Մատչելիության հղումներ

Ադրբեջանում գերության մեջ գտնվող երկու հայ զինծառայողները զանգահարել են ծնողներին


Այսօր պաշտպանական բնագծի գրեթե ամբողջ երկայնքով ռազմական գործողությունները ինտենսիվ կերպով շարունակվել են: Հատկապես ծանր է եղել հարավային ուղղությամբ: Ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նշելով, որ Պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում իր առջև դրված մարտական խնդիրը։

Արցախի նախագահի խոսնակն էլ տարածելով նրա գրառումը գրել է՝ ռազմաճակատից լավ նորություններ ենք ստանում, չմանրամասնելով։

Ադրբեջանական գերության մեջ գտնվող երկու հայ զինծառայողները՝ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը այսօր զանգահարել են ծնողներին, նրանք գտնվում են հոսպիտալում: Այս մասին տեղեկացնում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը՝ հիշեցնելով՝ երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությանը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։

Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև հոկտեմբերի 22-ը ներկայացնել տեղեկություններ գերեվարված զինվորների որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։

Լեռնային Ղարաբաղում լայնածավալ ռազմական գործողություններն արդեն 21 օր է շարունակվում են։ Հարաբերական կայուն լարված գիշերվանից հետո այսօր լուսադեմին ադրբեջանական կողմը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, փոխանցում է Արցախի Պաշտպանության բանակը:

Նշվում է, որ առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փոխանցմամբ՝ հրթիռակոծության և օդային հարվածների հետևանքով Ստեփանակերտում տուժել են 3 քաղաքացիական անձինք։ Քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցվել է մեծ նյութական վնաս:

Ընդհանուր առմամբ Արցախում պատերազմական գործողությունների մեկնարկից մինչ օրս սպանվել է 36 խաղաղ բնակիչ, 115 հոգի էլ վիրավորվել է, նրանցից 95-ը ծանր վիճակում է, հաղորդում է Արցախի օմբուդսմենը։

«Հրադադարի համաձայնության ընթացքում Ստեփանակերտի և այլ բնակավայրերի հրթիռակոծումը կրկնապատկվել է», - ֆրանսիական «Լիբերասիոն» թերթին տված հարցազրույցում երեկ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պաշտոնական Բաքուն էլ հայտարարում է, թե անցած գիշեր հրթիռակոծվել է Ադրբեջանի մեծությամբ երկրորդ Գյանջա քաղաքը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ադրբեջանական կողմը հաղորդել է 13 մահացածի, մի քանի տասնյակ վիրավորների մասին։

Այսօր առավոտյան Արցախի զինված ուժերը հայտարարություն տարածեցին՝ թվարկելով Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված «լեգիտիմ ռազմական նշանակետերը», այդ թվում՝ ռազմաօդային բազա, մարտական կառավարման կենտրոն և ռազմական նշանակության մի քանի գործարաններ ու բազաներ:

Ինչպես ֆեյսբուքում գրել էր Արցախի նախագահի մամուլի խոսնակը, Պաշտպանության բանակը դրանք է թիրախավորում։

Կեսգիշերից հետո ֆեյսբուքում պաշտպանության նախարարության խոսնակը գրեց, որ Հայաստանի օդային տարածքում ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են ադրբեջանական երկու ԱԹՍ։ ԱԻՆ-ը Կապան քաղաքում երեկոյան հայտարարել էր «օդային տագնապ», իրականացվել է բնակչության պատսպարում։ Մոտ մեկ ժամ անց՝ հայտարարվել է «օդային տագնապի ավարտ»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հերքել է Հայաստանի օդային տարածքում երկու անօթաչու թռչող սարքերի խոցման մասին՝ հայկական կողմի հայտարարությունը։

Ավելի ուշ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Հայաստանի հակաօդային պաշտպանական համակարգերի կողմից արձանագրվել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ Հայաստանի Սյունիքի մարզի Խնածախ, Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ, որի ժամանակ նաև հարվածներ են հասցվել տեղում Հայաստանի ԶՈՒ-ի ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Հայաստանի արտգործնախարարությունը նաև նշել էր, որ ավելի վաղ Ադրբեջանը տարածել էր կեղծ տեղեկատվություն՝ Հայաստանի զինուժի կողմից Նախիջևանի Օրդուբադ բնակավայրի հռթիռակոծման մասին, ինչին հաջորդել էր իրական ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Հայաստանի արտաքին գերատեսչությունը խստորեն դատապարտելով «Ադրբեջանի չդադարող փորձերը ընդարձակել հակամարտության աշխարհագրությունը» հայտարարել է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն ստանալու է համարժեք պատասխան:

Այսօր ևս Հայաստանի երկնքում ադրբեջանական անօդաչուներ են եղել. Պաշտպանության նախարարության խոսնակի փոխանցմամբ՝ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները այսօր ժամը 16:30-ից 17:45-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքում խոցել են ադրբեջանական երեք անօդաչու, մեկն էլ խոցվել է Արցախում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անցած գիշեր ելույթ է ունեցել առաջնագիծ մեկնող զինվորականների առաջ. «Ես ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ, որ դուք այստեղից մեկնեք հաղթանակը ձեր սրտի մեջ պահած, հաղթանակը ձեր մտքում պահած, հաղթանակը ձեր հոգում պահած: Հիշեք, որ դուք կռվում եք հանուն ձեր երեխաների, որ դուք պաշտպանում եք ձեր տները, ձեր ննջարանները, թաղը, շենքերը, ձեր ինքնությունը, արժանապատվությունը, տղամարդկությունը»:

Վարչապետի մամուլի քարտուղարն էլ այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ Ադրբեջանի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնել Մոսկվա հայկական կողմի հետ քննարկելու հրադադարի պահպանման մեխանիզմների հարցը։ Նրա խոսքով՝ հանդիպումը նախաձեռնել էր ռուսական կողմը։ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա, այդուհանդերձ ադրբեջանական կողմն այդպես էլ չի ներկայացել։

«Ադրբեջանն, ըստ էության, հրաժարվում է հրադադարի շուրջ Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունից և մերժում Ռուսաստանի նախաձեռնությունը», - «Ազատությանն» այսօր ասաց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG