Մատչելիության հղումներ

Կենոշայի քաղաքապետ Անթառամյանը կոչ է անում Թրամփին հեռու մնալ իր քաղաքից


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այսօր երեկոյան ժամանում է Վիսկոնսկին՝ ամերիկյան միջռասայական լարվածության հերթական էպիկենտրոնը դարձած Կենոշա քաղաք այցելելու համար։

Միչիգան լճի ափին, Չիկագոյից մոտ 75 կիլոմետր հյուսիս գտնվող այս քաղաքում իրավիճակը սրվեց օգոստոսի 23-ին, երբ ոստիկանները փորձեցին բերման ենթարկել տեղի աֆրոամերիկացի բնակիչներից մեկին՝ 29-ամյա Ջեյքոբ Բլեյքին։ Երբ Բլեյքը հրաժարվեց ենթարկվել ոստիկանների պահանջին, նրանք առանց երկար մտածելու հրազեն կիրառեցին, ինչի հետևանքով աֆրոամերիկացի երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակում հայտնվեց քաղաքի հիվանդանոցներից մեկում։

Միջադեպին հաջորդեցին զանգվածային անկարգություններ, որոնք շարունակվեցին մի քանի օր և աստիճանաբար մարեցին միայն Ազգային գվարդիայի ստորաբաժանումների քաղաք վերատեղակայումից հետո։

Ու թեև բախումները Կենոշայում այս պահին դադարել են, տեղական իշխանությունները լուրջ մտավախություն ունեն, որ Թրամփի այցը քաղաք կարող է նպաստել կրքերի թեժացմանը։ Բանն այն է, որ Թրամփը Կենոշայում պատրաստվում է շփվել տեղացի ոստիկանների հետ, սակայն իրավապահների հարձակման թիրախ դարձած Ջեյքոբ Բլեյքի հարազատների հետ հանդիպում նախատեսված չէ։ Կենոշայի հայազգի քաղաքապետը՝ Դեմոկրատական կուսակցության անդամ Ջոն Անթառամյանը, համոզված է, որ այցի նման ժամանակացույցն ու օրակարգը հազիվ թե նպաստեն լարվածության նվազմանը։

«Ըստ իս, այցի ժամկետը ճիշտ չէ ընտրված։ Մենք միշտ էլ պատրաստ ենք մեր քաղաքում ընդունել նախագահներին կամ նախագահության թեկնածուներին, մենք բարձր ենք գնահատում նրանց այդ քայլերը և երախտապարտ ենք։ Սակայն, կրկնում եմ, այցի ժամկետները այնքան էլ հարմար չեն, և ես դիմել եմ [նախագահ Թրամփին]՝ խնդրելով նրան մեր քաղաք մի ուրիշ անգամ այցելել», - հայտարարել է Անթառամյանը։

Կիրակի օրը Կենոշա կատարելիք այցը հետաձգելու կամ չեղարկելու խնդրանքով Թրամփին էր դիմել նաև Վիսկոնսինի նահանգապետ Թոնի Էվերսը՝ գրելով․ - «Ես մտավախություն ունեմ, որ Ձեր ներկայությունը միայն կհետաձգի պառակտումների հաղթահարմանն ուղղված մեր աշխատանքների հաջողությունը»։

Սպիտակ տան ղեկավարը սակայն վստահ է, որ իր ժամանումը Վիսկոնսին նոր անկարգությունների առիթ չի դառնա․ - «Իմ այցը կարող է նաև ոգևորության ալիք բարձրացնել, այն կարող է մեծացնել սերը և հարգանքը մեր երկրի հանդեպ»։

Ի դեպ, Միացյալ Նահանգների նախագահի՝ Կենոշայում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող մեկնաբանությունները լուրջ դժգոհություն են առաջացնում հատկապես ազատական հայացքներ ունեցող ամերիկացիների շրջանում։

Վրդովմունքի հերթական առիթը անցած գիշեր Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ Թրամփի հնչեցրած հայտարարարություններն էին։ Դրանցում Միացյալ Նահանգների նախագահը հրաժարվեց միանշանակորեն դատապարտել Կենոշայի անկարգությունների ամենաողբերգական դրվագի մեղավորին՝ 17-ամյա աջ ծայրահեղական Քայլ Ռիթենհաուզին, որը օգոստոսի 24-ին կրակ էր բացել ոստիկանության գործողությունների դեմ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների ուղղությամբ՝ սպանելով ցուցարարներից երկուսին։ Թրամփը սակայն չի բացառում, որ տեղի ունեցած ոչ թե հարձակում էր, այլ ինքնապաշտպանություն։

«Դուք դիտել եք նույն տեսագրությունը, որը ես եմ դիտել, և իմ տպավորությամբ նա փորձում էր փախչել այդ մարդկանցից։ Հետո [Ռիթենհաուզը] վայր ընկավ և [ցուցարարները] դաժանաբար հարձակվեցին նրա վրա։ Այժմ տեղի ունեցածի հանգամանքները ուսումնասիրվում են, հետաքննությունն ընթացքի մեջ է, սակայն ես չեմ բացառում, որ նրան կարող էին անգամ սպանել», - նշել է Թրամփը։

Այս արյունալի միջադեպը, ի դեպ, Վիսկոնսինում ծավալված միջռասակայան անկարգությունների ևս մեկ առանձնահատկություն բացահայտեց։ Իրավապահները պարզել են, որ անկարգությունների մասնակիցների թվում շատ են այլ քաղաքներից ու նահանգներից ժամանող ծայրահեղականները։ Երկու մարդու սպանության մեջ մեղադրվող Քայլ Ռիթենհաուզը, օրինակ, Կենոշա էր ժամանել հարևան Իլինոյսից։

«Կան մարդիկ, որոնց նպատակը հրահրելն է։ Բոլոր քաղաքներում էլ խնդիրներ կան, սակայն մենք այդ խնդիրները ինքնուրույնաբար պետք է հաղթահարենք։ Մենք դրսից եկած մարդկանց կարիքը չունենք։ Դրանք մարդիկ են, որոնք փորձում են գրգռել, կասեի նույնիսկ ահաբեկել մեր հանրությանը», - հայտարարել է Կենոշայի քաղաքապետ Ջոն Անթառամյանը։

Քաղաքապետի այս հայտարարությունը տեղական ոստիկանությունը ապացուցում է կոնկրետ թվերով։

«Անկարգությունների սկզբից ի վեր շուրջ 200 մարդ է ձերբակալվեվ։ Նրանցից կեսից ավելին Կենոշայի բնակիչներ չեն։ Դրսից եկած բազմաթիվ սադրիչներ կան, որոնք ցանկանում ենք ահաբեկել մարդկանց», - հայտարարել է Կենոշայի շրջանային շերիֆ Դեյվիդ Բեթը՝ հավելելով, որ իրադրությունն ապակայունացնելու հիմնական լծակներից մեկը սոցիալական ցանցերն են․ - «Վերջին օրերին մենք սոցիալական ցանցերում բազմաթիվ կեղծ տեղեկություններ ենք հայտնաբերել»։

Կենոշա քաղաքը շուրջ 100 հազար բնակիչ ունի։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով, քաղաքի բնակչության ավելի քան 75 տոկոսը սպիտակներ են, աֆրոամերիկացիներիը կազմում են Կենոշայի բնակչության մոտ 10 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG