաղորդում է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկվում են Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից:

XS
SM
MD
LG