Մատչելիության հղումներ

Տոնոյանը Կասպրշիկի ուշադրությունն է հրավիրել հայ սպայի մասնակցությամբ Ադրբեջանի տարածած տեսագրություններին


Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

Օգոստոսի 26-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Զրույցի ընթացքում Դ. Տոնոյանը դեսպան Ա.Կասպրշիկի ուշադրությունը հրավիրեց ինչպես այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձին, այնպես էլ հրապարակված նախորդ տեսահոլովակին՝ ընդգծելով, որ վերոնշյալ տեսագրությունները միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են», - գրել է խոսնակը:

Նա հիշեցրել է, որ ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը պետք է բացառի ցանկացած տեսակի նվաստացնող վերաբերմունք անկախ նրանից, թե ինչ պայմաններում և ինչ տեղանքում է անձը հայտնվել հակառակ կողմի իրավազորության ներքո:

«Զինծառայող Գուրգեն Ալավերդյանն ակնհայտորեն կարդում է իրեն պարտադրված թերի հայերենով մշակված տեքստը», - հավելել է Շուշան Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է, որ Ադրբեջանում հայտնված հայ սպան դիվերսանտ է։ Ըստ հայկական կողմի` մարտական հենակետը ստուգելու նպատակով Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել է ու մոլորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG