«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու մեջ: Այս քրեական գործի շրջանակում դեռևս հունիսին Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից:
Մեկ շաբաթ առաջ էլ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ին առնչվող հերթական քրեական գործը հարուցվեց՝ խոսքը դարձյալ ընտրակաշառք բաժանելու մասին է:
Նոր Հայաստանում տեղ չունի նախկին տրամաբանությունը, իրավական հարթակում գտնվող հարցը չի սակարկվելու, ասում է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Խորհրդարանի փոխխոսնակը Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր:
Ստորև՝ հատված հարցազրույցից.
Ալեն Սիմոնյան. – Եկել է ժամանակը, որ մենք արդեն իրապես հայտարարենք և փաստարկված ձևով գնանք առաջ դեպի այն թեզը, որ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմությունը 100-տոկոսանոց սերնդափոխության խնդրի առաջ է կանգնած, և մենք պետք է հրաժարվենք և հասկանանք, որ նոր Հայաստանում, նոր իրողությունում տեղ չունի երեսպաշտությունը, տեղ չունի լկտիությունը, տեղ չունի նախկին բարքերը և տեղ չունեն այն տրամաբանությունը, որը եղել է առաջ:
Որևիցե մեկը, որևիցե մի նոր երկրի ղեկավար կոնկրետ «Բարգավաճ»-ի պարագայում չի կարող լինել այն մարդը, որը որ ինդուլգենցիաներ է բաժանելու և դրա դիմաց քաղաքական սատարում կամ կոալիցիաներ է ստանալու և նման առևտուրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեջքի ետևում անելու: Նման բաներ չի լինելու:
Այն արտահայտությունը, որը ասվում է, որ մինչև վերջ գնալու է, ինքնին լեզվամտածելակերպ է, որը ենթադրում է, որ «այս անգամ ես առևտրի չեմ գնալու և շարունակելու եմ իմ հայտարարությունը այն ձևով, ինչպես ես դա արել եմ»: Դա լեզվամտածելակերպ է, և բազմիցս մեր կողմից ասվել է, որ իրավական հարթակում գտնվող հարցը սակարկման ենթակա չի եղել ու չի լինելու, և քաղաքական հարթակում եղած հարցը նույնպես նույն տրամաբանությամբ է աշխատելու:
Ինչ վերաբերվում է այդ պահվածքին, բնական է՝ մեր համաքաղաքացիները իրենց գնահատականը տալիս են, և լկտի պահվածքը, այն մարդկանց արտահայտությունները և ստատուսները, որոնք որ մենք կարողանում ենք տեսնել, ցավոք սրտի, համացանցում, իրենց ավելի շատ վնաս են պատճառում, մերկացնում են այդ տեսակը, որը Հայաստանի Հանրապետությունում այլևս տեղ չունի:
Եվ ես՝ որպես մարդ, որը որ ներկայացնում է քաղաքական մեծամասնությունը, որը որ մասնակցել է հեղափոխությանը, խոստանում եմ ձեզ, որ այդ տեսակը Հայաստանի Հանրապետությունում վերանալու է:
«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի սեպտեմբերի 20-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.