Մատչելիության հղումներ

Մոսկվան համարում է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը ռուս-ամերիկյան մրցակցության հարթակ չի կարող լինել


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ

Պաշտոնական Մոսկվան համարում է, որ ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացը չպետք է և չի կարող լինել ռուս-ամերիկյան քաղաքական մրցակցության հարթակ: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը: Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որը կօգնի դադարեցնել պատերազմը:

«Այժմ մենք շարունակում ենք ուշադիր հետևել հակամարտող կողմերի շփման գծում տիրող իրավիճակին։ Կարծում ենք, որ չի կարող լինել հակամարտության այլ կարգավորում, քան խաղաղ կարգավորումն է»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:

Այսօր ավելի ուշ ղարաբաղյան պատերազմը և խաղաղությանը հասնելուն ուղղված միջազգային հանրության ջանքերը քննարկել են Ռուսաստանի և Հունաստանի արտգործնախարարները։ Հունաստանի արտգործնախարարը, հիշեցնենք, վերջերս այցելել էր Երևան և այսօր նաև իր այցի մասին է պատմել Ռուսաստանի արտգործնախարարին։

Աթենք մեկնելուց առաջ Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել Աթենքի և մակեդոնական նորությունների գործակալությանը, որում պատասխանել է նաև ղարաբաղյան պատերազմին առնչվող հարցերին, մասնավորապես հայտարարել է, թե Մոսկվան դեմ է Լեռնային Ղարաբաղում ռազմական լուծմանը և կոչ է անում բոլոր արտաքին խաղացողներին ձեռնպահ մնալ ռազմական սցենարներից:

«Չենք թաքցնում, որ չենք պաշտպանում այդ խնդրի ռազմական լուծման հնարավորության և թույլատրելիության մասին դիրքորոշումը: Դիտարկելով երկու ժողովուրդներին` և հայ, և ադրբեջանցի, որպես բարեկամական և եղբայրական, չենք կարող կիսել նման ձգտումները», - նշել է նա:

Սերգեյ Լավրովը հիշեցրել է, որ բացառապես քաղաքական կարգավորման օգտին հստակ արտահայտվել են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները: «Կոչ ենք անում բոլոր արտաքին խաղացողներին անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտան ռազմական սցենարի հետագա տարածումը, սառեցնեն կողմերի հույզերը, ակտիվացնեն խաղաղ գործընթացի վերագործարկման համար պայմանների ստեղծման աշխատանքը», - ամփոփել է Լավրովը` հիշեցնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի մասնակցությամբ պայմանավորվել են հրադադարի և բանակցային գործընթացի վերսկսման մասին. - «Համոզում ենք թուրք գործընկերներին իրենց ազդեցությունն օգտագործել ի շահ նման գծի աջակցության», - հարցազրույցում շեշտել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Ռուսաստանցի մեկնաբաններն ու փորձագետները գրում են, որ նույնիսկ պաշտոնական Մոսկվան արդեն խոստովանում է, որ Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի վրա ավելի մեծ է, քան Ռուսաստանի ազդեցությունը, իսկ սա նշանակում է, որ Հարավային Կովկասը դարձել է ռուս-թուրքական լուրջ մրցակցության ևս մեկ հարթակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG