Մատչելիության հղումներ

«100 տոկոսով բացառում եմ, որ ԲՀԿ ղեկավարը կարող է ընտրակաշառք բաժանելուն աջակցել. քաղաքական հետապնդում է». Իվետա Տոնոյան


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյան։

«Բարգավաճ Հայաստանին» առնչվող ընտրակաշառք բաժանելու հերթական քրեական գործը պատգամավոր Իվետա Տոնոյանի համար անակնկալ չէ. - «Ինչպես նախորդ դեպքում, այս դեպքում ևս ես առավել քան վստահ եմ, որ որևէ փաստական հենք էստեղ չկա»:

Դեռ հունիսին էր Ազգային անվտանգության ծառայությունը ընտրակաշառք տալու, ստանալու փաստեր աղերսում քաղաքացիներից, երբ կուսակցության ղեկավարին մեղադրանք էին առաջադրել ու նա զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից, հիշեցնում է ԲՀԿ-ական պատգամավորն ու եզրակացնում. - «Ես առավել քան վստահ եմ, որ բոլոր այս գործընթացները հենց տեղավորվում են քաղաքական հետապնդման տրամաբանության մեջ»:

ԲՀԿ-ականների՝ ընտրակաշառք բաժանելու դեպքով երկրորդ քրեական գործն է հարուցվել։ Երեկ Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն էր տաարածել, ըստ որի 2012 և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» ընկերության աշխատակիցները Արարատի մարզի մի շարք բնակիչների կաշառք են տվել ԲՀԿ-ի օգտին քվեարկելու համար։ Ըստ գործի, «Արարատցեմենտ»-ի որոշ աշխատակիցներ ստիպողաբար անդամակցել են ԲՀԿ-ին և աշխատանքից ազատվելու սպառնալիքով ձայներ ապահովել կուսակցության օգտին։ Դատախազությունից երեկ «Ազատությանը» փոխանցեցին, որ այս գործն էլ արդեն Ազգային անվտանգության ծառայությունում է և միացվելու է ընտրակաշառքի բուն գործին, որով Ծառուկյանը մեղադրյալ է։

Իվետա Տոնոյան. - «Մեկ բան հստակ ես կարող եմ ասել. ես հարյուր տոկոսով բացառում եմ, որ կուսակցության ղեկավարության և ղեկավարի մակարդակով կարող է ընտրակաշառքի բաժանման հետ կապված որևէ գործընթաց նախաձեռնվել կամ իրականացվել, կամ աջակցություն տրամադրվել նման գործընթացին»:

Քաղաքական հետապնդումների մասին ԲՀԿ-ականների պնդումները սկսվել են Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելուց հետո, հակադարձում է իշխող խմբակցության պատգամավոր, խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու հավելում, թե Ծառուկյանը, նախապես տեղեկանալով հարուցվելիք քրեական գործերի մասին, ռադիկալ հայտարարություններով փորձում է այն քաղաքական ճնշում հրամցնել. - «ԲՀԿ-ն իշխանությանը որևէ վախ չի ներշնչում: Ասեմ ավելին` ԲՀԿ-ն ցանկացած իշխանության երազած ընդդիմությունն է, որովհետև այն գաղափարապես կատարելապես ամուլ է, սկզբունքայնության հետ էլ ակնհայտ խնդիրներ ունի, ունեցել է և թերևս կունենա: Եթե մեր իշխանությանը պետք լինել հլու-հնազանդ և պայմանավորվող ընդդիմություն, վստահաբար ԲՀԿ-ն կկարողանար կատարել այդ դերը»:

Ռուբեն Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյան

Ռուբինյանի խոսքով, ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործերն հարուցվում են փաստերի հիման վրա, իրավապահները կբացահայտեն, թե որ քաղաքական ուժը ինչով է զբաղվել ընտրություններին։ «Բայց մի՞թե հայտնի փաստ չէ, որ մինչև հեղափոխությունը ընտրությունները կեղծվել են համատարած ընտրակաշառքով», - ասում է Ռուբեն Ռուբինյանը: - «Հույս ունեմ նաև, որ մեր իրավապահ մարմինները կաշխատեն է'լ ավելի էֆեկտիվ և ընտրակաշառքի համակարգված և զանգվածային բաժանման բոլոր դեպքերը բոլոր ուժերի կողմից, որոնք դա արել են, կբացահայտվեն»:

Հարցին` եթե քրեական գործերի հարուցումը քաղաքական հետապնդում չէ Կառավարության հրաժարականը պահանջող ուժի նկատմամբ, այլ պարզապես հանցագործության բացահայտում, ինչո՞ւ Հանրապետական կուսակցությանն առնչվող այդպիսի փաստեր չեն հայտնաբերվում, Ռուբինյանն արձագանքեց. - «Կարծում եմ, այս հարցը պիտի իրավապահ մարմիններին տաք: Բայց ենթադրաբար` որովհետև դեռ չի հաջողվել բավարար փաստական ապացույցներ ձեռք բերել»:

Քրեական գործընթացներին զուգահեռ Գագիկ Ծառուկյանը շրջում է մարզերով։ Կուսակցական ակտիվի հետ հանդիպումներում քննադատում Կառավարությանն ու մտահոգվում իր դեմ հարուցված քրեական գործով։ Իվետա Տոնոյանը վստահեցնում է, որ Ծառուկյանը չի նահանջել, հռետորաբանությունը չի մեղմվել. - «Մենք շարունակում են պնդել, որ Կառավարության կազմի հարյուր տոկոսանոց փոփոխության անհրաժեշտությունը մեր երկրում հասունացած է: Բոլոր էն մարդիկ, ովքեր նման հեռահար նպատակներ, ցանկություններ, իղձեր, փափագներ ունեն «Բարգավաճ Հայաստանի» կազմալուծման հետ կապված, նրանց խորը հիասթափություն է սպասվում»:

Ռուբեն Ռուբինյան. - «Մենք բացարձակ ցանկություն չունենք ԲՀԿ-ին ջլատել և քայքայել, որովհետև ընդհանրապես հիմա կասկածներ են հնչում, որ ԲՀԿ ընդհանրապես գոյություն չունի»:

Ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված վերջին քրեական գործով դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Իսկ ավելի վաղ հարուցված քրեական գործով բոլոր մեղադրյալներն ազատության մեջ են։

XS
SM
MD
LG