Մատչելիության հղումներ

AstraZeneca ընկերությունը խոստումնալից պատվաստանյութ է ստեղծել


AstraZeneca ընկերության կենտրոններից մեկը, Մաքլզֆիլդ, Հյուսիսային Անգլիա, արխիվ:

Աշխարհի առաջատար գիտաբժշկական կենտրոններն ակտիվ աշխատում են նոր կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ:

AstraZeneca, Johnson & Johnson, Merck & Co., Moderna և Pfizer ընկերությունների պաշտոնյաներն այսօր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան Էներգետիկայի և առևտրի հանձնաժողովում պետք է հաշվետվություն ներկայացնեն կատարած աշխատանքի մասին:

Ամերիկան միլիարդավոր դոլարներ է հատկացրել այդ ընկերություններից մի քանիսին՝ նպատակ ունենալով երաշխավորել պահանջված չափով պատվաստանյութ՝ բնակիչներին այս պատուհաս վիրուսից վերջապես ազատելու համար:

Բնականաբար, ամբողջ աշխարհն է անհամբերությամբ սպասում լավ լուրեր համաճարակաբաններից և դեղագործներից:

Պատվաստանյութի խոստումնալից տարբերակներից մեկը ստեղծել է AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերությունը: Գիտական մասն ապահովել է Օքսոֆրդի համալսարանի թիմը:

«Մենք տեսնում ենք, որ իմունային համակարգը պատասխանում է այդ պատվաստանյութին, և դա հենց այն պատասխանն է, որը մենք հուսով էինք ստանալ։ Բայց հիմա անհրաժեշտ են շատ ակտիվ հետազոտություններ, որոնք կհամոզեն, որ վակցինան մարդուն պաշտպանում է վիրուսից», - ասել է թիմի ավագ գիտաշխատող Էնդրյու Փոլարդը:

Գիտնականներն ընդգծում են, որ այս պահին դեռ պատկերացում չունեն, թե ինչ աստիճանի իմունային պատասխան է պետք մարդու օրգանիզմում կորոնավիրուսի դեմ պաշտպանությունն ապահովելու համար, գուցե նվազ արձագանքը լրիվ բավարար կլինի, գուցե ընդհակառակը՝ կպահանջվի ավելի մեծ դեղաչափ տալ մարդուն:

«Այդ է պատճառը, որ մենք չգիտենք, թե ինչքան նյութ է պետք մարդուն պաշտպանելու համար», - ասել է ծրագրի ղեկավար Սարա Գիլբերտը:

Գիտնականները և դեղագործները հուսով են, որ մինչև սեպտեմբեր կհաջողվի արտադրել մոտ մեկ միլիոն դեղաչափ, սակայն ամեն ինչ կախված կլինի վերջնական հետազոտությունների տևողությունից:

«Պատվաստանյութերն են բացառիկ ելքը համավարակից։ Սա շատ կարևոր պահ է, որովհետև ցույց է տալիս, որ մենք կարող ենք ապահովել ուժեղ իմունային պատասխան և հուսալ, որ այն մեզ կպաշտպանի ապագայում», - ասել է Էնդրյու Փոլարդը:

AstraZeneca-ն հայտարարել է, թե մտադիր չէ եկամուտ ապահովել համավարակի ժամանակ:

Փորձարկումների ընթացքում կամավորների մի մասի մոտ ի հայտ են եկել կողմնակի ազդեցության ոչ վտանգավոր նշաններ, որոնք հաղթահարվել են ամենապարզ ու տարածված դեղամիջոցներից մեկի՝ պարացետամոլի միջոցով:

Մարդիկ հուսով են, որ վաղ թե ուշ վակցինայի ծրագիրը կիրականացվի, գուցե մեկի փոխարեն տասնյակ նյութեր կստեղծվեն Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում, այլ տարածաշրջաններում:

Բայց ինչպե՞ս նյութը դարձնել մատչելի մոլորակի գրեթե 7 միլիարդ 800 միլիոն բնակիչների համար: Ինչպե՞ս ապահովել արտադրությունը և այն վաճառելու կամ տրամադրելու արդար մեխանիզմը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ասել է, որ արդար մատակարարման համար, հատկապես եթե խոսքը վակցինա գնելու միջոցներից զուրկ աշխարհի աղքատ հատվածի մասին է, անհրաժեշտ է ամենակարևոր գործոնը՝ քաղաքական հանձնառություն նախևառաջ մոլորակի ներկայիս լիդերների կողմից:

«Միայն քաղաքական հանձնառութունն է վակցինայի արդար բախշման ճանապարհը, բայց այսօր տեսնում ենք մտահոգիչ միտումներ, որոնք վկայում են, որ որոշ երկրներ այլ ճանապարհն են ընտրում: Վակցինայի հարցում չկա կոնսենսուս, այդ դեպքում այն կստանան հարուստները, իսկ միջոցներ չունեցողները կմնան ձեռնունայն», - ահազանգել է ԱՀԿ ղեկավարը:

Նրա փոխանցմամբ, կան նաև լիդերներ, ովքեր, այնուամենայնիվ ընդգծում են վակցինան ամբողջ աշխարհի հանրային առողջությանը ծառայեցնելու կարևորությունը:

XS
SM
MD
LG