Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳՆ-ն նախազգուշացնում է՝ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ունենալու են անդառնալի ռազմաքաղաքական հետևանքներ


Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի թիրախավորման համար:

ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը և նախազգուշացրել, որ «Ադրբեջանի սադրիչ գործողություններն ունենալու են անդառնալի ռազմաքաղաքական հետևանքներ, որոնց ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը»:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտոգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ սադրանքով ձգտում է ընդարձակել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Ադրբեջանական կողմի բոլոր գործողություններն արժանանալու են համարժեք պատասխանի՝ ՀՀ ԶՈՒ իրենց տրամադրության տակ եղած միջոցներով», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարությունում:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։

XS
SM
MD
LG