Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ն ընդունեց` COVID-19-ը օդով տարածվում է


Հունաստանում թեստավորում են երկիր ժամանած զբոսաշրջիկին, 6-ը հուլիսի, 2020թ.
Հունաստանում թեստավորում են երկիր ժամանած զբոսաշրջիկին, 6-ը հուլիսի, 2020թ.

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ի վերջո ընդունեց գիտնականների այն պնդումը, որ կորոնավիրուսի մանրագույն մասնիկները կարող են տևական ժամանալ մնալ օդում և փոխանցվել մարդկանց օդով։ Մինչ օրս կառույցը համոզված էր, որ վարակը տարածվում է խոշոր կաթիլների միջոցով, որոնք արտանետվում են հազի կամ փռշտոցի ժամանակ և կարող են մնալ մակերևույթների վրա, հենց դրա վրա էր հիմնված ձեռքերը հաճախակի լվանալու հորդորը։ Վարակի փոխանցման հարցում ԱՀԿ-ի տեսակետի փոփոխությունը նշանակում է, որ բացի ձեռքերը պարբերաբար ախտահանելուց, պետք է ավելանա նաև մարդաշատ ու փակ տարածքներն անընդհատ օդափոխելու, նույնիսկ սոցիալական հեռավորության պայմաններում դիմակներ կրելու հանձնարարականը։

«Չի կարելի բացառել COVID-19 -ի օդային ճանապարհով փոխանցման հնարավորությունը հատկապես շատ կոնկրետ պայմաններում՝ մարդաշատ, փակ, վատ օդափոխվող տարածքներում։ Սակայն ապացույցներն անհրաժեշտ է հավաքել և ուսումնասիրել, և մենք շարունակում ենք այդ գործը», - հայտարարել է ԱՀԿ-ի տեխնիկական հարցերով փորձագետ Բենեդեթա Ալեգրանցին:

Կորոնավիրուսի փոխանցման հարցով առանցքային համարվող տեսակետը ԱՀԿ-ն փոխում է մի ժամանակահատվածում, երբ վարակակիրների թիվն աշխարհում մոտենում է 12 միլիոնի, իսկ մահացածների թիվն անցել է 544 հազարը։ Մինչդեռ գիտնականներն այդ մասին խոսում են ամիսներ ի վեր: Չկարողանալով համոզել միջազգային կառույցին՝ ընդունել իրենց փաստարկները, հարյուրավոր գիտնականներ աշխարհի տարբեր անկյուններից օրեր առաջ հանդես են եկել բաց նամակով, որում շարադրել են իրենց ուսումնասիրությունների արդյունքները՝ փաստելով, որ կորոնավիրուսը փոխանցվում է նաև օդով, ինչը հաշվի առնելու դեպքում հնարավոր կլինի ավելի արդյունավետ պայքարել վարակի տարածման դեմ:

ԱՄՆ-ում վարակակիրների հերթական ռեկորդային բարձր թիվն է գրանցվել

ԱՄՆ - Բուժաշխատող Հյուսթոնի հիվանդանոցներից մեկում, Տեքսաս նահանգ, հունիս, 2020թ.
ԱՄՆ - Բուժաշխատող Հյուսթոնի հիվանդանոցներից մեկում, Տեքսաս նահանգ, հունիս, 2020թ.

Մինչ այդ, վարակը նոր ուժգնությամբ է տարածվում Միացյալ Նահանգներում, որտեղ վարակակիրների հերթական ռեկորդային բարձր թիվն է գրանցվել մեկ օրվա կտրվածքով՝ 60 հազար 209, վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է մոտ հազար մարդ: Այսպիսով, երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հատել է 3 միլիոնի շեմը, կորոնավիրուսի հետևանքով մահացել է շուրջ 134 հազար մարդ:

Դատական հայց Բրազիլիայի նախագահի դեմ՝ «մարդկանց կյանքը վտանգելու և վարակիչ հիվանդությունների տարածման» մեղադրանքով

Վարակակիրների թվով ԱՄՆ-ին հաջորդում է Բրազիլիան, որտեղ համաճարակային կացությունը շարունակում է մտահոգիչ մնալ՝ զոհերի թիվը հասել է 66 հազար 741-ի, երկրում վարակված է ավելի քան 1 միլիոն 668 հազար՝ այդ թվում նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ով տևական ժամանակ ժխտում էր կորոնավիրուսի վտանգավորությունը, հրաժարվում դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահելև հակահամաճարակային սաhմանափակումներ մտցնել երկրում:

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարու, արխիվ
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարու, արխիվ

Բրազիլական մամուլի ասոցացիան պատրաստվում է դատական հայց ներկայացնել նախագահ Բոլսոնարուի դեմ, ով նախօրեին, վարակված լինելով կորոնավիրուսով, հարցազրույց է տվել լրագրողներին: Լրագրողական կառույցը տարածած հայտարարության մեջ շեշտում է՝ պետության ղեկավարը խախտել է մեկուսացման ռեժիմը, չի պահպանել սոցիալական հեռավորությունը և հարցազրույցի ժամանակ մի պահ հանել է դիմակը, նրա դեմ հայց կներկայացվի մարդկանց կյանքը վտանգելու և վարակիչ հիվանդությունների տարածման համար. երկու հոդվածներն էլ նախատեսում են ազատազրկում և խոշոր տուգանք:

Հնդկաստանում վարակակիրների թիվը սրընթաց աճում է մեծ ու փոքր քաղաքներում

Վարակակիրների թվով աշխարհում երրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 482 մարդ, վարակը հաստատվել է ևս 22 հազար 752 հոգու մոտ` վարակակիրների ընդհանուր ցուցանիշը հասցնելով 742 հազար 417-ի, զոհերինը՝ 20 հազար 642-ի: Մայրաքաղաք Դելին շարունակում է մնալ վարակի տարածման ամենաթեժ կետը: Մայիսի վերջից սկսած կորոնավիրուսի վարակակիրների թիվը սրընթաց աճում է նաև երկրի մյուս մեծ ու փոքր քաղաքներում:

Ավստրալական Մելբուռնը վեց շաբաթով կրկին կփակվի

Ավստրալիա - Բուժաշխատողներ և ոստիկաններ Մելբուռնի հանրային վայրերից մեկում, 8-ը հուլիսի, 2020թ.
Ավստրալիա - Բուժաշխատողներ և ոստիկաններ Մելբուռնի հանրային վայրերից մեկում, 8-ը հուլիսի, 2020թ.

Ավստրալիան, որը շաբաթներ առաջ հայտարարում էր կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում էական հաջողությունների մասին, ստիպված է վերստին փակել բնակչության թվով երկրորդ քաղաքը՝ Մելբուռնը, որտեղ հայտարարվել է վեցշաբաթյա կարանտին: Համաճարակային իրավիճակի կտրուկ վատթարացման պատճառով բնակիչներին թույլատրվում է միայն մթերային խանութ գնալ և սպորտով զբաղվել:

Եվրոպական մի շարք երկրներում կրկին կարանտինային միջոցառումներ են ձեռնարկվում

Եվրոպական մի շարք երկրներում ևս բախվել են համաճարակի երկրորդ ալիքի։ Իսպանիայում շուրջ 300 հազար մարդ՝ Կատալոնիայում, Գալիսիայում, կրկին կարանտինում է:

Իտալիայում ևս համաճարակային իրավիճակը թուլանալու հնարավորություն չի տալիս, որոշ շրջաններում, մասնավորապես՝ Հռոմում, հնարավոր է կրկին որոշ սահմանափակումներ մտցվեն, հայտարարել է առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան:

«Պատերազմը շարունակվում է, վարակի դեմ հաղթանակի մասին չենք կարող խոսել, մենք պատրաստ ենք ձեռնարկելու արագ և կոշտ որոշումներ վարակի տարածում թույլ չտալու համար», - ասել է Իտալիայի առողջապահության նախարարը:

Սերբիա - Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառում՝ ցրելու խորհրդարանը գրոհող ցուցարարներին, Բելգրադ, 7-ը հուլիսի, 2020թ.
Սերբիա - Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառում՝ ցրելու խորհրդարանը գրոհող ցուցարարներին, Բելգրադ, 7-ը հուլիսի, 2020թ.

Սերբիայում համաճարակային կացության վատթարացմանը զուգահեռ սրվել է նաև ներքաղաքական իրավիճակը: Մայիսի վերջին պաշտոնական Բելգրադը հայտարարեց կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակի մասին՝ հունիսի 21-ի խորհրդարանական ընտրությունների շեմին ազդարարելով գրեթե բոլոր կարանտինային սահմանափակումների վերացման մասին։ Ընտրություններից անմիջապես հետո, սակայն, վարակիրների և կորոնավիրուսից մահացածների թիվը երկրում կրկին սկսել է աճել, ինչը ստիպել է իշխանություններին վերականգնել սահմանափակումները՝ հարուցելով մարդկանց դժգոհությունը։ Անցած գիշեր մայրաքաղաքում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ բողոքելու երկրում կարանտինային նոր միջոցառումներ սահմանելու կառավարության որոշման դեմ։ Բողոքի ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցներ փորձել են գրոհել խորհրդարանի շենքը՝ բախվելով ոստիկանության կոշտ դիմադրությանը. ուժայինները հատուկ միջոցներ՝ արցունքաբեր գազ և մահակներ կիրառելով ցրել են ցույցը:

Աշխարհը չի հասել համաճարակի գագաթնակետին

Աշխարհը դեռևս չի հասել համաճարակի գագաթնակետին, վարակի տարածումն ահագնանում է, միայն անցած հանգստյան օրերին ԱՀԿ-ն աշխարհով մեկ արձանագրել է 400 հազար նոր դեպք, հայտարարել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը՝ ամփոփելով COVID-19-ի դեմ պայքարի արդյունքները: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, որոշ երկրների այուհանդերձ հաջողվել է խուսափել մահացության բարձր ցուցանիշներից։

XS
SM
MD
LG