Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան. «Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞»


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստին, Երևան, 17-ը սեպտեմբերի, 2020թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին ֆեյսբուքյան գրառման մասին հարցին արձագանքելով, միայն կարճ զարմանք հայտնեց , որ Ծառուկյանը գրել գիտի. - «Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞»:

ԲՀԿ առաջնորդի ֆեյսբուքյան էջում նույն օրը հետևյալ գրառումն էր արված. - «Ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»: Դրան նախորդել էր վարչապետի այս գրառումը. - «Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն»: Չորեքշաբթի օրը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը Ազգային ժողովում իր ելույթում ակնարկներ էր հնչեցրել հորմոնները չզսպելու և սեռական բռնություն կիրառելու հետ կապված։ Ծառուկյանը ժամանակին մեղադրվել է բռնաբարության մեջ և տարիներ անց արդարացվել, և ԲՀԿ-ականները ակնհայտ համարեցին նախարարի ակնարկները։

Երեկ իշխող կուսակցության նիստից հետո Փաշինյանը հարցերի չպատասխանեց։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց՝ վերջին երկու օրերին ընդդիմադիր ԲՀԿ-ի հետ լարված հարաբերությունների հարցը չի քննարկվել, քննարկվել է միայն COVID-19-ի պայմաններում տնտեսության վիճակը։ Ոչինչ չխոսեց նաև մամուլում գրվող կադրային վերադասավորումների մասին, միայն նշեց, որ գործադիրի անդամների մասնակցությամբ կուսակցական նման նոր ֆորմատի հավաքները շարունակական բնույթ կկրեն. - «Նման ֆորմատը լինելու է շարունակական, ենթադրում եմ, որ առնվազն ամիսը մեկ անգամ նման հանդիպումներ տեղի կունենան, որտեղ կմասնակցեն ՔՊ-ական նախարարները, մարզպետները, պատգամավորները»:

Նիստի ավարտին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հերքեց լրատվամիջոցներում տարածվող այն տեղեկությունը, թե վարչապետի ծառայողական ինքնաթիռի նշագծման համար 250 հազար դոլար է ծախսվել: Բայցև չմանրամասնեց, թե ինչքան գումար է ծախսվել, քանի որ վարչապետին սպասարկող օդանավի ներկման գործընթացի մանրամասները հանդիսանում են պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվություն և կարգավորվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի» մասին օրենքով։

«Հիմնական խնդիրը կայանում էր նրանում, որ այն գրառումը, որը որ նախկինում կար, արդեն իսկ կիսով չափ ջնջվում էր, թափվում էր ներկը, և խնդիր էր առաջացել այն թարմացնել: Բայց կրկնում եմ՝ այն ծախսերը, որը որ ներկայացված է, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և բացարձակ սուտ է», - ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Աղաջանյանին հարցրինք նաև, թե ինչո՞ւ է շատացել Կառավարության նիստերին չզեկուցվող հարցերի քանակը։ Այս տարվա ընթացքում Կառավարության նախագծերի չզեկուցվող հարցերի փաթեթում է ընդգրկվել տարվա ընթացքում քննարկված հարցերի շուրջ 90 տոկոսը: Վերջին նիստին զեկուցվող էր օրինակ ընդամենը 4 հարց։

«Կխնդրեմ որևէ նպատակային բան չտեսնել էս պրոցեսի մեջ: Խնդիրը հետևյալում է՝ նախկինում կային հարցեր, որոնք որ մեր, հետագայում արդեն մեր քննարկումների արդյունքում որոշում կայացվեց, որ նմանատիպ հարցերին այլևս Կառավարության նիստի օրակարգում չենք անդրադառնա՝ հաշվի առնելով, որ մեր գնահատմամբ՝ դրանք հանրային այն կարևորությունը չունեն հանրային ընկալման մեջ, որը որ, որի համար որ Կառավարության նիստի օրակարգում արժեր այդ հարցերը քննարկել», - հայտարարեց Էդուարդ Աղաջանյանը:

XS
SM
MD
LG