Մատչելիության հղումներ

«Մեր զինվորների կյանքը ավելի թանկ է, և կոչ կանեի, որ փոխանակեին անպայման». իրավապաշտպան


Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ

«Այդ անմարդկային քաղաքականությունը՝ գերիներին խոշտանգել և շանտաժ անել Հայաստանի Հանրապետությանը, դա ցածր, ստորակարգ մի ձև է, որից Ադրբեջանը երբեք չի հրաժարվում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ, որում օրերս գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանն ակնհայտորեն ընթերցում է տեքստ, թե մտադիր է մնալ Ադրբեջանում, օգուտ տալ այդ երկրին, իսկ հայկական Զինված ուժերում իբր շատ են հարկադրաբար ծառայողները: Պատասխանելով հարցին՝ նման կերպ գերու հետ վարվելն արդյոք չի՞ խախտում մարդու իրավունքները, իրավապաշտպանն ասաց. - «Ես հասկանում եմ, որ պարտադրված է կարդում, և դա առաջին դեպքը չի, որ Ադրբեջանում գերեվարված զինվորները այդպիսի պարտադրված տեքստ են կարդում, դեռ ավելի վաղուց էլ կային այդպիսի դեպքեր, համենայն դեպս՝ մենք տեսնում էինք, որ պարտադրում են զինվորին, մենք տեսել ենք խոշտանգված նույնիսկ, չէին խորշում ցույց տալ հենց այդ վիճակում նախկինում, հիմա կարծես այդպես ցույց չեն տալիս, աշխատում են պահել»:

«Պետք է միջազգային ահազանգել ամեն օր: Պետք է մենք շատ ահազանգենք, մենք ահազանգենք և շարունակ բարձրաձայնենք, որպեսզի կարողանանք փրկել այդ մարդուն, կարողանանք գտնել այն ձևը, որ նրան բերել ադրբեջանցիների ձեռքից, հանել Ադրբեջանից այդ մարդուն», - հայտարարեց Ալեքսանյանը՝ հավելելով. - «Մենք, ի դեպ, ունենք գերիներ, զինծառայողներ, որոնց այդպես էլ չենք կարողացել վերադարձնել հայրենիք, և այդպես մնացել են Ադրբեջանում, և ոչ մի միջազգային չափանիշների նրանք [Ադրբեջանը] չեն ուզում ենթարկվել, պահել այդ կանոնները»:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից «Ազատությանը» փոխանցել են, որ Գուրգեն Ալավերդյանի հարցով շարունակում են երկխոսության մեջ լինել Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ: Հարցին, թե ի՞նչ հնարավորություններ է տեսնում Ալավերդյանի իրավունքները որևէ կերպ պաշտպանելու համար, Ժաննա Ալեքսանյանն արձագանքեց. - «Եթե ունենք Հայաստանում գերիներ, կամ ունենք թեկուզ դատապարտված անձինք, ասենք, որոնց հետ կարելի է փոխանակել մեր գերիներին, չպետք է կանգնել դրա առջև, պետք է անպայման փոխել և փրկել մեր զինծառայողների կյանքը: Ես գիտեմ, որ դատապարտված ադրբեջանցիներ կան, և տեղեկություն ունեմ, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները չուզեցին փոխանակել, օրինակ, Արա Ղազարյանի դեպքում՝ կար էդպիսի առաջարկ, փոխանակել դատապարտված ադրբեջանցիների հետ, ինձ ծնողները պատմեցին, բայց չփոխանակվեց: Ես կարծում եմ, որ մեր զինվորների կյանքը ավելի թանկ է, և ես կոչ կանեի, որ փոխանակեին անպայման»:

Դիտարկմանը՝ Արցախի իշխանությունները պնդում են՝ այդ մարդիկ, ովքեր պահվում են իրենց մոտ, հանցանք են գործել, մարդ են սպանել, ինչո՞ւ պետք է ազատ արձակվեն, հայաստանցի իրավապաշտպանը պատասխանեց. - «Հասկանալի է դա, հանցագործություն է, բայց ես կարծում եմ, որ մեր զինծառայողների կյանքը ավելի թանկ է»:

Հիշեցնենք, 2014 թվականի դեկտեմբերին Արցախի դատարանը համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման դատապարտեց ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին՝ լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։

Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանը մարտական դիրքը լքել է անցած տարվա օգոստոսին՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում, նրան հայրենիք վերադարձնելու ջանքերն առայժմ արդյունք չեն տվել:

XS
SM
MD
LG