Մատչելիության հղումներ

ԱՄՆ ընտրությունների նախաշեմին Ֆեյսբուքը կարգելի նոր քաղաքական գովազդների տեղադրումը


Ֆեյսբուքի ղեկավար Մարկ Ցուկերբերգ, արխիվ
Ֆեյսբուքի ղեկավար Մարկ Ցուկերբերգ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններից մեկ շաբաթ առաջ Ֆեյսբուքը կարգելի նոր քաղաքական գովազդների տեղադրումը սոցիալական ցանցում: Ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը որոշումը բացատրում է ամերիկյան հանրության շրջանում առկա խորը տարաձայնություններով, որոնք կարող են զանգվածային անկարգությունների հանգեցնել։

«Առաջիկա ընտրությունները կլինեն արտասովոր», - Ֆեյսբուքում գրել է Ցուկերբերգը՝ շարունակելով․ - «Մեր ազգը խիստ տարանջատված է, իսկ ընտրությունների արդյունքների ամփոփումը կարող է օրեր տևել, նույնիսկ՝ շաբաթներ, և երկրում քաղաքացիական ցնցումների վտանգը մեծ կլինի»:

Այսպիսով, ըստ Ցուկերբերգի ներկայացրած նոր կարգավորումների, Ֆեսբուքի ղեկավարությունը նոյեմբերի 3-ին նախատեսված ամերիկյան նախագահական ընտրություններից մեկ շաբաթ առաջ կդադարի ընդունել քաղաքական գովազդ տեղադրելու պատվերներ: Կջնջվեն բոլոր այն գրառումները, որոնց հեղինակները կպնդեն, թե այս կամ այն ընտրատեղամասում կորոնավիրուսով վարակվելու վտանգ կա։ Ֆեյսբուքի ղեկավարությունը նաև կնշագրի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ոչ հավաստի գրառումները, ինչպես նաև հատուկ տեղեկանք կկցի թեկնածուների գրառումներին, որոնց հեղինակները մինչև քվեարկության պաշտոնական արդյունքների հրապարակումը կհայտարարեն իրենց հաղթանակի մասին. սոցիալական ցանցը հատուկ գրառմամբ կտեղեկացնի, որ ընտրությունների արդյունքները դեռևս ամփոփված չեն:

Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը բացմիցս է քննադատության ենթարկվել նախկինում թույլ տված սխալների համար, որոնց հետևանքով անցած տարիներին միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալներ հայտնվել են քաղտեխնոլոգների ձեռքում: Ավելի վաղ պարզվել է, որ քաղաքական խորհրդատվությամբ զբաղվող Cambridge Analytica ընկերությունը Ֆեյսբուքի միջոցով հատուկ հավելված է շրջանառության մեջ դրել և տասնյակ միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալներ հավաքել՝ առանց նրանց իմացության, ու օգտագործել որպես քաղաքական գովազդի թիրախ՝ ինչպես ամերիկյան նախորդ նախագահական ընտրությունների, այնպես էլ Բրեքզիթի քարոզարշավի ընթացքում:

Դոնալդ Թրամփը, ով պայքարում է երկրորդ անգամ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելու համար, վերջին շրջանում շարունակաբար մտավախություն է հայտնում ընտրությունների արդյունքների հնարավոր կեղծման կապակցությամբ։ Սպիտակ տան ղեկավարը վստահելի չի համարում հատկապես փոստով քվեարկելու համակարգը, ինչը նրա կարծիքով բավական խոցելի է շահարկումների և արտաքին միջամտության տեսանկյունից , թեև նախկինում նման կեղծիքներ չեն եղել:

Ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայում, Թրամփը ընտրողներին կոչ է արել երկու անգամ քվեարկել՝ փոստով և ընտրատեղամասում , որպեսզի հնարավոր լինի ստուգել, թե որքան հուսալի է համակարգը, պարզաբանել է ԱՄՆ նախագահը և հավելել. - «Եթե այդ համակարգն այդքան լավն է, ինչպես պնդում են, ապա իհարկե ընտրատեղամասում դուք չեք կարողանա քվեարկել»:

Նախօրեին Ֆեյսբուքը տեղեկացրել է թե մտադիր է հեռացնել Թրամփի այդ ելույթի տեսագրությունը, եթե դրանում չկա բացատրություն առ այն, որ նման պրակտիկան հակաօրինական է:

XS
SM
MD
LG