Մատչելիության հղումներ

Աուն․ «Բեյրութի աղետի բոլոր մեղավորները պետք է պատժվեն»


Լիբանանի նախագահ Միշել Աուն, արխիվ

Բեյրութում տեղի ունեցած աղետի բոլոր մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության, չորեքշաբթի երեկոյան կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը։

«Մենք հաստատակամ ենք տեղի ունեցածի հետաքննությունը շուտափույթ կերպով ավարտելու, իրականությունը բացահայտելու հարցում, որպեսզի բոլոր պատասխանատուները արժանի պատժի ենթարկվեն», - հայտարարում էր Լիբանանի նախագահը։

Լիբանանի կառավարությունը որոշում է կայացրել Բեյրութում երկշաբաթյա արտակարգ դրություն հայտարարելու մասին։ Աղետից տուժած թաղամասերում բանակային ստորաբաժանումներ են տեղակայվել, մայրաքաղաք են մուտք գործել նաև Լիբանանում գործող ՄԱԿ-ի ստորաբաժանումները։ Աղետի հետևանքների վերացման ողջ պատասխանատվությունը ստանձնել է Լիբանանի Գերագույն ռազմական խորհուրդը։

«Արտակարգ դրության ռեժիմի հաստատումից անմիջապես հետո Գերագույն ռազմական խորհուրդը դիմել է իրավապահներին՝ 2014-ի հունիսից մինչև 2020 թվականի օգոստոսի 4-ը, պայթյունի պատճառ հանդիսացած 2 հազար 750 տոննա ամոնիումի նիտրատի պահեստավորման, հսկողության և փաստաթղթային ձևակերպումների համար պատասխանատու բոլոր անձանց տնային կալանքի ենթարկելու խնդրանքով։ Գերագույն ռազմական խորհուրդը նաև ստանձնում է աղետից տուժած շրջաններում անվտանգության ապահովման ողջ պատասխանատվությունը։ Բանակային ստորաբաժանումները այսուհետ ենթարկվելու են այդ մարմնին», - չորեքշաբթի երեկոյան Բեյրութում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարում էր Լիբանանի տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը։

XS
SM
MD
LG