Մատչելիության հղումներ

Ադրբեջանական հարձակումները, Պաշտպանի փոխանցմամբ, ուղեկցվում են նաև էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով


Արման Թաթոյան
Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես հայտնել է՝ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումներն Արցախի ու Հայաստանի բնակչության նկատմամբ սեպտեմբերի 27-ից սկսած շարունակվում են ուղեկցվել էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով:

Ըստ Թաթոյանի, զանգվածային լրատվության միջոցներով և հատկապես սոցիալական ցանցերով տարածվում են ատելության և բռնության, այդ թվում՝ սպանության կոչեր, որոնք տարածվում են թուրքական ու ադրբեջանական աղբյուրներից:

«Գործում են մեծ թվով ագրեսիվ էջեր ու խմբեր, որոնցով տարածվում են էթնիկ հայերի նկատմամբ ատելություն սերմանող, բռնության, այդ թվում՝ կենդանի կամ մահացած մարդկանց նկատմամբ դաժան վերաբերմունքի, սպանությունների ու ավերածությունների տեսարաններ պարունակող տեսանյութեր ու տեքստեր: Առկա են նաև զգալի թվով հայկական անուն-ազգանուններով կեղծ էջեր, որոնցից նաև հայերենով սպառնալիք պարունակող ու ահաբեկող հաղորդագրություններ են ուղարկվում հայ իրական օգտատերերին», - հայտարարել է Պաշտպանն՝ ընդգծելով՝ նշված բոլոր նյութերը տարածվում են «Ֆեյսբուք», «Թվիթեր» և սոցիալական այլ ցանցերով:

Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծել է, որ բոլոր ապացույցները՝ լուսանկարներ, սոցիալական ցանցերի արտապատկերներ ու տեսանյութեր, հավաքագրվել ու հաստատվել են Պաշտպանի անկախ քննությամբ։

«Հատուկ նշում եմ, որ Ադրբեջանում ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ ունի խորքային արմատներ և վայելում է պետական աջակցություն: Զինված հարձակումների առաջին օրից ատելության սփռումն ու դաժան վերաբերմունքի ու սպանության կոչերը ձեռք են բերել առավել համակարգված բնույթ՝ հասնելով ծայրաստիճան վտանգավոր ծավալների», - ասված է հայտարարությունում:

Թաթոյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել «այս ծայրաստիճան վտանգավոր երևույթի վրա: Անհրաժեշտ են իրական արդյունք տվող հրատապ եւ արդյունավետ քայլեր՝ դադարեցնելու համար այս սարսափելի երևույթը: Այն ուղեկցվում է միջազգային բոլոր պահանջների կոպիտ խախտումներով ու սպառնալիք է ողջ տարածաշրջանում խաղաղությանը»:

Պաշտպանը նաև կոչով դիմել է ծնողներին՝ խնդրելով սոցիալական ցանցերի հարցում ցուցաբերել բացառիկ զգուշավորություն ու հատկապես զգույշ լինել սոցիալական ցանցից երեխաների օգտվելու հարցում, իսկ փոքրահասակ երեխաների դեպքում բացառել սոցիալական ցանցից օգտվելը:

«Երեխաներին խնդրում եմ սոցիալական ցանցերում զերծ մնալ անծանոթ էջեր մտնելուց կամ դրանց հետևելուց, ինչպես նաև որևէ պարագայում չբացել ու չկարդալ սոցիալական ցանցի էջի միջոցով ստացվող անծանոթ նամակները», - ասված է Թաթոյանի հայտարարությունում:

Նկարավորված վտանգավոր երևույթների վերաբերյալ հավաքագրված բոլոր ապացույցները կուղարկվեն միջազգային գործընկերներին, դեսպանություններին բոլոր անհրաժեշտ ձևաչափերով:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG