Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերն ուժեղանում են Ռուսաստանի ազդեցության թուլացման հաշվին, ընդգծում է թուրքագետը


Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերն ուժեղանում են Ռուսաստանի ազդեցության թուլացման հաշվին:

Թուրքագետը Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

Ռուբեն Սաֆրաստյան. - Շատ ճիշտ նկատեցիք, որ Թուրքիան արդեն իսկ Հարավային Կովկասում իր ոտքը դրել է և գնալով ավելի կուժեղացնի իր դիրքերը: Եվ, ըստ էության, այդ դիրքերի ուժեղացումը, այսինքն՝ Թուրքիայի դիրքերի ուժեղացումը, տեղի կունենա և տեղի է ունենում ռուսական ազդեցության հաշվին՝ ռուսական ազդեցությունը թուլանում է, Թուրքիայինը ուժեղանում է: Եվ մենք ականատես ենք, որ ժամանակակից Ռուսաստանը, որը ենթարկվում է բավական մեծ ճնշումների միջազգային թատերաբեմում, չի կարողանում, իմ ընկալմամբ, համարժեք պատասխան տալ Թուրքիայի այս նկրտումներին: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը մեծ դժվարությունների առջև կկանգնի մոտակա ապագայում, եթե գոնե հիմա ինչ-որ ավելի կտրուկ քայլերի չդիմի:

Այնպես որ, Թուրքիան՝ էրդողանյան Թուրքիան, մանավանդ՝ էրդողանյան Թուրքիան 16 թվականի հուլիսից հետո, երբ նրան հաջողվեց ճնշել ռազմական հեղաշրջման փորձը, դարձել է մի պետություն, որը, ես միշտ դա ընդգծում եմ, դուրս է գալիս իր սովորական շրջանակներից, նա վարում է այնպիսի քաղաքականություն, որը չի համապատասխանում ո՛չ նրա տնտեսական հզորությանը, ո՛չ ռազմական հզորությանը, ո՛չ հեղինակությանը միջազգային թատերաբեմում, բայց վարում է ագրեսիվ քաղաքականություն, հնարավորության դեպքում, եթե նույնիսկ հնարավորություններ չկան, ինքն է ստեղծում հնարավորություններ և փորձում է ամեն ուղղությամբ ընդլայնել իր ազդեցության ոլորտը, և ոչ միայն ազդեցության ոլորտը, այլ նաև ուղղակի տեղակայել զինվորական, ռազմական ուժ, ինչպես հիմա մենք ականատես ենք լինում Հարավային Կովկասում:

Եվ Հարավային Կովկասի առանձնահատկությունը այն է, որ այս իր նպատակները իրականացնելու համար Էրդողանը օգտագործում է Ադրբեջանին: Մի կողմից, ուրեմն, Ռուսաստանի այսպիսի ոչ ադեկվատ, ոչ համապատասխան դիրքորոշումը, մյուս կողմից՝ օգտագործում է Ադրբեջանին որպես իր նպատակները իրականացնող, այսպես ասած, ուժ, որին ինքը, ես համոզված եմ, առանձնապես մեծ չի գնահատում:

Այնպես որ, սա է Թուրքիան ժամանակակից, այո:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG