Մատչելիության հղումներ

Ղազանչեցոցի ռմբակոծումից վիրավորված ռուսաստանցի լրագրողներից մեկի վիճակը ծանր է, մյուսինն ու ուղեկցողինը` բավարար


Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծության հետևանքով վիրավորված երկու ռուսաստանցի լրագրողներին ու նրանց ուղեկցող խմբի անդամին այսօր տեղափոխեցին Երևան։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենի փոխանցմամբ՝ բավականին ծանր վիճակում է գտնվում ռուսաստանցի ռազմական մեկնաբան Յուրի Կոտյոնոկը, ով ստացել է կրծքավանդակի բեկորային վնասվածք։ Երեկ Ստեփանակերտում ծանր վիրահատություն է տարել։ Միքայել Մանուկյանն ասաց՝ 44-ամյա տղամարդու կյանքին այժմ վտանգ չի սպառնում։

«Հիվանդը բավականին ծանր հիվանդ է, որը ստացել է կրծքավանդակի բեկորային վնասվածք և բավականին շատ արյուն է կորցրել: Նույնպես այդ հիվանդին վիրահատել են Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում, փայլուն վիրահատություն է կատարվել: Այս պահին կարծում եմ` կյանքին վտանգ չկա, և մեր որոշ հետազոտություններից հետո ինքը կգնա վերակենդանացման բաժանմունք, որպեսզի բուժումը շարունակենք: {Ռուսաստան}Տեղափոխման մասին ես ոչ մի ինֆորմացիա չունեմ, մենք պատրաստ ենք մեր լրագրողների ամբողջ բուժօգնությունը կազմակերպել Հայաստանում` «Էրեբունի» բժշկական կենտրոնում, և ոչ մի խոչընդոտ չունենք դա անելու համար», - ասաց Մանուկյանը:

Մյուս երկուսի վիճակը, ըստ նրա, գնահատվում է կայուն բավարար. - «Երկու հոգին տեղափոխվել են առավոտյան 6-ին, որոնք ունեն ականպայթյունային վնասվածքներ, բեկորային վնասվածքներ, երկուսի մոտ էլ վնասվածք է ձախ ձեռքի: Երկու հիվանդին էլ վիրահատել են Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում, վիրահատությունները հաջող են անցել: Մենք կատարել ենք վերքերի մշակում, հիմա երկուսը պառկած ենք հիվանդասենյակում: Իրենց վիճակը գնահատվում է ստաբիլ բավարար»:

Լրագրողները վիրավորվել են երեկ, երբ երկրորդ անգամ ռմբակոծվեց Շուշիի խորհրդանիշը համարվող 19-րդ դարի եկեղեցին։ Նրանք այնտեղ էին արդեն իսկ եկեղուցու ռմբակոծության հետևանքները լուսաբանելու համար։

Տեղի ունեցածը դատապարտել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը. արտաքին գերատեսչության խոսնակը հայտարարել է. «Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերում իրենց մասնագիտական գործունեությունը ծավալող լրագրողների թիրախավորումը կրում է միտումնավոր բնույթ և նպատակ ունի խոչընդոտելու ադրբեջանական բանակի պատերազմական հանցագործությունների փաստագրումն ու ներկայացումը միջազգային հանրությանը»։

Արտգործնախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը միջազգային հանրության, մարդու իրավունքների և խոսքի ազատության բնագավառում մասնագիտացված կառույցների ուշադրությունն է հրավիրել «տեղեկատվության ձեռքբերման իրավունքը բռնի միջոցներով ոտնահարելու այս աղաղակող փաստին»։

Արձագանքել է նաև Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների անվտանգությունը և թույլ տալ նրանց առանց խոչընդոտների ռեպորտաժ պատրաստել. «Կողմերը պետք է հետաքննեն վերջին հարձակումը, որի հետևանքով երկու լրագրող է վիրավորվել»,- ասված է հայտարարությունում։

Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղում վերսկսված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող հայ և արտասահմանցի ևս 4 լրագրողներ էին վիրավորվել, շատերն էլ աշխատելիս հազիվ են կարողանում պատսպարվել հրետակոծություններից։ Նրանցից մեկի՝ Ֆրանսիական «Լե Մոնդ» պարբերականի լրագրողը լուրջ վնասվածք էր ստացել Մարտունիում տեղի ունեցած հրետակոծության հետևանքով։ Բժիշկներին դժվարությամբ հաջողվեց փրկել նրա կյանքը։

Վերջինս այժմ ապաքինվում է արդեն Փարիզի հիվանդանոցներից մեկում։ Ֆրանսիացի Ալլան Կավալը երեկ գրառում է կատարել Ֆեյսբուքում, շնորհակալություն հայտնել Մարտունու բնակիչներին ու տեղի հիվանդանոցի բժիշկներին, «որոնք իրենց քաղաքին ուղղված ռմբակոծությունների թեժ պահին փորձել են փրկել երկու օտարերկրյա քաղաքացիների կյանքը», նաև երախտապարտ է այն մարդկանց, որոնք շտապօգնության հին մեքենայով ոլորուն ճանապարհներն արագ շրջանցելով, իրեն տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց: «Գիտեմ, թե ինչ ահռելի աշխատանք են կատարել նաև Ստեփանակերտի հիվանդանոցի աշխատակիցներն ինձ փրկելու համար»,- գրել է ֆրանսիացի լրագրողը։

XS
SM
MD
LG