Մատչելիության հղումներ

Կենոշա այցելեց նաև Բայդենը


ԱՄՆ նախկին փոխնախագահ, նախագահի թեկնածու Ջո Բայդեն, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը հինգշաբթի օրը մեկնել է զանգվածային բախումների կիզակետում հայտնված Կենոշա քաղաք և հանդիպել ուժայինների կողմից բռնության ենթարկված սևամորթ տղամարդու ընտանիքի հետ:

Վիսկոնսինում գտնվող՝ ավելի քան 100 հազար բնակիչ ունեցող այս քաղաքում անկարգությունները սկիզբ էին առել օգոստոսի 23-ին, երբ ոստիկանները կրակ էին բացել տեղի աֆրոամերիկացի բնակիչներից մեկի՝ 29-ամյա Ջեյքոբ Բլեյքի ուղղությամբ՝ դարձնելով նրան հաշմանդամ:

Բայդենը Կենոշա է ժամանել նախագահ Դոնալդ Թրամփի այցից երկու օր անց։ Սպիտակ տան ղեկավարը, անտեսելով այցը չեղարկելու նահանգային իշխանությունների կոչերը, երեքշաբթի օրը այդուհանդերձ մեկնել է բախումների թատերաբեմ դարձած քաղաք, հանդիպել տեղի ոստիկանների հետ, քննարկել անկարգությունների հետևանքով ստեղծված իրավիճակը և խոստացել 47 միլիոն դոլար հատկացնել քաղաքում կարգուկանոնը վերահաստատելու և վնասները վերականգնելու համար:

Իր այդ այցի ընթացքում, սակայն, Թրամփը ոստիկանների գործողություններից տուժած աֆրոամերիկացու ընտանիքի հետ չի շփվել։ Փոխարենը Միացյալ Նահանգների նախագահը հանդիպել է տեղացի ոստիկաններին և բարձր գնահատել անկարգությունների զսպմանն ուղղված նրանց գործողությունները։

Ի տարբերություն մրցակցի՝ նախկին փոխնախագահը մասնավոր հանդիպում է ունեցել Բլեյքի ընտանիքի անդամների հետ և հեռախոսով զրուցել հիվանդանոցում բուժվող աֆրոամերիկացու հետ:

Բայդենը Կենոշայի եկեղեցիներից մեկում հանդիպում է ունեցել նաև տեղական իշխանությունների, գործարար շրջանակների, քաղաքացիների խմբի հետ, որոնց ելույթների հիմնական թեման ռասայական խտրականության առումով ստեղծված կացությունն էր:

Կենոշա քաղաքի բնակչության ավելի քան 75 տոկոսը սպիտակներ են, աֆրոամերիկացիները կազմում են Կենոշայի բնակչության մոտ 10 տոկոսը։ Black Lives Matter շարժման կազմակերպիչներից Պորշե Բենետի խոսքով` տեղացի սևամորթներն այլևս հոգնել են անդադար սուտ խոստումներ լսել ոստիկանական բարեփոխումների մասին։ Փոքր բիզնեսի ներկայացուցիչները, իրենց հերթին, մտահոգված էին անկարգությունների հետևանքով կրած վնասների չափերով:

«Ոչինչ չի կարող արդարացնել թալանը, հրկիզումները և նմանօրինակ երևույթները։ Անկախ այն հանգամանքից, թե որքան եք չարացած, եթե զբաղվում եք թալանով և հրկիզումներ հրահրելով, դուք պետք է պատասխանատվություն կրեք և վերջ», - Կենոշայի բնակիչների հետ հանդիպմանը ասել է Բայդենը։

Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատ թեկնածուի Վիսկոնսին այցը առաջինն է վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Մինչ այդ համաճարակի պատճառով 77-ամյա Բայդենը խուսափում էր ֆիզիկական շփումներից, պնդելով, թե կորոնավիրուսը զգուշավորություն է պահանջում։

Կենոշիի եկեղեցում հանդիպմանը մասնակցած տեղացիները թերևս ամենամեծ խումբն էր, որի հետ Բայդենն անձամբ շփվել է վերջին ամիսներին:

Վիսկոնսին նահանգը համարվում է կարևոր Սպիտակ տան համար պայքարում։ 2016-ին Թրամփն այս նահանգում առավելության էր հասել մրցակցի նկատմամբ ձայների ոչ մեծ տարբերությամբ և հիմա էլ, ըստ բազմաթիվ վելուծաբանների, առանց այստեղ հաղթելու չի կարող շարունակել պաշտոնավարումը:

Դոնալդ Թրամփի նախընտրական պայքարը երկրորդ պաշտոնավորումն ապահելու ճանապարհին է՛լ ավելի է բարդանում հարազատ կուսակիցների կողմից Ջո Բայդենին աջակցելու հայտարարությունների ֆոնին։ Հանրապետական կուսակցության շուրջ հարյուր ներկայացուցիչներ իրենց աջակցությունն են հայտնել Թրամփի մրցակցին, նրանց թվում է ԱՄՆ նախագահի հանրապետական նախկին թեկնածու Բիլ Ուելդը, նաև Միչիգանի և Նյու Ջերսիի նախկին նահանգապետերը, հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրները: «Հանրապետականներն ու անկախները Բայդենի համար» խումբը Դոնալդ Թրամփին քննադատում է «պահպանողական արժեքներին դավաճանելու, ստի, օրենքի գերակայությունն ու ազգային անվտանգությունը խարխլելու» համար:

Նոյեմբերի 3-ի նախագահական ընտրությունների պատճառով քաղաքացիական հնարավոր բախումներով մտահոգված՝ Ֆեյսբուքի ղեկավարությունը նախօրեին որոշում է կայացրել նոր կարգավորումներ մտցնել սոցիալական ցանցում՝ հնարավոր սադրանքների տարածումը կանխելու նպատակով: Ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը որոշումը բացատրում է ամերիկյան հանրության շրջանում առկա խորը տարաձայնություններով, որոնք կարող են զանգվածային անկարգությունների հանգեցնել։

«Առաջիկա ընտրությունները կլինեն արտասովոր։ Մեր ազգը խիստ տարանջատված է, իսկ ընտրությունների արդյունքների ամփոփումը կարող է օրեր տևել, նույնիսկ՝ շաբաթներ, և երկրում քաղաքացիական ցնցումների վտանգը մեծ կլինի»,- պարզաբանել է Ցուկերբերգը:

Այսպիսով, ըստ Ցուկերբերգի ներկայացրած նոր կարգավորումների, Ֆեյսբուքի ղեկավարությունը նոյեմբերի 3-ին նախատեսված ամերիկյան նախագահական ընտրություններից մեկ շաբաթ առաջ կդադարի ընդունել քաղաքական գովազդ տեղադրելու պատվերներ: Կջնջվեն բոլոր այն գրառումները, որոնց հեղինակները կպնդեն, թե այս կամ այն ընտրատեղամասում կորոնավիրուսով վարակվելու վտանգ կա։ Ֆեյսբուքի ղեկավարությունը նաև կնշագրի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ոչ հավաստի գրառումները, ինչպես նաև հատուկ տեղեկանք կկցի թեկնածուների գրառումներին, որոնց հեղինակները մինչև քվեարկության պաշտոնական արդյունքների հրապարակումը կհայտարարեն իրենց հաղթանակի մասին. սոցիալական ցանցը հատուկ գրառմամբ կտեղեկացնի, որ ընտրությունների արդյունքները դեռևս ամփոփված չեն:

Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը բացմիցս է քննադատության ենթարկվել նախկինում թույլ տված սխալների համար, որոնց հետևանքով անցած տարիներին միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալներ հայտնվել են քաղտեխնոլոգների ձեռքում և օգտագործվել որպես քաղաքական գովազդի թիրախ՝ ինչպես ամերիկյան նախորդ նախագահական ընտրությունների, այնպես էլ Բրեքզիթի քարոզարշավի ընթացքում:

XS
SM
MD
LG