Մատչելիության հղումներ

Գերմանիայի կառավարությունը հույս ունի, որ Նավալնին Բեռլինում կապաքինվի


Գերմանիա - Ալեքսեյ Նավալնիին տեղափոխում են «Շարիտե» հիվանդանոց, Բեռլին, 22-ը օգոստոսի, 2020թ.

Գերմանիայի կառավարությունը հույս ունի, որ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի բուժումը Բեռլինում կբերի նրա վիճակի բարելավմանը և լիակատար ապաքինմանը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը:

Ռուսաստանյան իշխանություններն ի վերջո թույլատրել են Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել Գերմանիա, նրա բուժումը կշարունակվի Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում:

Նավալնիի տեղափոխման գործընթացը կազմակերպած գերմանացի իրավապաշտպան Յակա Բիզիլը լրատվամիջոցներին հայտնել է, որ այսօր թռիչքի ընթացքում և վայրէջքի ժամանակ Նավալնիի առողջական վիճակը կայուն էր:

Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցից հայտնում են, որ մասնագետներն արդեն անցել են Նավալնիի բուժզննմանը: «Ստուգումների ավարտին ընտանիքի թույլտվությամբ բժիշկները հանդես կգան հայտարարությամբ հիվանդության և բուժման մեթոդների վերաբերյալ», - հայտարարել է հիվանդանոցի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ցինգլը:

Կրեմլի կոշտ քննադատի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր երկու օր առաջ՝ Տոմսկից Մոսկվա թռչող օդանավում, որի անձնակազմը ստիպված էր եղել արտակարգ վայրէջք կատարել Օմսկում: Այստեղ 44-ամյա Նավալնիին անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Ընդդիմադիր գործչի աջակիցները պնդում են, որ նա թունավորվել է, Օմսկի հիվանդանոցի բժիշկները, այդուհանդերձ, դա չեն հաստատում:

XS
SM
MD
LG