Մատչելիության հղումներ

Անկարայի միջամտությունը ևս մեկ կոնֆլիկտում շատ մտահոգիչ է, շեշտում է Հունաստանի ԱԳ նախարարը


Հունաստանի (ձախիս) և Հայաստանի (աջից) արտաքին գործերի նախարարները հանդես են գալիս համատեղ ասուլիսով

Անկարայի միջամտությունը ևս մեկ հակամարտությունում շատ մտահոգիչ է, այսօր Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսին անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին` հայտարարեց Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը։ Նա շեշտեց, որ Հունաստանն իր ձայնն արդեն իսկ բարձրացրել է արցախա-ադրբեջանական կոնֆլիկտի առնչությամբ և առաջինն էր, որ դիմել է Եվրամիությանը՝ այդ խնդրին արտաքին միջամտությունը բացառելու, ինչպես նաև կողմերին բանակցությունների տանելու կոչով։

«Մեզ շատ մտահոգում են կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտումները: Հրադադարը պետք է խստիվ հարգվի: Մենք համարում ենք, որ տևական լուծումներին կարելի է հասնել միայն դիվանագիտական միջոցներով՝ վերադառնալով բանակցությունների սեղանին Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, միջազգային իրավունքի կուռ հիմքերի վրա: Մենք շատ լուրջ անվտանգության մարտահրավերների ենք բախվում մեր անմիջական հարևանությունում, բայց փորձում ենք գտնել դիվանագիտական լուծումներ՝ հանուն տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարեկեցության: Երկու դեպքում էլ կարևոր է, որ միջազգային հանրությունը հստակ տարբերակում մտցնի նրանց միջև, ովքեր յուղ են լցնում կրակի վրա, և նրանց միջև, ովքեր որդեգրում են կառուցողական մոտեցում և մնում են վեճերի լուծման խաղաղ տարբերակին հավատարիմ։ Բացարձակապես հստակ է, որ պետք է վերջ դրվի օտար միջամտությանը: Անկարայի միջամտությունը ևս մեկ կոնֆլիկտում շատ մտահոգիչ է: Այն առաջ է բերել լուրջ մտահոգություններ միջազգային ասպարեզում», - ասել է Նիկոս Դենդիասը։

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն հայտնեց իր հույն գործընկերոջն այս կարևոր ժամանակահատվածում Հայաստան այցելելու և հայ ժողովրդին իր համերաշխությունը հայտնելու համար։ Շեշտեց՝ արցախցիները կանգնած են գոյութենական սպառնալիքի առջև, իսկ Ադրբեջանը բացահայտորեն հրաժարվում է հոկտեմբերի 10-ին ստորագրված հումանիտար հրադադարի համաձայնագրից: Որպես փաստարկ Մնացականյանը ներկայացրեց Արցախի ու Հայաստանի որոշ տարածքների նկատմամբ Ադրբեջանի հարձակումները, հրետակոծություններն ու խաղաղ բնակչության նկատմամբ անմարդկային վերաբերմունքը։

«Մեր տարածաշրջանները` Արևելյան Միջերկրականը և Հարավային Կովկասը, ներկայումս բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը: Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հրահրողը և դրա իրականացման գործում ուղիղ ներգրավվածություն ունեցողը հենց Թուրքիան է և ոչ միայն իր ռազմական մասնակցությամբ, այլև վերջինիս ծառայության ներքո գտնվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ:

Չնայած հոկտեմբերի 10-ին ընդունված նախարարական հայտարարությանը կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման վերաբերյալ` Ադրբեջանը շարունակել է մարտական գործողությունները` հարված հասցնելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ռազմական օբյեկտին: Իսկ երեկ կրկին հրետակոծման է ենթարկվել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Այս ամենով Ադրբեջանը բացահայտորեն ի ցույց է դնում, որ ոչ միայն հրաժարվում է իրականացնել արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ հրահրմամբ ձգտում է ընդլայնել, խորացնել ղարաբաղյան համակարտության աշխարհագրությունը` արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Թեև հասկանալի է, որ ադրբեջանական կողմի այս գործողությունների որոշումների հետևում կանգնած է Թուրքիան, սակայն այդ գործողությունների անդառնալի ռազմաքաղաքական հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ղեկավարությունը», - նշել է Մնացականյանը:

Այսօր առավոտյան Հունաստանի արտգործնախարարն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Օրվա վերջում նախարար Դենդիասի ղեկավարած պատվիրակությանն ընդունել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վարչապետը և Հունաստանի արտգործնախարարն անդրադարձել են Թուրքիայի ապակայունացնող ծավալապաշտական քաղաքականությանը, որը դրսևորվում է տարբեր տարածաշրջաններում: Այս հանդիպումների ընթացքում Հունաստանի արտգործնախարարը որևէ կերպ չի անդրադարձել այն հարցին, թե Հունաստանի օրակարգում կա արդյոք Արցախի անկախության ճանաչման հարցը։

Մինչդեռ ասուլիսի ընթացքում նախարար Մնացականյանն արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիր համարեց հենց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը:

Նկատենք, դեռ հոկտեմբերի 7-ին Հունաստանը հետ էր կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով։ Պաշտոնական Աթենքը նման քայլի է դիմել «Ադրբեջանի կառավարությունից հնչող անհիմն և վիրավորական հայտարարությունների պատճառով», այսօր ևս մեկ անգամ վերահաստատեց նախարար Դենդիասը։

Հույն-թուրքական հարաբերությունները ժամանակ առ ժամանակ սրվում են, վերջերս լարվածության առիթ էին դարձել Միջերկրականի արևելյան հատվածում անցկացված զորավարժությունները։ Անկարայի և Աթենքի միջև հիմնական վեճերը Կրետե կղզու և Կիպրոսի միջև ընկած ծովային տարածքների պատկանելության շուրջ են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG