Մատչելիության հղումներ

Օմսկի հիվանդանոցում թույլ չեն տվել Նավալնիին տեղափոխել Գերմանիա


Ռուսաստան - Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին օդանավից տեղափոխում են հիվանդանոց, Օմսկ, 20-ը օգոստոսի, 2020թ.

Օմսկի հիվանդանոցի անձնակազմը չի թույլատրել Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել Գերմանիա՝ այնտեղ բուժօգնություն ցուցաբերելու։ Ռուսաստանցի ընդդիմադիր գործչի թիմակիցներն ու հարազատները հայտարարում են, որ նրա օրգանիզմում վտանգավոր թույն է հայտնաբերվել:

«Գլխավոր բժիշկը հայտարարել է, որ Նավալնիին փոխադրելն անհնար է, նրա վիճակը գնահատվում է ոչ կայուն, և նրան փոխադրելու հարազատների որոշումը բավարար չէ », - այսօր վաղ առավոտյան հայտարարել է Նավալնիի մամլո խոսնակ Կիրա Յարմիշը:

Ալեքսեյ Նավալնիի գլխավորած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովի խոսքով՝ ոստիկանության աշխատակիցներից մեկը հիվանդանոցում իրենց հայտնել է, որ քաղաքական գործչի օրգանիզմում հայտնաբերվել է թունավոր նյութ, որը վտանգավոր է ոչ միայն իր, այլև շրջապատի համար։ Թե ինչ թունավոր նյութի մասին է խոսքը, ըստ Ժդանովի՝ ոստիկանը հրաժարվել է մանրամասնել՝ վկայակոչելով քննության գաղտնիությունը:

Գերմանիայից այսօր վաղ առավոտյան Օմսկ է ժամանել հատուկ օդանավ և բուժանձնակազմ՝ Ալեքսեյ Նավալնիին Բեռլինի «Շարիթե» հիվանդանոց տեղափոխելու նպատակով: Այդ գործընթացը կազմակերպել է «Սինեմա ֆոր փիս» գերմանական հասարակական կազմակերպության հիմնադիր Յակա Բիզիլը:

Առայժմ հստակ չէ՝ օդանավը դեռ Ռուսաստանո՞ւմ է, թե՞ վերադարձել է Գերմանիա։

44-ամյա Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր երեկ վաղ առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում, որն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, ինչից հետո ընդդիմադիր գործչին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ նա անգիտակից վիճակում միացված է արհեստական շնչառության սարքին: Պաշտոնապես առայժմ չի հաստատվել, որ նրա վիճակի կտրուկ վատթարացման պատճառը թունավորումն է, ինչը պնդում են քաղաքական գործչի թիմակիցները: Կիրա Յարմիշը համոզված է, որ Նավալնին թունավորվել է Տոմսկի օդանավակայանի սրճարանում, որտեղ թեյ էր խմել:

Ռուսաստանցի քաղաքական գործչին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին երեկ ավելի վաղ հայտարարել էր կանցլեր Անգելա Մերկելը: «Հուսով եմ՝ նա արագ կապաքինվի, և եթե դիմեն, մենք բուժօգնություն կտրամադրենք՝ այդ թվում գերմանական հիվանդանոցներոււմ», - նախօրեին հայտարարում էր Գերմանիայի կառավարության ղեկավարը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսի ընթացքում:

Եվրամիության առաջատար երկրների առաջնորդներն իրենց մտահոգությունն են հայտնել Կրեմլի կոշտ քննադատի առողջական վիճակի կապակցությամբ։ Ելիսեյան պալատի ղեկավարն իր հերթին է պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում օգնել հերթական թունավորման հետևանքով ծանր վիճակում գտնվող ընդդիմադիր գործչին: «Մենք պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած օգնություն՝ ինչպես առողջության տեսանկյունից, այնպես էլ՝ քաղաքական ապաստան տրամադրելու», - հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդը:

Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին թունավորվել էր նաև մեկ տարի առաջ՝ Մոսկվայի բանտերից մեկում, որտեղ 30-օրյա կալանք էր կրում: Այն ժամանակ պաշտոնական վարկածը եղնջացանն էր, մինչդեռ քաղաքական գործչի անձնական բժիշկ Անաստասիա Վասիլևայի կարծիքով՝ մեկուսարանում կարող էր «քիմիական նյութ» լինել, որն էլ ալերգիկ դրսևորումների պատճառ է դարձել: Ինքը՝ Նավալնին, պնդում էր, որ երբեք որևէ ալերգիա չի ունեցել:

Մինչ այդ էլ՝ 2017 թվականին ընդդիմադիր գործչի դեմ քիմիական նյութով հարձակում էր իրականացվել, որի հետևանքով Նավալնիի մոտ տեսողության խնդիրներ էին առաջացել, և միայն ամիսներ տևած բուժումից հետո, ընդ որում՝ արտասահմանյան հիվանդանոցներում, հնարավոր եղավ վերականգնել տեսողությունը:

XS
SM
MD
LG