Մատչելիության հղումներ

Թիմակիցները պնդում են՝ Նավալնին թունավորվել է, բժիշկներն առայժմ չեն հաստատում


Ռուսաստան - Բուժաշխատողը և ոստիկանները Օմսկի շտապ օգնության թիվ 1 հիվանդանոցի մոտ, որի վերակենդանացման բաժանմունքում է Ալեքսեյ Նավալնին, 20-ը օգոստոսի, 2020թ.

Օմսկի հիվանդանոցի բժիշկները խոստանում են օրվա ընթացքում ճշգրիտ ասել, թե ինչն է դարձել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառը: Նրանք հաստատում են, որ ընդդիմադիր գործիչը ծանր վիճակում է, միացված է արհեստական շնչառության սարքին:

Սրա հետ մեկտեղ, Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն հայտարարել է, թե ամենևին էլ վստահություն չկա, որ Նավալնու վիճակի կտրուկ վատթարացման պատճառը թունավորումն է: Այդ վարկածը, հիշեցնենք, պնդում են քաղաքական գործչի թիմակիցները:

«Այն, որ Նավալնին արհեստական կոմայի մեջ է, վկայում է, որ վիճակն իսկապես ծանր է», - «Էխո»-ի եթերում պարզաբանել է Ռուսաստանի Անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ֆեդերացիայի նախագահ Կոնստանտին Լեբեդինսկին:

Ավելի վաղ Օմսկի հիվանդանոցի բժիշկները նշում էին, թե Նավալնու վիճակը նման է տոքսիկ թունավորման, իսկ թե ինչից է թունավորվել ընդդիմադիր գործիչը, չէին ասում:

Ալեքսեյ Նավալնու թիմակիցները համոզված են, որ սա թունավորում է: Նրա մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը Թվիթերում գրել էր, որ նա կարող էր թունավորվել միայն Տոմսկի օդանավակայանի սրճարանում, որտեղ թեյ էր խմել: Յարմիշն ասում է նաև, որ առավոտյան Նավալնին միայն թեյ է խմել, ուրիշ ոչինչ ոչ կերել, ոչ էլ խմել է այսօր:

Ընդդիմադիր գործչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր այսօր առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում: Ուղևորներից մեկը տեսագրություն է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են բժիշկներն օդանավում արագ քայլում, և լսվում է Նավալնու ձայնը, ով ցավից պարզապես գոռում է: Ինքնաթիռի անձնակազմը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Օմսկում, ինչից հետո Նավալնուն տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ նա գտնվում է այս պահին, դեռ գիտակցության չի եկել:

Հիվանդանոցում այժմ մեծ քանակությամբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են:

Իսկ ՏԱՍՍ լրատվական գործակալությունն արդեն հայտնել է, որ այս պահին չկան տվյալներ, որոնք թույլ կտան ասել, թե Նավալնուն թունավորել են:

Ի դեպ, սա առաջին անգամը չէ, երբ Նավալնուն թունավորում են:

Տոմսկում Նավալնին անցկացնում էր իր հերթական հետաքննությունը կոռուպցիայի վերաբերյալ: Հետաքննության «հերոսը» Տոմսկի մարզի նահանգապետ Սերգեյ Ժվաչկինն է, ում Նավալնին իր տեսանյութերից մեկում անվանում է «սարսափելի անձնավորություն, խրտվիլակ, որը ղեկավարում է նավթային հարուստ մարզ, որտեղ մարդիկ ապրում են ահավոր աղքատության մեջ»:

Հայտնի գրող Բորիս Ակունինը գրել է. - «Նովո-Օգարյովոյի բնակիչը պետք է այս պահին աղոթի, որպեսզի այն մարդը, ում անունը ինքը միշտ վախենում է տալ, առողջանա: Հակառակ դեպքում վատ է լինելու, ավելի վատ, քան եղել է Աննա Պոլիտկովսկայայի և Բորիս Նեմցովի սպանություններից հետո, շատ ավելի վատ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG