Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութ հասել է փորձարկումների վերջին փուլին


Երեկ Սպիտակ տանը հրավիրված ասուլիսում նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութ հասել է փորձարկումների վերջին փուլին:

Համավարակին նվիրված այս բրիֆինգները դադարել էին անցած ապրիլին: Երեկ, սակայն, Միացյալ Նահանգների նախագահը վերսկսեց դրանք`վկայելով, որ իրավիճակը լավ չէ և առաջիկայում կարող է է՛լ ավելի վատանալ:

«Մենք հիմա ռազմավարության մշակման փուլում ենք, որը շատ, շատ հզոր է լինելու: Մեր երկրի որոշ շրջաններում վիճակը շատ լավ է, որոշ տեղերում`ոչ այնքան: Իրավիճակը թերևս կվատանա մինչև կարգավորվելը: Ես չէի ուզի նման բան ասել, բայց դա է իրականությունը», - նշել է Թրամփը:

Երեկ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահվան հազար դեպք է գրանցվել, ինչն ամենաբարձր ցուցանիշն է հունիսյան պիկից ի վեր: Ընդհանուր առմամբ, մինչև օրս երկրում համաճարակի զոհ է դարձել 145 հազար մարդ, 4 միլիոնը վարակվել են, ընդ որում, հիվանդացածների կեսը դեռ գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Եվ եթե չորս ամիս առաջ` մարտին, օրական Նահանգներում արձանագրվում էր վարակի մոտ տասը հազար դեպք, ապա այժմ այդ ցուցանիշը վեց անգամ ավելացել է: Արձագանքելով այս իրավիճակին` նախագահ Թրամփը երեկ, առաջին անգամ համաճարակի բռնկումից ի վեր, հրապարակավ հորդորեց ամերիկացիներին դիմակ կրել. - «Ես մոտս եմ պահում. օրինակ, երբ գնացինք հիվանդանոց, դրեցի: Խնդրեմ, հիմա էլ մոտս է, և կօգտագործեմ ուրախությամբ: Խնդիր չունեմ, և էլի եմ ասել այս մասին: Հիմա էլ ձեզ եմ ասում`դիմակ կրեք, եթե միմյանց մոտ եք կանգնած, եթե խմբով եք: Ես, օրինակ, դնում եմ, երբ վերելակում եմ, և ինձնից բացի էլի մարդիկ կա: Ես նաև նրանց եմ ուզում պաշտպանել»:

Թրամփի զգոնության կոչերի ու մտահոգիչ կանխատեսումների ֆոնին բավական լավատեսական էին նրա ակնկալիքները գիտական նորամուծությունների մասով: Ասուլիսից առաջ նա իր թվիթերյան էջում գրել էր, թե ահռելի առաջընթաց է արձանագրվել պատվաստանյութերի ու դեղամիջոցների ոլորտում:

Իսկ լրագողների հետ զրույցում նշեց, որ գործընթացն առաջ է գնում աննախադեպ թափով. – «Պատվաստանյութի երկու թեկնածուներ այս ամիս մտնում են փորձարկումների վերջին փուլը: Մենք այս կետին հասել ենք ռեկորդային արագությամբ: Ժամանակին այս հանգրվանին հասնելու համար տարիներ էին պահանջվում: Պատվաստանյութի չորս այլ տարբերակներ էլ վերջնական փորձարկումների կանցնեն առաջիկա շաբաթների ընթացքում: Մենք ամենաառաջնակարգ թեկնածուների զանգվածային արտադրություն ենք սկսում, որպեսզի հաստատման դեպքում դրանք անմիջապես դառնան հասանելի»:

Այսօրվանից դիմակները պարտադիր են նաև Ավստրալիայի մեծությամբ երկրորդ քաղաքում`Մելբուռնում, ուր իշխանությունները կանգնած են վարակի երկրորդ ալիքի առջև: Այսօր երկրում կորոնավիրուսի ավելի քան հինգ հարյուր դեպք է գրանցվել, ինչն ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի բռնկումից ի վեր: Վարակակիրների մեծ մասը հինգ միլիոն բնակիչ ունեցող Վիկտորիա նահանգում է, որտեղ ամսվա սկզբից վեցշաբաթյա կարանտին է հայտարարված:

Նահանգի ղեկավարը, սակայն, այսօր չբացառեց, որ այդ ժամկետը կարող է երկարաձգվել. - «Ցավով պետք է հայտնեմ, որ հուլիսի 7-21-ն ընկած ժամանակահատվածում վարակվածների շրջանում տասից ինը, կամ`շուրջ 3400 մարդ չի մեկուսացել թեստավորումից հետո: Սա նշանակում է, որ մարդիկ վատ են զգացել, բայց շարունակել են ապրել իրենց սովորական կյանքով` խանութ են գնացել, աշխատանքի` լինելով վարակի տարածման ամենաակտիվ շրջանում»:

Եվրոպայում արդեն սկսել են քրեական հետապնդման ենթարկել նրանց, ովքեր միտումնավոր անտեսում են կարանտինային նորմերը: Չեխիայում Նովի Յիչին շրջանի բնակչիչներից մեկին սպառնում է մինչև ութ տարվա ազատազրկում: Դատավարությունը սկսել է անցած շաբաթ:Ավստրիայում նույնպես այսօր է սկսվել նման գործով առաջին դատը. այստեղ, սակայն, օրենքը մի փոքր ավելի մեղմ է և նախատեսում է մինչև երեք տարվա ազատազրկում:

«Քանի դեռ պատվաստանյութը չի գտնվել, անհրաժեշտ է գոնե նվազագույնի հասցնել վարակակիրների թիվը`առողջապահական համակարգերը չծանրաբեռնելու և նոր խնդիրներ չստեղծելու համար», - փաստում են փորձագետները:

Ղրղըզստանում, օրինակ, շտապօգնության ծառայութունն այլևս չի հասցնում հիվանդանոց տեղափոխել բոլոր կարիքավորներին, ստիպված կամավորներն են օգնում`սեփական միջոցներով ու մեքենաներով:

Նախաձեռնությանը միացել են երկու հարյուր երիտասարդներ, որոնք օրական շուրջ 250 տուն են այցելում: Ասում են`սկզբում թթվածին տվող երեք սարք ունեին, հիմա արդեն քսան` բարեգործների ջանքերով:

Ընդհանուր առմամբ, անցած տարեվերջից ի վեր նոր կորոնավիրուսն աշխարհում ավելի քան 620 հազար մարդու կյանք է խլել, մինչև օրս վարակվել է ավելի քան տասնհինգ միլիոն մարդ: Նրանց կեսից ավելին`ինը միլիոնն ապաքինվել են, մյուսները գտնվում են բժիշկների հսկողության ներքո:

XS
SM
MD
LG