Մատչելիության հղումներ

Գեբրեյեսուս․ «Աշխարհում կորոնավիրուսի դեպքերը վերջին վեց շաբաթում կրկնապատկվել են»


ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը, արխիվ

«Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում շարունակում է աճել, իսկ վիրուսի տարածման տեմպը չի նվազում», - պնդում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարները։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնի է կորոնավիրուսի գրեթե 16 միլիոն դեպքերի և համաճարակի հետևանքով մահացած ավելի քան 640 հազար մարդկանց մասին։ Վերջին վեց շաբաթներին կորոնավիրուսի դեպքերը աշխարհում կրկնապատկվել են», - այսօր Ժնևում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀԿ գործադիր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։

Կազմակերպության ղեկավարները հատուկ ընդգծում են, որ համաճարակաբանական մտահոգիչ կացություն ունեցող երկրները կարելի է բաժանել երկու խմբի՝ պետություններ, որտեղ ի սկզբանե վիճակը անվերահսկելի էր և պետություններ, որտեղ սկզբնական շրջանում հնարավոր է եղել կանխել վիրուսի տարածումը, սակայն հետագայում վարակի ներքին փոխանցումը վերսկսվել է։

«Դա այն է, ինչ ըստ էության տեղի է ունեցել շատ երկրներում։ Գիշերային ակումբները, հանրակացարանները, նմանատիպ այլ հաստատությունները վարակի տարածման միջավայր են դառնում՝ հետագայում նպաստելով նաև վարակի տարածմանը բնակչության այլ հատվածներում», - այսօր նշել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ ծրագրերի գծով տնօրեն Մայք Ռայանը։

Իրադարձությունների զարգացման նման սցենարի թերևս ամենացայտուն օրինակը Ավստրալիան է։ Երկրի ամենախիտ բնակեցված նահանգներից մեկի՝ Վիկտորիայի ղեկավարությունն այսօր հայտարարել է, որ վեցշաբաթյա կարանտինը կարող է երկարաձգվել, եթե բնակիչներից շատերը շարունակեն աշխատանքի գնալ՝ անտեսելով առողջական խնդիրները։

«Նման պահվածքի հետևանքով է, որ վերջին մեկ օրում Վիկտորիայում վարակակիրների թվի ռեկորդային աճ է արձանագրվել», - Մելբուրնում կայացած ասուլիսի ժամանակ ասել է նահանգային կառավարության ղեկավար Դենիել Էնդրյուսը։

«Անհերքելի փաստ է, որ կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող շատ մարդիկ շարունակում են աշխատանքի գնալ։ Նույնիսկ դիմակների, հիգիենայի կանոնների պահպանման պարագայում նման պահվածքը վարակի տարածման լուրջ ռիսկեր է ստեղծում։ Նման պահվածքի հետևանքով է, որ վարակակիրների թիվը աճում է։ Նահանգում լոքդաունը չի վերացվի այնքան ժամանակ քանի դեռ ախտանիշ ունեցող մարդիկ թեստավորման գնալու փոխարեն կշարունակեն աշխատանքի գնալ», - հայտարարել է Վիկտորիայի վարչապետը։

Կորոնավիրուսի երկրորդ ալիքը անսպասելիորեն հարվածել է համաճարակի դեմ պայքարում աննախադեպ հաջողություն արձանագրած ևս մեկ պետությանը՝ Վիետնամին։ Մինչ օրս 100 միլիոն բնակիչ ունեցող այս երկրում կորոնավիրուսի ընդամենը 420 դեպք էր արձանագրվել, չկար մահվան և ոչ մի դեպք։ Վերջին երկու օրերին, սակայն, երկրի խոշորագույն ամառանոցային կենտրոնում՝ Դանանգում, վիրուսի ներքին տարածման միանգամից չորս դեպք է արձանագրվել, ինչը ստիպել է Վիետնամի իշխանություններին հայտարարել քաղաքում գտնվող ավելի քան 80 հազար զբոսաշրջիկների շտապ տարհանման մասին։

Հանգստյան օրերին կորոնավիրուսը հասավ նաև աշխարհի ամենափակ պետություն՝ Հյուսիսային Կորեա։ Պաշտոնական Փհենյանը հայտարարեց, որ կորոնավիրուս է կասկածվում երկրի քաղաքացիներից մեկի մոտ, որը նախկինում փախուստի էր դիմել թերակղզու հարավ, օրերս էլ վերադարձել էր հայրենիք։ Հարավային Կորեայի իշխանությունները, չհերքելով հյուսիսկորեացու փախուստը, չեն հաստատում, թե նա վարակված է եղել կորոնավիրուսով։

«Ամեն դեպքում մենք թեստավորել ենք այն երկու անձանց, ում հետ այդ մարդը սերտ շփումներ է ունեցել, երկուսի մոտ էլ կորոնավիրուս չի հայտնաբերվել», - հայտարարել է Հարավային Կորեայի արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

Եվրոպայում իրադրությունը համեմատաբար կայուն է։ Կորոնավիրուսի տարածման հիմնական օջախ են շարունակում մնալ Իսպանիայի հյուսիսային շրջանները։ Իսկ համաճարակի հետևանքով ամենաշատ տուժած երկրներից մեկի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը այս օրերին նույնիսկ կորոնավիրուսային այս ողջ պատմության մեջ փորձում է դրական կողմեր գտնել՝ անձամբ իր համար։

«Ես միշտ ցանկացել եմ նիհարել՝ տարիներ շարունակ։ Կորոնավիրուսով վարակվելուց և ապաքինվելուց հետո ես ավելի լուրջ որոշեցի զբաղվել իմ առողջությամբ, սկսել եմ վազել։ Սկզբում դա բավական դանդաղ էր ստացվում, հետագայում գնալով արագացավ, և այժմ ես շուրջ վեց կիլոգրամով նիհարել եմ։ Դա, ի դեպ, ևս մեկ լավ կողմ ունի՝ երբ առավոտյան վազում ես, հետագայում, ողջ օրվա ընթացքում դրանից ավելի վատ բան տեղի ունենալ այլևս չի կարող», - նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

XS
SM
MD
LG